Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս ապահովել արդյունավետ հետադարձ կապ աշխատակիցների հետ

4/16/2024 | 2970 views

Թիմի անդամների կարծիքը կարող է օգնել բիզնեսին բարելավել գործընթացները և բարձրացնել դրական մթնոլորտն աշխատավայրում։ Իմանալով, թե ինչպես պահպանել հետադարձ կապ աշխատակիցների հետ և ճիշտ հետևություններ անելով արդյունքներից՝ կարող եք երկարաժամկետ դրական փոփոխություններ իրականացնել:

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք, թե ինչու է կարևոր աշխատակիցների արձագանքը, կանդրադառնանք աշխատակիցների հետ հետադարձ կապի միջոցով կարծիքների հավաքագրման մեթոդներին և արդյունքների կիրառման տարբերակներին։

 

 

Ինչո՞ւ է կարևոր աշխատակիցների հետ հետադարձ կապի ապահովումը

Կանոնավոր կերպով աշխատակիցների արձագանքները ֆիքսելը կարող է օգնել ղեկավարությանը բարելավել աշխատանքային միջավայրը և թիմակիցների արդյունավետությունը: Իսկ դա թույլ է տալիս․

 

ապահովել բաց հաղորդակցություն։ Աշխատակիցներից պարբերաբար հետադարձ կապ ստանալը ժամանակի ընթացքում վերածվում է աշխատանքային մշակույթի:

 

Բարելավել մենեջերների առաջնորդության հմտությունները։ Աշխատակիցների անաչառ կարծիքը կարող է օգնել մենեջերներին մասնագիտորեն աճել՝ բարելավելով առաջնորդության հմտությունները:

 

Ժամանակին բացահայտել և լուծել խնդիրները։ Գործընկերների մշտական արձագանքներից կարելի է բացահայտել բացասական տրամադրությունները և պատկերացում կազմել հնարավոր կոնֆլիկտային վիճակների ի հայտ գալու մասին:

 

Ընկերությունում պահել լավագույն աշխատակիցներին։ Այն աշխատակիցները, ովքեր գնահատված են զգում, ավելի քիչ հավանական է, որ հեռանան: Համոզվելով, որ իրենց կարծիքները և առաջարկները կազմակերպությունը հաշվի է առնում՝ նրանք պատրաստ կլինեն ավելի երկար ճանապարհ անցնել ընկերության հետ։

 

 

Ինչպես ստանալ հետադարձ կապ աշխատակիցներից

 

Գտեք ձեզ համար ամենաարդյունավետ մեթոդը

Աշխատակիցներից հետադարձ կապ ստանալու առաջին քայլը տեղեկատվության հավաքագրման մեթոդ ընտրելն է: Հետադարձ կապ ստանալու մի քանի տարբերակ կա։

 

Հարցաշարեր։ Դուք կարող եք յուրաքանչյուր աշխատակցին ուղղել միևնույն հարցերը, օրինակ՝ կատարողականի վերանայում անելիս:

 

Անանուն հարցումներ։ Պարբերաբար անցկացվող անանուն հարցումները կարող են օգնել ձեզ ստանալ անկեղծ կարծիքներ:

 

Թիմային հանդիպումներ։ Նման հանդիպումների և քննարկումների ընթացքում կարող են հնչել հետաքրքիր առաջարկներ, որոնք կբարելավեն աշխատանքային գործընթացները։ 

 

Որոշեք հաճախականությունը

Որոշեք, թե ինչ հաճախականությամբ եք ցանկանում արձագանքներ ստանալ աշխատակիցներից: Հարցման տևողությունը և հաճախականությունը կարող են տարբեր լինել՝ կախված ընկերությունից, սակայն հաշվի առեք նաև այն հանգամանքը, թե  աշխատակիցները, պայմանավորված իրենց զբաղվածությամբ, ինչ երկարությամբ և ինչպիսի հաճախականությամբ անցկացվող հարցումների կարող են մասնակցել։

 

 

Տարին մեկ անգամ հարցում իրականացնելը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել գործնական արձագանքներ հավաքելու տեսանկյունից, քանի որ աշխատակիցները կարող են մոռանալ այն խնդիրների մասին, որոնց բախվել են տարվա սկզբին: Ընկերության կամ կառավարման գործընթացի մասին ամեն ամիս մի քանի հարց տալը կարող է աշխատակիցներին ցույց տալ, որ դուք ցանկանում եք օգտագործել նրանց կարծիքները դրական փոփոխություններ կատարելու համար:

 

Նախապատրաստեք հարցերը

Յուրաքանչյուր աշխատակցին տվեք նույն հարցերը, որպեսզի կարողանաք գնահատել ստացված արդյունքները։ Օրինակ, եթե աշխատակիցներին տաք տարբեր հարցեր, կարող եք արժեքավոր արձագանքներ ստանալ, բայց դժվար կլինի որոշել, թե քանի մարդ է բախվում միևնույն խնդիրներին։ Փոխարենը, դուք կարող եք յուրաքանչյուր աշխատակցին տալ նույն հարցերը և կատարել չափումներ, օրինակ՝ «Աշխատակիցների 30%-ը գոհ է նոր համակարգից»:

 

 

Պատասխանեք արձագանքներին

Օրինակ, եթե անցկացրել եք հարցում, որի նպատակը աշխատողների բավարարվածության աստիճանը հասկանալն է, ապա հարցման արդյունքներն ամփոփելուց հետո կարող եք արձագանքել նրանց կարծիքներին՝ հայտնելով, որ վերանայում եք հիմնական մոտեցումները կամ մտածում եք փոփոխություններ մտցնել մի շարք գործընթացներում։ Այն, թե ինչպես են մենեջերներն արձագանքում աշխատակիցներից ստացված կարծիքներին, ցույց է տալիս, թե որքանով է ընկերության համար կարևոր աշխատակիցների կարծիքը։ Կազմակերպության մենեջմենթը կարող է աշխատակիցների առաջարկները դիտարկել որպես աճի և կատարելագործման ուղիների նախանշման հնարավորություն: Օրինակ, եթե աշխատակիցների մեծամասնությունը նշել է, որ վերջին ամսվա կոնկրետ գործընթացը կարող էր ավելի լավ ընթանալ, ապա դա հիմք է դառնում մենեջմենթի և աշխատակիցների միջև գործընթացները բարելավելու ուղիների վերաբերյալ քննարկումների և համագործակցության խթանման ուղղությամբ գործուն քայլեր նախաձեռնելու համար։

 

You may like