Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Արհեստական բանականությունը` ՄՌԿ մասնագետների լավագույն օգնական

8/5/2023 | 3679 views

Արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաներն արագ մուտք գործեցին տարբեր ոլորտներ։ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ևս սկսեցին բացահայտել և օգտագործել նորագույն տեխնոլոգիաների ներուժը։ ՄՌԿ մասնագետներին դրանք օգնում են ժամանակ խնայել տարբեր գործընթացներում և կենտրոնանալ ավելի կարևոր նշանակության հարցերի վրա։ 

 

Ինտեգրելով արհեստական բանականությամբ հզորացված գործիքներ իրենց աշխատանքում՝ կարճ ժամանակ անց բազմաթիվ ՄՌԿ մասնագետներ կանխատեսեցին իրենց աշխատանքում նորանոր արմատական փոփոխություններ։ Աշխատանքային մեթոդների վերանայումը և նորագույն մոտեցումների ընձեռած հնարավորություններն օգտագործելը թույլ կտա ոչ միայն ժամանակին համընթաց կիրառել մասնագիտական նորույթներն, այլև արդյունավետորեն օգտագործել ձեր աշխատանքային ժամանակը։

 

Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում արհեստական բանականությունը ՄՌԿ մասնագետներին և ինչպե՞ս կարող են վերջիններս օգտագործել դրանք՝ իրենց ամենօրյա աշխատանքում։ Տեխնոլոգիական նորագույն զարգացումների ընձեռած հնարավորություններին կծանոթանանք ստորև։

 

 

Հավաքագրում

Արհեստական բանականությամբ (AI - Artificial Intelligence) հզորացված ծրագրերն օգնում են ընկերություններին թափուր հաստիքի համար գտնել լավագույն թեկնածուներին։ Ինչպե՞ս է դա արվում։ Արհեստական բանականությունը վերլուծում է ռեզյումեները, համեմատում դրանք աշխատանքի նկարագրության և պահանջների հետ, որի արդյունքում ներկայացնում է, թե յուրաքանչյուր թեկնածուի հմտությունները և փորձը որքանով են համապատասխանում տվյալ աշխատանքին։ 

 

Նմանատիպ գործիքները կարող են օգնել նաև աշխատակիցներ որոնելիս։ Դրանք կիրառում են առցանց ռեսուրսներում առկա տեղեկատվությունը` այդ թվում LinkedIn-ը՝ համապատասխան թեկնածուներ որոնելիս։ Արդյունքում կազմվում է թեկնածուների ցանկը, որոնց համակարգը կարող է նաև էլեկտրոնային նամակ ուղարկել՝ իրազեկելով աշխատատեղի մասին։

 

Նորագույն տեխնոլոգիաներն ինտեգրվել են նաև Job.am-ի աշխատանքներում։ Խոսքը մասնավորապես կայքի AI օգնականի մասին է, որը ոչ միայն արագ և արդյունավետ կերպով գնահատում է թեկնածուների համապատասխանության աստիճանը աշխատանքին, այլև ապահովում է անկողմնակալ գնահատումը։ Job.am-ի AI օգնականի աշխատանքին և գործատուներին ընձեռած հնարավորություններին մանրամասնորեն ծանոթացեք մեր այս բլոգում։

 

Արհեստական բանականության հնարավորությունները տարբեր ոլորտներում դեռևս բացահայտման փուլում են։ Փորձարկումները կարող են օգնել գտնել, թե կոնկրետ որ հարցերում կարող է ձեզ օգնել, օրինակ, հայտնի ChatGPT չատբոտը։ Վերջինս կարող է ձեզ օգնել ստեղծել այս կամ այն պաշտոնի համար լավագույն թեկնածուի նկարագիրը, որի հետ հաջորդիվ կհամեմատեք թեկնածուներին, ովքեր կդիմեն հաստիքը զբաղեցնելու համար։ Փորձեք ինքներդ. չատբոտին տրամադրեք հաստիքի մասին տեղեկատվություն, ինչպես նաև հիմնական տեղեկատվություն ընկերության, և իհարկե, այն մասին, թե ինչպիսի մասնագետների հետ է նոր աշխատակիցն աշխատելու։ Մտածեք, թե ինչպիսի լրացուցիչ տեղեկատվությունը կարող է օգնել չատբոտին, որպեսզի այն հնարավորինս լավ կարողանա ձևակերպել ձեզ համար լավագույն թեկնածուի նկարագիրը։

 

 

Կատարողականի գնահատումներ

Թիմի կատարողականի վերանայման և գնահատման գործում ևս AI տեխնոլոգիաները կարող են օգնել։ Առկա համակարգերը թույլ են տալիս ամբողջ տարվա ընթացքում կուտակված տեղեկատվությունը վերլուծել արագ և ճշգրիտ կերպով։ Վերլուծություններ իրականացնելիս դրանք հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ավարտված առաջադրանքները, ծրագրում ներգրավվածությունը և գործընկերների հետադարձ կապը:

 

Արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաները կօգնեն նաև ՄՌԿ մասնագետներին բացահայտել յուրաքանչյուր աշխատակցի ուժեղ կողմերը, բարելավման կարիք ունեցող ոլորտները և գնահատել որոշակի ժամանակի ընթացքում գրանցված առաջընթացը: Այսպիսով, կատարողականի վերանայման գործընթացը դառնում է ավելի օբյեկտիվ, անաչառ և տվյալների վրա հիմնված։

 

Աշխատակիցների օնբորդինգ

Նոր աշխատակիցներ թիմում ընդգրկելը ենթադրում է բազմաթիվ գործընթացների իրականացում՝ համապատասխան թղթաբանությունից մինչև աշխատակազմում ինտեգրմանն ուղղված աշխատանքներ: Արհեստական բանականությամբ հզորացված համակարգերն այսօր հնարավորություն են տալիս առցանց հարթակ տեղափոխել օնբորդինգի հետ կապված փաստաթղթերը, նույն հարթակում իրականացնել աշխատակիցների ծանոթացումը կազմակերպության գործունեությանը և քաղաքականությանը, ինչպես նաև իրականացնել նախնական վերապատրաստման դասընթացներ: 

 

Նոր աշխատակիցներն ունենում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանելը և պարզաբանումներ տալը ՄՌԿ մասնագետներից կարող է երկար ժամանակ պահանջել, մինչդեռ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն աշխատակիցները կարող են ստանալ ինքնուրույն։ Այս հարցում է, որ արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաները կրկին առաջարկում են դյուրին և նպատակահարմար լուծումներ։ 

 

AI համակարգերը հնարավորություն են տալիս ներդնել չատբոտեր, որոնց գործառույթներից մեկը սկսնակ աշխատակիցների կողմից հաճախ տրվող հարցերին պատասխանելն է։ Աշխատակիցները կարող են հարցեր տալ չատբոտին արձակուրդի քաղաքականության, բոնուսների, առավելությունների և աշխատանքին առնչվող այլ թեմաների վերաբերյալ: Սա մի կողմից թույլ է տալիս ՄՌԿ մասնագետներին խնայել ժամանակը և կենտրոնանալ ռազմավարական խնդիրների վրա, մյուս կողմից, նոր աշխատակիցներն ավելի վստահ են մուտք գործում աշխատավայր՝ ունենալով 24/7 ռեժիմով աշխատող օգնական, որի հետ շատ արագ կգտնեն իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

 

Միևնույն ժամանակ, AI տեխնոլոգիաները կարող են օգնել աշխատակցի՝ աշխատանքից հեռանալու հետ կապված գործընթացների իրականացման գործում։ AI գործիքը կարող է կառավարել աշխատանքից հեռանալու, աշխատակցի կողմից փաստաթղթերի և տեղեկատվության փոխանցման և այլ գործընթացներ։ 

 

 

Հետադարձ կապ աշխատակիցների հետ

Պարբերաբար հարցումներ անցկացնելու պրակտիկան օգնում է ՄՌԿ մասնագետներին պարզել աշխատակիցների տրամադրությունները, բացահայտել, թե ինչն է նրանց գոհացնում աշխատանքում և ինչ դժգոհություններ կամ մտահոգություններ ունեն նրանք։ Հետադարձ կապի իրականացումը և դրանով աշխատակիցներին սեփական կարծիքը և մոտեցումներն արտահայտելու հնարավորություն տալը կարևոր է հատկապես, երբ խոսքը գնում է բացասական տրամադրությունների մասին։ Վերջիններիս հնարավորինս վաղ բացահայտումը և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը թույլ կտա խուսափել հնարավոր կոնֆլիկտային, երբեմն նաև ճգնաժամային իրավիճակներից։

 

Այս գործում AI տեխնոլոգիաների կիրառումը կօգնի իրականացնել օբյեկտիվ գնահատում՝ վերլուծելով և տրամադրելով հստակ տվյալներ հարցումների արդյունքներից։ Ավտոմատացնելով անանուն հարցումների իրականացման գործընթացը՝ ՄՌԿ մասնագետները ոչ միայն տնտեսում են ժամանակ՝ պարբերաբար հարցումներ անցկացնելու և ստացված արդյունքները վերլուծելու գործընթացում, այլև կարող են արագ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով ստացված տվյալների վրա։

 

Աշխատակիցների զարգացում և վերապատրաստում

AI տեխնոլոգիաները կարող են նաև անհատականացնել ուսումն ու հմտությունների զարգացումը յուրաքանչյուր աշխատակցի համար: Ժամանակակից աշխատաշուկայում գնալով մեծանում է աշխատակիցների մասնագիտական աճի նշանակությունը։ Տարբեր ոլորտի բազմաթիվ մասնագետներ իրենց աշխատանքում կարևորում են ոչ միայն աշխատավարձը և ֆինանսական առավելությունները, այլև մեծ նշանակություն են տալիս շարունակական կրթությանը ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։

 

Այլևս երևակայության արդյունք չեն այնպիսի AI հարթակները, որոնք վերլուծում են աշխատակիցների հմտությունները և մասնագիտական աճի հնարավորություններն՝ առաջարկելով համապատասխան վերապատրաստման դասընթացներ, վեբինարներ կամ սեմինարներ, որոնց կարիքն աշխատակիցներն ունեն։ 

 

 

Աշխատուժի պլանավորում

Մշտապես ունենալ աշխատակազմ, որի հմտությունները բավարար են առանց խոչընդոտների և սահուն ընթացքով ընկերության գործունեությունն ապահովելու համար։ Սա թերևս յուրաքանչյուր կազմակերպության հիմնական ռազմավարական նպատակներից մեկն է։

 

Պատկերացրեք՝ ՄՌԿ բաժնում մասնագետներից մեկն աշխատում է այս ուղղությամբ։ Նա մասնավորապես ուսումնասիրում է կատարողականները, վերլուծություններ իրականացնում, գտնում բացթողումները և փնտրում հնարավորություններ իր թիմում՝ հաջորդ տարվա համար աշխատանքի ընդունման ծրագիրը մշակելու նպատակով։ Համաձայնեք՝ խոսքը ծավալուն և ժամանակատար աշխատանքի մասին է։

 

Աշխատակիցների հմտություններն անընդհատ փոփոխվող և զարգացող աշխատաշուկայում վերանայման գործում ՄՌԿ մասնագետները կարող են զգալի ժամանակ և ջանքեր խնայել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ։ Ժամանակակից AI գործիքները կարողանում են աշխատակազմի հմտությունների և ընթացիկ միտումների վերաբերյալ վերլուծություններ իրականացնել և հավաքագրված տվյալների հիման վրա օպտիմալացնել աշխատանքի ընդունման ապագա ընթացակարգերը, որոնք հարմարեցված են բացահայտված բացերի և յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքների շուրջ: 

 

Վերլուծելով այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ներկայիս աշխատուժի հմտությունները, ոլորտի զարգացման միտումները և ընկերության աճի հետ կապված բիզնես նպատակները՝ AI գործիքը կարող է կանխատեսել, թե որ պաշտոններում աշխատակիցների կարիք կունենա ընկերությունը հաջորդ տարի: Սա թույլ է տալիս կայացնել  ռազմավարական նշանակության որոշումներ՝ նախապես պլանավորման միջոցով ապահովելով, որ ընկերությունը միշտ ունի համապատասխան մասնագետը: 

 

Հավաքագրում, կատարողականի վերանայումներ, աշխատակիցների ներգրավում․ ինչպես տեսանք՝ բազմաթիվ են այն գործառույթները, որոնցում արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաները կարող են օգնել ՄՌԿ մասնագետներին։ Կարևոր է, սակայն, չմոռանալ, որ տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել մարդկանց։ Արդյունավետ և նպատակային աշխատանքի ապահովումը հնարավոր է միայն տեխնոլոգիական հնարավորությունների և սեփական փորձի և հմտությունների համադրությամբ։

 

You may like