Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս կազմել աշխատանքի հայտարարություն․ ի՞նչ պետք է հաշվի առնեն գործատուները

3/1/2024 | 5300 views

Ոչ բոլոր կազմակերպություններն ունեն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, հատկապես՝ փոքր աշխատակազմ ունեցողները։ Սակայն իրենց գործունեության այս կամ այն փուլում բոլոր կազմակերպություններն էլ նոր աշխատակիցների հետ երկարաժամկետ կամ կարճաժամկետ համագործակցելու կարիք են ունենում։ Մեր այսօրվա բլոգը կօգնի ձեզ կազմել աշխատանքի այնպիսի հայտարարություն, որի միջոցով կկարողանաք գրավել լավագույն մասնագետների ուշադրությունը։

 

Ի՞նչ է ներառում աշխատանքի հայտարարությունը

Ընդհանուր առմամբ, աշխատանքի հայտարարությունն ամփոփում է հիմնական պարտականությունները, որակավորումների և հաստիքի համար անհրաժեշտ հմտությունների պահանջները: Այն պետք է նաև ներառի ընկերության մասին այնպիսի կարևոր տեղեկատվություն, ինչպիսիք են առաքելությունը, մշակույթը և ցանկացած առավելություն, որը այն տալիս է աշխատակիցներին: Աշխատավարձի թեկուզ մոտավոր չափը նշելը ևս էական գործոն է, որը, սակայն, հաճախ անտեսվում է:

 

Արդյունավետ աշխատանքի հայտարարությունը բավարար մանրամասներ կհաղորդի թեկնածուներին, որպեսզի վերջիններս կարողանան հասկանալ, թե արդյոք համապատասխանում են այդ պաշտոնին, թե ոչ։

 

 

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի անվանումը գրեք կոնկրետ և հնարավորինս հակիրճ։ Թիրախային անվանումներն ավելի արդյունավետ են, քան ընդհանրականները։ Կարող եք անվանումների մեջ օգտագործել նաև փորձառության մակարդակները, օրինակ՝ կրտսեր, ավագ և այլն։ 

 

Աշխատանքի նկարագրություն

Ներկայացրեք ամփոփ տեղեկատվություն ձեր ընկերության և առաջարկվող թափուր հաստիքի մասին։ Հայտնեք ընկերության վերաբերյալ այնպիսի փաստեր, որոնց շնորհիվ ընթերցողի համար պարզ կլինի, թե ինչն է դարձնում ձեզ եզակի: Պատկերացրեք՝ ձեր հայտարարությամբ նպատակ ունեք խթանել ընկերության իմիջը։ Անդրադառնալով ընկերության հիմնական գործունեությանը և մշակույթին՝ նշեք այնպիսի առավելություններ, որոնք կհամոզեն թեկնածուներին, որպեսզի նրանք ցանկանան աշխատել ձեզ մոտ: 

 

Այս բաժնում ներառեք աշխատանքի վայրը, մանրամասներ աշխատանքային ժամերի, աշխատանքի տևողության (երկարաժամկետ կամ կարճաժամկետ), ձևաչափի (գրասենյակում կամ հեռավար) դրույքի (ամբողջ կամ մասնակի) մասին: 

 

Պարտականություններ 

Նշեք աշխատանքային հիմնական պարտականությունները: Կազմեք պարտականությունների մանրամասն ցանկ, սակայն մի մոռացեք, որ այն պետք է հակիրճ լինի։ Ներառեք նաև այն պարտականությունները, որոնք կարող են եզակի լինել և ոչ միշտ են բնորոշ տվյալ հաստիքին: Օրինակ, եթե դուք ցանկանում եք աշխատանքի ընդունել միջոցառումների կազմակերպչի, որը, նաև նախատեսում եք, որ կունենա սոցիալական մեդիայում էջերի վարման որոշակի փորձ՝ միջոցառումների վերաբերյալ իրազեկում իրականացնելու նպատակով, նշեք այդ մասին։ 

 

Գրեք նաև, թե ինչպիսի ամենօրյա գործառույթներ է աշխատակիցը իրականացնելու: Այսպիսի մանրամասները կօգնեն թեկնածուին որոշել, թե արդյոք աշխատանքը և տվյալ ընկերությունը համապատասխանում են իրեն, թե ոչ։ Ընդգծեք, թե ում է հաշվետու անձը և ինչպես է նա գործելու ձեր կազմակերպությունում՝ օգնելով թեկնածուին տեսնել ավելի մեծ պատկերը և հասկանալ իր հնարավոր տեղը կազմակերպության ներսում:

 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Ներառեք բոլոր անհրաժեշտ հմտությունները՝ տարբեր ծրագրերի իմացությունից մինչև փափուկ հմտություններ, օրինակ՝ հաղորդակցություն և խնդիրներ լուծելու կարողություն, ինչպես նաև անհատականության գծերը, որոնք դուք պատկերացնում եք, որ պետք է ունենա տվյալ հաստիքում աշխատողը։ Նշեք կրթությունը, պահանջվող աշխատանքային փորձը, սերտիֆիկացումները և այդ պաշտոնի համար անհրաժեշտ տեխնիկական հմտությունները: 

 

Որքան էլ մեծ լինի ձեր պատկերացրած բոլոր հմտություններով օժտված իդեալական աշխատակցի գտնելու ցանկությունը, այնուամենայնիվ մի գայթակղվեք երկար ցանկ կազմելով։ Գրեք հակիրճ ցուցակ: Չափազանց մեծ որակավորումների ու հմտությունների պահանջը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի թեկնածուները հրաժարվեն դիմելու մտքից։

 

Աշխատավարձ և արտոնություններ

Ներառեք աշխատավարձի չափը՝ նշելով թեկուզ մոտավոր շրջանակ: Որակյալ թեկնածուները փնտրում են հնարավորություններ, որոնք համապատասխանում են իրենց աշխատավարձի ակնկալիքներին: Շատ ընկերություններ չեն նշում աշխատավարձի չափը, մինչդեռ թեկնածուները ցանկանում են գոնե մոտավոր պատկերացում ունենալ վարձատրության մասին։ Տարբերվեք մեծամասնությունից՝ նշելով աշխատավարձի չափը, որպեսզի օգնեք դիմորդներին կողմնորոշվել։

 

Մի մոռացեք թվարկել նաև այն արտոնությունները, որոնք հատկացնում եք ձեր աշխատակիցներին՝ բոնուսներից մինչև առողջության ապահովագրություն։

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Այս բաժնում կարող եք անդրադառնալ հաստիքի համար դիմելու ընթացակարգին։ Օրինակ, կարող եք նշել, թե արդյոք կա է պորտֆոլիո կցելու կարիք կամ տեղեկացնեք, թե ինչպիսի ժամկետներում եք իրականացնելու հավաքագրումը և որ դեպքում կապ կհաստատեք թեկնածուների հետ։

 

Այսպիսով, ինչպես տեսանք, աշխատանքի արդյունավետ և գրավիչ հայտարարություններ կազմելու գործում կարևոր է թե՛ աշխատանքի և թե՛ կազմակերպության մասին բավարար մանրամասներ տրամադրելը, որպեսզի թեկնածուները մի կողմից հասկանան աշխատանքի բնույթը և ծավալը, մյուս կողմից էլ պատկերացում կազմեն ձեր ընկերության մասին։

 

You may like