Z սերունդը թելադրում է իր կանոնները․ ինչպե՞ս են նրանք ձևափոխվում աշխատավայրը
Ժամանակակից աշխատավայրը տարիների ընթացքում զարգանում և փոփոխվում է` կապված տարբեր հանգամանքների հետ, որոնք նորագույն տեխնոլոգիաների տարածման արդյունք են։ Սերնդեսերունդ փոփոխվում են աշխատանքի հանդեպ մոտեցումները, արժեքները և պայմանները։ Յուրաքանչյուր սերունդ բերում է աշխատանքային իր ոճը և ունի աշխատավայրի վերաբերյալ սեփական պատկերացումները։ Հասկանալու համար, թե ինչպես է փոփոխվում աշխատավայրը ներկայումս՝ անհրաժեշտ է ըմբռնել ժամանակակից սերնդի վարքագծային հատկանիշները։
Նախաձեռնող, առանց կարծրատիպերի և նպատակասլաց, միևնույն ժամանակ՝ հաճախ անուշադիր և կենդանի շփման մեջ թերացող․ այսպես են բնութագրում տարբեր հետազոտողներ ներկայիս սերնդին, որն առավել հայտնի է Z սերունդ անվանումով։
Այսպիսով, ովքե՞ր ենք նրանք և ինչպիսի՞ փոփոխություններ են պարտադրում աշխատավայրում․ կպարզենք մեր այսօրվա բլոգում։
2000 թվականից հետո ծնվածներին պայմանականորեն անվանում են Z սերունդ։ Որպես հոմանիշ՝ հաճախ կհանդիպեք նաև Հարյուրամյակների սերունդ կամ Թվային սերունդ տերմիններին։ Այս սերնդի ներկայացուցիչները ծնվել և մեծացել մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները և սարքերը մուտք գործեցին մեր կյանք և արմատապես փոխեցին մարդկանց գործունեության բոլոր բնագավառները։ Z սերնդի ներկայացուցիչներն ունեն վարքագծային բազում առանձնահատկություններ, օրինակ, մինչ դեմ առ դեմ շփումը կարող է անհարմարություն պատճառել նրանցից շատերին, թվային հարթակներում հաղորդակցությունը ավելի նախընտրելի տարբերակ է նոր սերնդի համար։
Ինչպե՞ս է Z սերունդը ձևափոխվում աշխատավայրը
Բացի համագործակցային և թիմային մտածելակերպից Z սերունդն այժմ աշխատավայրում ավելի շատ և խորը փոփոխություններ բերելու ճանապարհին է: Թվային այս սերունդը չի պատկերացում մեկ այլ աշխարհի գոյություն, որտեղ չկան համակարգիչներ և սմարթֆոններ։ Այս երիտասարդները բնականոն են համարում մշտական հասանելիությունը տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ ինչպես գրասենյակում, այնպես էլ դրանից դուրս:
Անդրադառնանք աշխատանքի և աշխատավայրի նկատմամբ նոր սերնդի վերաբերմունքի և վարքագծի առանձնահատկություններին, որոնք շատ հաճախ հանգեցնում են աշխատանքային գործընթացների վերանայման և փոփոխությունների։
Նրանք գերադասում են ավելի ճկուն աշխատանքային ժամեր և վայրեր
Z սերնդին այնքան էլ չի ոգևորում ֆիքսված աշխատանքային ժամերի միտքը, փոխարենը նրանք փնտրում են ավելի ճկուն միջավայր: Ավանդական ութժամյա աշխատանքային գրաֆիկը, ինչպես նաև գրասենյակում ֆիզիկապես գտնվելու պարտադիր պայմանը նրանց համար կամաց-կամաց վերածվում են անցյալի։
Այս սերունդը, որը մեծացել է տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելով, ավելի ճկուն աշխատանքի հնարավորություն է փնտրում․ նրանք ակնկալում են, որ կկարողանան աշխատել երբ և որտեղից ցանկանան։ Z սերունդը կարևորում է արդյունքներին միտված աշխատանքը և համոզված է, որ ակնկալվող արդյունքների ապահովումը որևէ աղերս չունի այն հանգամանքի հետ, թե որտեղ է կատարվում աշխատանքը՝ տանը թե գրասենյակում, և քանի ժամ է պահանջվել աշխատակցից` տարբեր առաջադրանքներ կատարելու համար։
Նրանք կարևորում են աշխատանքի պայմանները
Z սերունդը համեմատաբար ավելի հեշտությամբ է հրաժարվում այնպիսի աշխատավայրից, որտեղ առաջարկվող պայմանները գոհացուցիչ չեն։ Տարբեր հետազոտությունների տվյալներ վկայում են, որ հաճախ երիտասարդները ստորադասում են վարձատրության չափը՝ նախապատվություն տալով ոչ թե բարձր վարձատրող, այլ աշխատանքային ճկունություն և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռող գործատուին։
Հաշվի առնելով այս միտումները՝ ներկայումս բազմաթիվ գործատուներ կենտրոնանում են աշխատակիցների մասնագիտական աճի հստակ ուղիներ, ճկուն ժամեր, հեռավար կամ հիբրիդային աշխատանքային ձևաչափեր առաջարկելու վրա։ Կազմակերպությունները նաև առաջարկում են բոնուսներ և այնպիսի առավելություններ, ինչպիսիք են անվճար լանչերը, ուսման վարձի փոխհատուցումը, առողջության ապահովագրումը և այլն։
Նրանք կարևորում են աշխատանք - անձնական կյանք հավասարակշռությունը
Սմարթֆոններն իսկապես երիտասարդների աշխատանքային առօրյայի անբաժանելի մասն են, սակայն դա չի նշանակում, որ նրանք հասանելի են օրվա բոլոր 24 ժամերին և պատրաստ են արձագանքել գործնական նամակագրությանն աշխատանքային ժամերից հետո:
Ներկայումս առցանց հարթակներում, մասնավորապես սոցիալական ցանցերում, ակտիվորեն ծավալվում են քննարկումներ՝ կապված աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության և մասնագիտական այրումից խուսափելու հետ։ Երիտասարդ աշխատակիցները կիսվում են իրենց փորձով և խորհուրդներով՝ աջակցելով միմյանց աշխատանքի և անձնական կյանքի միջև սահմաններ դնելու հարցում։
Պատահական չէ, որ Z սերունդը նախապատվությունը տալիս է այն ընկերություններին, որոնք իրենց հերթին կարևորում են աշխատակիցների բարեկեցությունը և աջակցում նրանց` աշխատանք - անձնական կյանք հավասարակշռության պահպանման գործում։
Նրանք հետաքրքրված են թվային հմտությունների զարգացման հեռանկարով
Ինչպես նշեցինք, Z սերունդը փնտրում է այնպիսի գործատուների, որոնք նոր հմտություններ սովորելու հնարավորություններ կընձեռեն և կաջակցեն իրենց աշխատակիցների մասնագիտական աճին։ Ի տարբերություն նախորդ սերնդի՝ Z սերունդը ոգևորությամբ է տրամադրված աշխատանքի տեխնիկական կողմը յուրացնելու և կիրառելու նկատմամբ: Դրանով է պայմանավորված հանգամանքը, որ նրանցից շատերը նախընտրում են աշխատել սկսնակ և նորարար կազմակերպություններում։
Գիտության և կրթության ոլորտում ևս այս սերունդն ունի իր նախասիրությունները։ Ենթադրվում է, որ ժամանակակից սերունդն ավելի հավանական է, որ համակարգչային գիտությունների ոլորտում կոչում ստանա, քան ցանկացած նախորդ սերունդ: Այս հետաքրքրությունը պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ դեռևս փոքր տարիքից նրանք ծանոթացել են համակարգչային տեխնոլոգիաներին, կիրառել մասնավորապես սոցիալական մեդիան:
Նրանք բարձրացնում են հեռավար աշխատանքի պահանջարկը
Չնայած ներկայումս կատարվող գրասենյակային տարածքի փոփոխություններին, մասնավորապես` անցմանը բաց գրասենյակային տարածքների և համագործակցային աշխատանքային միջավայրերի, Z սերունդը կարևորում է հեռավար աշխատանքի հնարավորությունը։ Նրանցից շատերը ցանկանում են գոնե որոշակի ժամանակահատվածով անցնել հեռավար աշխատանքի։
Ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ փորձում են հարմարվել այս նոր իրականությանն՝ իրենց աշխատակիցներին տալով հեռավար տարբերակով աշխատելու հնարավորություն։ Այս դեպքում կարևոր է հեռավար աշխատանքի հստակ քաղաքականություն և մեխանիզմներ մշակելը, քանի որ շատ հաճախ կազմակերպությունները հայտնում են, որ պատրաստ են իրականացնել ճկուն աշխատանքային քաղաքականություն, սակայն, միևնույն ժամանակ, պարզ չէ, թե որքանով են նրանք պատրաստ աջակցել հեռավար տարբերակով աշխատող գործընկերներին։
Հաղորդակցության կազմակերպումից մինչև առցանց գործիքների կիրառման միջոցով թիմի աշխատանքը համակարգելը. հեռավար աշխատանքի կազմակերպումը կարող է մարտահրավերներ ներառել, որոնց հաղթահարումը պահանջում է հետևողական ջանքեր։ Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին կարդացեք մեր բլոգներից մեկում։
Նրանք ունեն սեփական պատկերացումներն առաջնորդության մասին
Նոր սերունդը չի հանդուրժում հիերարխիկ կառավարման բնույթով և միկրոմենեջմենթով աչքի ընկնող առաջնորդներին։ Նրանք կարևորում են աշխատավայրում առաջնորդների կողմից համագործակցության միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը։ Նրանք նախընտրում են, այսպես կոչված, ժողովրդավարական առաջնորդությունը, որը կենտրոնացած է որոշումներ կայացնելուց առաջ կոնսենսուսի հասնելու մոտեցման վրա:
Այս սերնդի հետ աշխատելու պայմաններում փոփոխվում են նաև ավանդական մենեջմենթի մասին պատկերացումները․ մենեջերները ստանձնում են խորհրդատուի կամ մարզչի դեր՝ աշխատակիցներին տրամադրելով գործնական արձագանքներ և խորհուրդներ: Ղեկավարների կողմից թիմում բոլորին հավասարի պես վերաբերվելը կարևոր է նոր սերնդի համար:
Նրանք առանձնանում են արդարության մասին իրենց ընկալումներով
Զարգացած տեխնոլոգիաներն այժմ ավելի, քան երբևէ հնարավորություն են տալիս ուսումնասիրել, թե ինչպիսին են աշխատավայրերն աշխարհի տարբեր երկրներում։ Արդյունքում, աշխատակիցները կազմում են իրենց սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչն է ճիշտ և արդար, ինչպես նաև հստակ գիտեն, թե ինչ են ակնկալում գործատուներից: Հավելենք նաև, որ նրանք ավելի բաց են ներառական աշխատավայրի հեռանկարի համար։
Z սերունդն ունի նաև սեփական պատկերացումներն արդար վարձատրության մասին։ Ինչպես նշեցինք, թեև երբեմն նրանք հակված են բարձր վարձատրությունը երկրորդ պլան մղել՝ գերադասելով մասնագիտական աճի և հմտությունների կատարելագործման հնարավորությունները, սակայն մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ այս սերնդի ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կատարած աշխատանքի դիմաց արդար վարձատրություն։
Աշխատավայրում Z սերնդի վարքագծի առանձնահատկությունները շարունակվում են ուսումնասիրվել, լույս են տեսնում նորանոր հետազոտությունների և հարցումների արդյունքներ։ Նոր սերնդի նախապատվություններն աշխատավայրում արդեն իսկ ստիպում են գործատուներին փոփոխություններ կատարել իրենց աշխատանքային գործընթացներում՝ տաղանդներին բաց չթողնելու համար։ Աշխատակիցներին տրամադրվող առավելությունների փաթեթների վերանայումն ու հավելումը և հեռավար աշխատանքի հնարավորության ընձեռումն արտահայտում են գործատուների արձագանքը նոր սերնդի պահանջներին։ Z սերնդի վարքագիծը հասկանալը կարևոր է ներկա կամ ապագա աշխատակիցներին ճանաչելու համար․ չէ՞ որ ցանկացած բիզնեսի հաջողության հիմքում անհատների աշխատանքի արդյունքն է։
You may like