Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Job.am-ի AI օգնականը՝ նոր հնարավորություն գործատուների համար

5/22/2023 | 748 views

Աշխատանքի առաջարկ, որին շատերը սպասում էին, և ահա ձեր կազմակերպությունը հրապարակում է թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարությունը։ Դժվար չէ ենթադրել, որ կստանաք բազմաթիվ ռեզյումեներ՝ ամենատարբեր հմտություններ ունեցող անձանցից։ Դիտարկել յուրաքանչյուր ռեզյումեն, հասկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում աշխատանքի պահանջներին, բազմաթիվ դիմորդների շարքից առանձնացնել նրանց, ում մասնագիտական փորձը և հմտությունները բավարարում են հաստիքի պահանջներին, միաժամանակ ուշադրություն դարձնել, որպեսզի ինչ-ինչ վրիպումների կամ սխալների պատճառով իսկապես տաղանդավոր թեկնածուները չանտեսվեն։ Համաձայնեք՝ սպասվում է երկարատև և մանրակրկիտ գործընթաց։

 

Ժամանակակից զարգացած թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ռեզյումեների հետ աշխատելու նման մոտեցումն այլևս արդիական և արդյունավետ չէ։ Այժմ կան տեխնոլոգիական մոտեցումներ, որոնք ռեզյումեների դիտարկումը դարձնում են արագ և նպատակային։ Այդպիսի գործիքներից է Job.am-ի արհեստական բանականությամբ հզորացված օգնականը։ 

 

Պարզեցնելով ռեզյումեների վերանայման գործընթացը՝ այն ոչ միայն օգնում է ժամանակ խնայել, այլև հավաքագրումը կազմակերպել հնարավորինս արդյունավետ՝ օգնելով ըստ տվյալ հաստիքի համապատասխանության գնահատել բազմաթիվ թեկնածուների դիմումները։ 

 

Ինչպե՞ս է դա հաջողվում արհեստական բանականությամբ հզորացված համակարգին, ի՞նչ առավելություններ է տալիս նման գործիքի կիրառումը և ինչպե՞ս օգտվել Job.am-ի AI օգնականից։ Այս հարցերի պատասխանները՝ մեր այսօրվա բլոգում։

 

Խնայելով գործատուի ժամանակը

Ամենակարևոր առավելություններից մեկը, որը տալիս է AI օգնականը, ռեզյումեի վերանայման փուլն արագ իրականացնելն է՝ խնայելով հավաքագրման մասնագետների ժամանակը և հնարավորություն տալով այն օգտագործել այլ՝ ավելի կարևոր փուլերի համար։

 

Հիմք ընդունելով աշխատանքի նկարագրությունը և հիմնական պահանջները՝ Job.am-ի AI օգնականը վերլուծում է տեղեկատվությունը և նշում յուրաքանչյուր թեկնածուի համապատասխանության աստիճանը տվյալ թափուր հաստիքի համար։  Համակարգը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե քանի տոկոսով է տվյալ ռեզյումեն համապատասխանում հաստիքի պահանջներին։ Ոչ միայն տոկոսները, այլև դրանց գունավորումը վիզուալ կերպով հստակորեն ցույց են տալիս, թե ովքեր են թափուր հաստիքի համար լավագույն թեկնածուները․ կարմիր գույնը կհուշի տվյալ աշխատանքի համար թեկնածուի պակասող փորձի և հմտությունների մասին, իսկ դեղինը և կանաչը ազդանշաներ են, թե որ ռեզյումեներում փնտրեք ձեր ապագա թիմակցին։

 

Այսպիսով, այլևս հարկավոր չէ ծախսել ժամեր, գրասեղանը լցնել բազմաթիվ ռեզյումեներով կամ ներբեռնել և թերթել էլեկտրոնային ռեզյումեները։ AI օգնականի շնորհիվ ավտոմատացնելով ռեզյումեների նախնական դիտարկման գործընթացը՝ պատկերացում կկազմեք ձեզ դիմած թեկնածուների համապատասխանության ընդհանուր մակարդակի մասին՝ միայն մեկ հայացք գցելով ներկայացրած արդյունքներին։

 

 

Ավելին, քան ժամանակի խնայումը

Ռեզյումեների վերանայման գործընթացն արագացնելը  AI օգնականի թեև կարևոր, սակայն միակ առավելությունը չէ։ 

 

Հավաքագրման գործընթացը կարող է երկարատև լինել։ Հաճախ բազմաթիվ թեկնածուներից մեկ կամ մի քանի մասնագետի ընտրելը և նրանց աշխատանքի առաջարկ ներկայացնելը կարող է ձգձգվել՝ պայմանավորված տարբեր պատճառներով։ Մինչ դուք լրացուցիչ ժամանակ եք տրամադրում հավաքագրման գործընթացին, հաստիքի համար դիմած թեկնածուները սպասում են ձեր պատասխանին՝ դրական թե բացասական, կարևոր է ժամանակին իրազեկել նրանց։ 

 

Այս հարցում ևս AI օգնականը կարող է օգտակար լինել։ Արագ գնահատելով ռեզյումեները և հստակեցնելով, այն թեկնածուների ցանկը, ում որակավորումները և փորձը չեն համապատասխանում հաստիքի պահանջներին, կարող եք առանց ժամանակ կորցնելու նրանց իրազեկել մերժման մասին, իսկ մյուս թեկնածուներին ծանուցել, որ հայտերը դեռ դիտարկման փուլում են։

 

Աշխատակիցների ընտրությունը կազմակերպությունների համար ամենաբարդ և պատասխանատու գործընթացներից մեկն է։ Որոշակի գործընթացների ավտոմատացման շնորհիվ խնայելով ձեր ժամանակը և ջանքերը՝ կարող եք դրանք օգտագործել հավաքագրման ավելի կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող փուլերի վրա կենտրոնանալու նպատակով։

 

Գնահատում՝ առանց կողմնակալության

Հավաքագրման գործընթացում առկա բազմաթիվ մարտահրավերներից մեկը կողմնակալությունը է, որը կարող է ազդել ճիշտ որոշումների կայացման վրա: Կողմնակալության գիտակցված և ենթագիտակցական դրսևորումները կարող են հանգեցնել ոչ արդյունավետ որոշումների կայացման, ինչի արդյունքում կարող եք բաց թողնել լավագույն մասնագետներին թիմում ընդգրկելու հնարավորությունը։

 

Կողմնակալության գործոնի նվազեցման գործում ևս AI օգնականները կարող են օգտակար լինել մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար։ Հիմնվելով թեկնածուների կողմից տրամադրված տեղեկատվության վրա՝ AI օգնականներն օբյեկտիվորեն գնահատում են թեկնածուների որակավորումները, հմտությունները և փորձը։ Տվյալների վրա հիմնված և սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բացառող գնահատման այս գործընթացը վերացնում է կողմնակալության ռիսկը, ինչից խուսափելը գրեթե անհնար է մասնագետների կողմից ռեզյումեների վերանայման գործընթացում: 


 

AI օգնականի դերը՝ հավաքագրման ռազմավարությունների բարելավման գործում

 

AI օգնականի գնահատականները ոչ միայն առանձին ռեզյումեների դիտարկման համատեքստում են կարևոր, այլև՝ ընդհանուր պատկեր ստանալու առումով։ Օգտագործելով AI օգնականի գնահատումները՝ պատկերացում կկազմեք, թե ընդհանուր առմամբ ինչպիսի փորձ և հմտություններ ունեցող մարդիկ են հետաքրքրված ձեր առաջարկած հաստիքներով և ձեր կազմակերպությունում աշխատելու հեռանկարով։ Գուցե կան որոշակի հմտություններ, որոնք կարևոր են, սակայն պակասում են ձեզ դիմող թեկնածուների մեծ մասի մոտ։ Նման տեղեկատվությունը կօգնի ձեզ բարելավել հավաքագրման գործընթացը և հաջորդ անգամ ավելի նպատակային և թիրախային կերպով կազմակերպել տաղանդների որոնումը։