Հաղորդակցման 5 հմտություն, որոնք կարևոր են աշխատավայրում
Անձնական շփումներ, հեռախոսազրույցներ կամ թվային ալիքների միջոցով հաղորդակցություն․ այս ամենը մեր աշխատանքային առօրյայի անբաժանելի մասն են։ Այդ պատճառով էլ կարևոր է ի թիվս նեղ մասնագիտական հմտությունների, տիրապետել նաև հաղորդակցման նրբություններին:
Ակտիվ լսելու հմտություն
Ակտիվ լսել նշանակում է լիարժեք կենտրոնանալ զրուցակցի խոսքի վրա։ Այս հմտությունը օգնում է ճիշտ ընկալել ասվածը, հասկանալ տեղեկատվությունը և մտածված արձագանքել։ Ակտիվ լսողը խոսքն ուղեկցում է թե՛ բառային, թե՛ ոչ բառային ազդակներով՝ ժեստեր, հայացք, գլխի թեթև շարժում։ Այս հմտության զարգացումը ցույց է տալիս, որ դուք ներգրավված եք գործընթացում և իսկապես հետաքրքրված եք քննարկվող թեմայով կամ նախագծով։
Թվային հաղորդակցման հմտություններ
Սա կարևոր է հատկապես հեռավար աշխատող թիմերում, երբ ամբողջ հարղորդակցությունն իրականացվում է թվային հարթության վրա։ Թվային հաղորդակցման հմտությունները բաժանվում են երկու հիմնական կատեգորիայի՝ սարքային և ծրագրային։ Սարքային հմտությունները կապված են համակարգիչը կամ այլ սարքեր ֆիզիկապես գործարկելու կարողության հետ։ Ծրագրային հմտությունները վերաբերում են տարբեր ծրագրերի ու հավելվածների ճիշտ կիրառմանը։
Հաղորդակցության ճիշտ ձևի ընտրություն
Հաղորդակցության ձև ընտրելիս կարևոր է հաշվի առնել, թե ում եք դիմում և ինչ տեղեկություն եք ուզում փոխանցել։ Օրինակ՝ հնարավոր գործատուի հետ շփման համար կարող է համապատասխան լինել պաշտոնական ոճով գրված էլեկտրոնային նամակը։ Բարդ տեղեկատվությունը հաճախ ավելի լավ է ներկայացնել անձամբ կամ տեսազանգի միջոցով։
Հետադարձ կապ
Արդյունավետ հաղորդակցվող մարդիկ կարողանում են ընդունել և տալ կառուցողական հետադարձ կապ։ Սա կարևոր է թյուրիմացություններից խուսափելու և նախագծի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Կարծիքների փոխանակումը նպաստում է աշխատանքի որակի բարելավմանն ու մասնագիտական աճին։ Երբ լսում եք ճիշտ ձևակերպված հետադարձ կապ, արժե վերլուծել՝ ինչու էր այն արդյունավետ և ինչպես կարող եք ինքներդ կիրառել նման մոտեցում։
Արձագանքման արագություն
Աշխատավայրում բարձր է գնահատվում էլեկտրոնային նամակներին կամ հաղորդագրություններին արագ արձագանքելը։ Նախ կարևոր է գնահատել, թե որքան ժամանակ է պետք լիարժեք պատասխան պատրաստելու համար։ Եթե հարցը բարդ է և միանգամից պատասխանել չեք կարող, արժե տեղեկացնել, որ ստացել եք հաղորդագրությունը և նշել, թե երբ կարող եք տալ ամբողջական պատասխան։
You may also like