Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Մենք պետք է շարունակենք աշխատել

11/4/2020 | 2618 views

Երբ փորձում ենք կենտրոնանալ աշխատանքի վրա, միշտ առաջանում են շեղող հանգամանքներ, որոնք ավելի հետաքրքիր են թվում՝ ֆեյսբուքյան նամակագրություն, գործընկերոջ կատակ, ևս մեկ բաժակ սուրճ։ Այս շարքն անվերջանալի է և ծանոթ բոլորիս։

Հիմա մեզնից յուրաքանչյուրը երանի է տալիս այն ժամանակներին, երբ շեղում էր ընկերուհու նամակը, ոչ թե ռազմական նորությունները։ Ամսից ավել է՝ մենք ապրում ենք պատերազմում, և ամեն հաջորդ րոպեն լի է անսպասելիությամբ ու անհանգստությամբ։

Բնականաբար, այսպիսի ծանր իրավիճակում կենտրոնանալ և աշխատել գրեթե անհնար է։ Մեր գործընկերներից շատերն առաջնագծում են, մի մասը հարազատ ունի այնտեղ, մյուսները կցված են կամավորական աշխատանքին։ Հոգեբանական լարվածության պայմաններում աշխատանքն սկսում է անկարևոր թվալ․ ի՞նչ աշխատանք, երբ սահմանին երիտասարդ տղաներ են զոհվում։

Մենք հարգում ենք բոլորի զգացմունքները, ապրումակցում ենք յուրաքանչյուր հայի, բայց մենք բոլորս պարզապես պարտավոր ենք շարունակել աշխատել, քանի որ դա տնտեսական կայուն փոխհարաբերություններ պահպանելու միակ տարբերակն է։ Չաշխատելով ու դադարեցնելով տնտեսական գործունեությունը՝ մենք լրջորեն վնասում ենք մեր զինվորներին։

Այժմ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մոտեցումների շնորհիվ է հնարավոր բարձրացնել կենտրոնացվածությունը և տրամադրվել աշխատելուն։ Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որոնք օգնել են մեզ և մեր գործընկերներին այս հարցում։

  • Անելիքների ցանկ

Որպես առաջին քայլ՝ կազմե՛ք աշխատանքային to do list՝ անելիքների ցանկ։ Այն պետք է կազմել ինչպես աշխատանքային օրվա համար, այնպես էլ ժամանակային ավելի մեծ կտրվածքի, օրինակ՝ շաբաթվա կամ ամսվա։ Այս քայլն անում ենք աշխատանքային օրվա սկզբին, ինչը թույլ կտա միանգամից տրամադրվել և կենտրոնանալ։ Գործերի ցանկի առկայությունը նվազեցնում է շեղվելու հավանականությունը և օգնում պահպանել կենտրոնացվածությունը։

  • Մեկ գործ

Շատ կարևոր է հրաժարվել միաժամանկ մի քանի գործ անելու վատ սովորությունից, քանի որ հաճախ գործերից ոչ մեկն էլ լավ չի ստացվում։ Անել մեկ գործ, մեկ առաջադրանք, ավարտել և հետո նոր միայն անցնել հաջորդին՝ ահա աշխատանքը ճիշտ հունով տանելու գաղտնիքը։ Նշենք, որ աշխատելն ու միաժամանակ նորություններին հետևելը ևս սխալ մարտավարություն է։

  • Նորությունների սահմանափակում

Որքան մեծ է սթրեսը, այնքան ավելի մեծ է խուճապը։ Շատ կարևոր է պայքարել դրա դեմ և զգոն լինել։ Զտե՛ք նորությունների աղբյուրները, հեռացրե՛ք բոլոր այն էջերն ու օգտատերերին, ովքեր չեն պահպանում տեղեկատվական հիգիենան, շփոթ են առաջացնում և խուճապ տարածում։ Հետևե՛ք միայն պաշտոնական աղբյուրներին, պահպանե՛ք մեդիագրագիտության կանոնները և սահմանափակե՛ք այն ժամանակը, որը տրամադրում եք նորություններին։ Ամենաօպտիմալ տարբերակը՝ ստուգել նորություններն առավոտյան, ընդմիջման ժամին և երեկոյան։ Այսպես տեղյակ կլինեք ամեն ինչից, բայց չեք շեղվի աշխատանքային գործընթացներից և, ընդհանուր առմամբ, ավելի հանգիստ կլինեք։

  • Խառը մտքեր

Այս դժվար իրադրությունում մենք մտովի սցենարներ ենք ստեղծում ու խաղարկում դրանք, փորձում ենք աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, որոշակի կանխատեսումներ ունենալ։ Հենց այս մտքերն են, որ խառնում են մեզ և խանգարում կենտրոնանալ։ Որքան էլ դժվար լինի, պետք է փորձել խարսխել մտքերը և չթողնել, որ դրանք կառավարեն մեզ։ Խառը մտքերը խանգարում են ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև առօրյայում՝ ղեկին, շփումներում, անգամ ուտելիս։

Այս խորհուրդներն օգնում են վերադառնալ աշխատանքային միջավայր, որքան էլ որ դժվար իրադրության մեջ ենք։ Պետք է զգոն լինել և հավաքվել՝ մի կողմ թողնելով բոլոր խանգարող զգացողությունները և լծվել տնտեսության կայունացման և պետության ամրացման գործին, քանի որ մեզնից յուրաքանչյուրից է կախված հաղթանակը, և մենք պետք է ոչինչ չխնայենք դրան հասնելու հարցում։

Իսկ մենք, անկասկած, հաղթելո՛ւ ենք։

You may like