Job.am-ը կազմակերպեց Հայաստանում առաջին կանաչ էքսպո-կոնֆերանսը
Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման հեռանկարների քննարկմանն էր նվիրված SEE Expo & Dialogue-ը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Job.am-ի հիմնադիր Լևոն Նալբանդյանը, ով ընդգծեց տնտեսական զարգացման ապահովման գործում բնապահպանական ռիսկերը հաշվի առնելու և շրջակա միջավայրի պահպանման գործում հետևողական լինելու նշանակությունը։ Նա կարևորեց այս հարցում բոլոր հետաքրքրված կողմերի՝ թե՛ պետական և թե՛ բիզնես սեկտորի ակտիվ մասնակցությունը՝ որպես արդյունավետ փոփոխությունների իրականացման նախադրյալ։
Տարիներ շարունակ փորձելով աշխատանք փնտրողներին և գործատուներին ավելի ու ավելի արդյունավետ ու կատարելագործվող հարթակ տրամադրել՝ Job.am-ն այժմ աջակցում է նաև կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Այսօր արդեն կայքը ներկայացնում է նորույթ՝ կանաչ աշխատատեղերի ֆիլտր, որի միջոցով աշխատանք փնտրողները, ովքեր ցանկանում են դիտարկել իրենց կարիերան զարգացող կանաչ տնտեսության ոլորտում, կարող են համապատասխան աշխատատեղերը դիտել կայքում միայն մեկ քլիքով։
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, մասնավոր սեկտորի և միջազգային համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տեխնոլոգիաների և այլ ոլորտների մի քանի տասնյակ ընկերություններ ներկաների հետ կիսվեցին իրենց մոտ առկա աշխատանքային հնարավորություններով, որոնցով հետաքրքրված մասնակիցները հնարավորություն ունեցան դիմել տարբեր հաստիքների համար։
Միջոցառումը կարևոր էր իրազեկության բարձրացման առումով, քանի որ շատերը տեղյակ չեն կանաչ տնտեսության ընձեռած հնարավորությունների մասին։ Միջոցառման խոսնակների թվում էր նաև ոլորտում բազմամյա փորձ ունեցող էկոլոգիական տնտեսագետ Ստանիսլավ Շմելյովը։ Վերջինս ներկայացրեց էկոլոգիական տնտեսության առանձնահատկությունները և զարգացման միտումները և անդրադարձավ էկոլոգիական բաղադրիչի անտեսման բացասական հետևանքներին։ Վիճակագրական տվյալների միջոցով բանախոսը թույլ տվեց ներկաներին պատկերացում կազմել էկոլոգիական խնդիրների մասշտաբների մասին, որոնք հաճախ անտեսվում են։
Անդրադառնալով մեր երկրում կանաչ տնտեսության խթանման արդյունքում բացվող հեռանկարներին՝ Հայաստանում Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետը խոսեց կանաչ աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ անցումը կանաչ տնտեսությանը կարող է ստեղծել 30․000 նոր աշխատատեղ վերականգնվող էներգիայի ոլորտում և 10․000 աշխատատեղ՝ գյուղական վայրերում։
SEE Expo & Dialogue էքսպո-կոնֆերանսը տեղի ունեցավ Job.am-ի, RECONOMY-ի, Helvetas Swiss Intercooperation-ի, MAROG Branding-ի և ԵՏԲԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ։ Էքսպո-կոնֆերանսը ևս մեկ արդյունավետ քայլ էր՝ կատարված մեր երկրում նորարարական մոտեցումների միջոցով կայուն տնտեսական զարգացման խթանման ուղղությամբ։
Ձեզ կհետաքրքրեն