Պրոֆեսիոնալ մենեջերի 10 հատկանիշ․ ինչո՞վ են տարբերվում լավագույն մասնագետները
Յուրաքանչյուր մասնագետի կյանքում որոշիչ դեր ունի մենեջերը։ Շատերը հեռանում են այս կամ այն աշխատանքից վատ մենեջմենթի պատճառով, սակայն, մյուս կողմից, բազմաթիվ մասնագետներ մենեջերների շնորհիվ ստեղծած աշխատանքային մթնոլորտի և հարաբերությունների շնորհիվ է, որ երկար տարիներ շարունակում են աշխատել միևնույն կազմակերպությունում։
Մեր այսօրվա բլոգում կքննարկենք մենեջերի ամենակարևոր 10 հմտությունները, կանդրադառնանք հարցին, թե ինչպես դրանք օգտագործելով խրախուսել աշխատակիցների ներգրավվածությունը, արդյունավետությունը և դրական աշխատանքային միջավայրի ձևավորումը:
1․ Միջանձնային հաղորդակցության հմտություններ
Մենեջերի՝ արդյունավետ հաղորդակցվելու հմտությունը կարող է միավորել և մոտիվացնել թիմին: Անկախ նրանից, թե հաղորդակցությունը պաշտոնական բնույթ է կրում, թե ոչ պաշտոնական, գրավոր ձևաչափով է իրականացվում, թե բանավոր, շփվեք այնպես, որ ձեր թիմն իրեն հարմարավետ զգա հաղորդակցության մեջ։ Լավ մենեջերները գիտեն երբ և ինչպես հարմարեցնել սեփական հաղորդակցման ոճը իրավիճակին կամ անձին: Որքան արդյունավետ եք հաղորդակցության մեջ, այնքան ավելի հավանական է, որ ձեր թիմը կհասնի հաջողության։
2. Լսելու ունակություն
Լավ մենեջերը հարգում և գնահատում է իր թիմի պատկերացումներն ու գաղափարները՝ ուշադրությամբ լսելով յուրաքանչյուրի կարծիքը: Թիմակիցներին լսելը նաև օգնում է ձեզ ավելի լավ հասկանալ կարևորագույն տեղեկատվությունը և կարող է կապեր և վստահություն ստեղծել, ինչը կարևոր է հատկապես, երբ առաջանում են խնդիրներ։
3. Էմոցիոնալ ինտելեկտ
Լավ մենեջերի էմոցիոնալ կամ հուզական ինտելեկտը ներառում է արդարության և ապրումակցման դրսևորումը, ինչպես նաև սեփական հույզերը ճանաչելու, օբյեկտիվ լինելու, զսպվածություն և հասկացողություն դրսևորելու կարողությունը: Ապրումակցող առաջնորդը աջակցություն է ցուցաբերում և կարող է միջոցներ ձեռնարկել՝ օգնելու դժվարություններ ունեցող աշխատակցին, ինչպես օրինակ, գերհոգնած աշխատակցին առաջարկում է ճկուն ժամանակացույցի ներդրման հնարավորություն։
4. Ռազմավարական մտածողություն
Ռազմավարական մտածողությունը ապագան պլանավորելու, գաղափարներ մշակելու և հաջողության հասնելու ռազմավարություններ իրականացնելու կարողությունն է: Լավ մենեջերները հաշվի են առնում հավանական սցենարները, պլանավորում են գործողությունները և գտնում են ռիսկերը մեղմելու կամ դրանցից խուսափելու ուղիներ:
5. Ժամանակի կառավարում
Մենեջերը պետք է իմանա, թե երբ և ինչպես է հարկավոր նախագծերին առաջնահերթություն տալ և առաջադրանքներն ավարտելու համար իրատեսական ժամկետներ սահմանել։ Մենեջերի դերը բազմակողմանի է, և ժամանակի կառավարման հմտությունների կատարելագործումը կարող է ձեզ ավելի լավ առաջնորդ դարձնել:
6. Խնդիրների լուծում
Լավ մենեջերը ժամանակին նկատում և լուծում է խնդիրները՝ աշխատանքային խնդիրներից մինչև գործընկերների միջև վեճեր։ Խնդիրը լուծելու լավագույն միջոցը գտնելու կարողությունը կարող է օգնել ձեզ առանձնանալ որպես լավ մենեջեր և վստահություն հաղորդել ձեր թիմին:
7. Աշխատանքի պատվիրակում
Սա թիմակիցներին առաջադրանքներ հանձնարարելու և այդ առաջադրանքները կատարելու լիազորություն տալու հմտությունն է, որը ենթադրում է առաջադրանքների հանձնարարումը կոնկրետ անձանց, ինչպես նաև վերահանձնարարումը։ Այս հմտությունն օգնում է խթանել հաշվետվողականությունը և պատասխանատվությունը թիմում:
8. Թիմային աշխատանք
Մենեջերը և՛ թիմի ղեկավարն է, և՛ թիմի անդամը։ Թիմային աշխատանքը խթանում է արդյունավետությունը, ստեղծագործական մտածողությունը և փոխըմբռնումը: Լավ մենեջերներն աջակցում և խրախուսում են համագործակցությունը իրենց թիմում և ընդհանուր առմամբ ընկերության ներսում:
9. Մոտիվացիա
Լավ մենեջերները կարող են հզորացնել և ոգեշնչել իրենց թիմին՝ նրանց մոտիվացնելով: Մոտիվատորները կարող են տարբեր լինել՝ խրախուսական և բոնուսային ծրագրերից մինչև պարզապես շնորհակալություն հայտնելը։ Ընկերության մշակույթը և ներքին հանգամանքները ազդում են աշխատակիցների համար լավագույն մոտիվատորների ընտրության վրա:
10. Որոշումների կայացում
Մենեջերները հաճախ ստիպված են լինում կայացնել բազմաթիվ որոշումներ, որոնց մի մասն ավելի կարևոր են, քան մյուսները: Արդյունավետ որոշումներ կայացնելը պահանջում է կշռադատված դիտարկում՝ առանց ոչ կարևոր մանրամասները հաշվի առնելու։
Հիշեք՝ մենեջերն անում է ավելին, քան պարզապես առաջադրանքների կատարումը վերահսկելը։ Նա արդյունավետորեն ղեկավարում է թիմերը՝ զարգացնելով հմտություններ, որոնք հզորացնում են ուրիշներին:
You may like