Get our free app. It won't take up space on your device
Բիզնես և մարքեթինգ

Ինչպե՞ս առաջնորդել փոփոխությունների և անորոշության ժամանակաշրջանում

6/7/2023 | 2906 views

 

Փոփոխություններն ու անորոշությունը ժամանակակից բիզնեսում անխուսափելի են: Նման պայմաններում առաջնորդ լինելը պահանջում է յուրահատուկ հմտություններ և մտածելակերպ: Այսօրվա արագ տեմպերով զարգացող միջավայրում ընկերությունների առաջնորդների դերը վճռական է մարտահրավերների դիմակայման և հաջողության հասնելու գործում։ 

 

Արդյունավետ հաղորդակցությունից մինչև թիմերի հզորացում․ առաջնորդներից պահանջվող հմտությունների ցանկը կարելի է երկար շարունակել։ Մենք կանդրադառնանք այն հմտություններին և հատկանիշներին, որոնց առկայությունն առանցքային նշանակություն ունի ժամանակակից իրականության պայմաններում արդյունավետ առաջնորդություն ստանձնելու համար։

 

Ինչո՞ւ է կարևոր լավ առաջնորդ լինելը, ինչպիսի՞ հատկանիշներ են բնորոշ վերջինիս և ինչպե՞ս հմտորեն առաջնորդել թիմերին։ Հարցերի պատասխանները՝ մեր բլոգում։

 

Ինչո՞ւ է կարևոր լավ առաջնորդ լինելը

Աննախադեպ զարգացումներն ընկերություններում հանգեցնում են տարբեր փոփոխությունների՝ այդ թվում չնախատեսված։ Որոշումների կայացման գործընթացն ընկերության ղեկավարներից հաճախ պահանջում է արագ և կտրուկ քայլերի գնալ՝ շուկայի զարգացումներից ետ չմնալու և բիզնեսի արդյունավետությունը պահպանելու նպատակով։ Նման պայմաններում մեծանում է նաև անորոշությունը և կայացվող որոշումների արդյունքները կանխատեսելու և գնահատելու կարողության դերը։ Հմուտ առաջնորդներին հաջողվում է ոչ միայն պահպանել դրական միտումները փոփոխվող իրականության մեջ, այլև արդյունավետորեն զարգացնել և նոր բարձունքների հասցնել բիզնեսները նաև այդպիսի պայմաններում։


 

Առաջնորդներին բնորոշ հատկանիշներ

Նրանք հստակ են շփման մեջ: Թիմի կառավարումը սկսվում է լավ հաղորդակցությունից: Անկախ նրանից՝ խոսքը գրավոր թե բանավոր հաղորդակցության մասին է, թիմակցին տեղեկատվությունը փոխանցվում էլեկտրոնային նամակով թե դեմ առ դեմ շփման ընթացքում, լավ առաջնորդները հստակ են ձևակերպում իրենց ասելիքը։ Սա վերաբերում է նաև աշխատակիցների գործունեության արդյունավետության, կատարողականի, ինչպես նաև աշխատանքում բարելավման կարիք ունեցող ոլորտների մասին աշխատակիցների հետ բաց քննարկմանը։

 

Լավ առաջնորդները հստակ են ձևակերպում ակնկալիքները, չեն խուսափում խնդիրների մասին խոսելուց և լուծումներ փնտրելուց։

 

Առաջնորդներն ապահովում են թափանցիկություն և բացահայտորեն կիսվում են անհրաժեշտ տեղեկատվությամբ գործընկերների հետ: Նրանք արժևորում են ընկերությունում տիրող իրավիճակի, ինչպես նաև բարդ որոշումների կայացման և մարտահրավերների մասին աշխատակիցների հետ անկեղծորեն խոսելը։ 

 

Նրանք բաց են փոփոխությունների և կարծիքների համար։ Նրանք հետաքրքրված են նոր գաղափարներով և ընդունում են դրանք։ Փոփոխություններին դիմակայելու փոխարեն լավ առաջնորդները ճկուն են և հարմարվող: Նրանք ողջունում են այլոց կարծիքները և չեն ընդդիմանում տարակարծությանը, այլ ընդհակառակը, դեմ չեն ծանոթանալ միևնույն խնդրին տարբեր մոտեցումներ ցուցաբերելու վերաբերյալ առաջարկներին։

 


 

Նրանք հաջողում են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ռազմավարական հարցերում։ Լավ առաջնորդն ուշադրության կենտրոնում է պահում ներկայումս իրականացվող գործընթացները, որոնք ազդում են ընկերության ապագայի վրա: Նրանք նախաձեռնող են նոր ծրագրեր կիրառելու, հնարավորինս արդյունավետ տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու կամ ընկերության բիզնես մոդելը հարմարեցնելու հարցերում:

 

Նրանք հմուտ են համագործակցության կառուցման գործում: Արդյունավետ կապեր ստեղծելու կարողությունը լավ առաջնորդի հիմնական հատկություններից մեկն է: Ուժեղ մենեջերներն անընդհատ կամուրջներ են կառուցում ուրիշների հետ: Լավ առաջնորդը գիտի փոխշահավետ հարաբերությունների արժեքը և ակտիվորեն փնտրում է դրանք:

 

Նրանք երբեք չեն դադարում սովորել։ Լավ առաջնորդը միշտ ցանկանում է ավելին իմանալ: Նրանք իրենց կրթությունը դնում են առաջին տեղում՝ լինի դա ֆորմալ կամ ոչ ֆորմալ ուսուցման միջոցով։

 

Նրանք խթանում են աշխատակիցների աճը։ Իր օրինակով առաջնորդն աշխատակիցներին ցույց է տալիս մարտահրավերները որպես աճելու միջոց ընդունելու առավելությունները։ Նրանք կարևորում են աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանը խթանող ծրագրերը և ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ աշխատակիցները համոզված են, որ կազմակերպության ղեկավարներն աջակցում են իրենց մասնագիտական աճին։

 

Նրանք համախմբում են աշխատակիցներին՝ ընկերության նպատակների շուրջ։ Առաջնորդը ներկայացնում է աշխատակիցներին յուրաքանչյուրի կատարած աշխատանքի դերը կազմակերպության մեծ նպատակներին հասնելու ընդհանուր գործում։ Լավ առաջնորդը ժամանակի վատնում չի համարում ընկերության արժեքների և աշխատակիցներից ակնկալվող արդյունքների մասին պարբերաբար քննարկումներ անցկացնելը։

 

Նրանք վստահություն են սերմանում աշխատակիցների մեջ։ Առաջնորդները կարևորում են աշխատակիցների խրախուսումը, գիտեն ղեկավարության կողմից գործընկերներին կատարված քրտնաջան աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու արժեքը։ 

 

Լավ առաջնորդն օգնում է աշխատակիցներին իրենց գնահատված և հարգված զգալ աշխատավայրում: Նա ոգեշնչում և մոտիվացնում է աշխատակիցներին։

 

Նրանք ստեղծում են դրական մշակույթ։ Ուժեղ առաջնորդի ջանքերով աշխատավայրում ձևավորվում է փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ։ 


 

Ինչպե՞ս լինել լավ առաջնորդ

Առաջնորդության հմտությունները զարգացնելը պահանջում է մեծ աշխատանք և տևական ջանքեր։ Ստորև ներկայացնում ենք լավագույն փորձի վրա հիմնված մի քանի խորհուրդ, որոնք օգտակար կլինեն մենեջերների և նրանց համար, ովքեր թիմեր են ղեկավարում կամ ղեկավարելու են ապագայում։ 

 

Եղեք այն որակների կրողը, որոնք ցանկանում եք տեսնել ձեր աշխատակիցների մեջ

Լավ առաջնորդ դառնալու ճանապարհին ձեր առաջին քայլն այն է, որ ինքներդ ցույց տաք այն որակները, որոնք դուք ցանկանում եք, որ ձեր աշխատակիցներն ունենան: Օրինակ, եթե ցանկանում եք բարելավել աշխատանքային էթիկան և դրական մթնոլորտը, ապա ավելի շատ ջանքեր գործադրեք գրասենյակում հաճախ ներկա լինելու համար և պարբերաբար շփվեք աշխատակիցների հետ ոչ միայն գործնական հանդիպումների ընթացքում, այլև ավելի ոչ պաշտոնական միջավայրում, օրինակ՝ սուրճի ընդմիջման ընթացքում։ Դա կօգնի և՛ ձեզ, և՛ աշխատակիցներին միմյանց ավելի լավ ճանաչել և կխթանի դրական հարաբերությունները։

 

Պատասխանատվություն կրեք ձեր որոշումների և գործողությունների համար 

Առաջնորդի կողմից պատասխանատվության ստանձնումը թիմում նրա նկատմամբ վստահության ձևավորման հիմքն է: Իրենց պատասխանատվությամբ աչքի ընկնող առաջնորդները սահմանում են աշխատանքի և վարքագծի այնպիսի չափանիշներ, որոնց ակնկալվում է, որ պետք է հետևեն բոլորը: Նման մոտեցումը ժամանակի ընթացքում կդառնա ընկերության մշակույթի անբաժանելի մասը։

 

Ուսումնասիրեք նորագույն տեխնոլոգիաները, որոնք կարող են օգտակար լինել ձեր ոլորտում

Դուք պետք է լինեք ձեր ընկերության ոլորտի գիտակը։ Հետևեք ոլորտային զարգացումներին և նորություններին, կարդացեք գիտական հոդվածներ, ուսումնասիրեք մրցակիցներին։ Այս ամենի շնորհիվ կբացահայտեք այն նոր հնարավորությունները, որոնք կարող եք օգտագործել ռազմավարությունների բարելավման և բիզնեսի առաջընթացի ապահովման համար: Փնտրեք արդյունավետ տեխնոլոգիական լուծումներ՝ ժամանակատար աշխատանքներն ավտոմատացնելու և աշխատակիցներին ավելի կարևոր առաջադրանքների վրա կենտրոնանալու հնարավորություն տալու նպատակով։ Օրինակ՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ՝ կարող եք ներդնել էլեկտրոնային փաստաթղթերի համակարգ՝ թվայնացնելով փաստաթղթերի հետ աշխատանքները։


 

Ժամանակին կայացրեք գործնական որոշումներ

Բիզնեսի հաջողությունը կախված է ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունից։ Որոշումներ կայացնելու համար հստակ ժամանակահատված սահմանեք։ Որոշում կայացնելու համար անհրաժեշտ աշխատանքները՝ դրական և բացասական կողմերը կշռադատելը, գործընկերների հետ խորհրդակցելը, առկա տվյալները ուսումնասիրելն իրականացրեք հստակ վերջնաժամկետներում։

 

Մոտիվացրեք ձեր աշխատակիցներին՝ ցուցաբերելով դրական վերաբերմունք

Աշխատակիցներն ունեն այնպիսի առաջնորդի կարիք, ով կխրախուսի նրանց ավելի լավ աշխատել և լավատեսորեն տրամադրված կլինի աշխատավայրում փոփոխությունների նկատմամբ: Ձգտելով դրական վերաբերմունք դրսևորել՝ դուք կարող եք նաև նույն մտածելակերպը սերմանել ձեր աշխատակիցների մեջ։

 

Հետաքրքրվեք ձեր աշխատակիցների անձնական կյանքով

Ցույց տվեք աշխատակիցներին, որ ձեր հետաքրքրում է նրանց բարեկեցությունը նաև աշխատանքից դուրս։ Հարցրեք նրանց ընտանիքի, հանգստյան օրերի պլանների կամ հոբբիների մասին՝ նրանց հետ անձնավորված հարաբերություններ ստեղծելու համար: 

 

Նման շփումները օգտակար են ոչ միայն հարաբերությունների կառուցման տեսանկյունից, այլև կարող են օգնել, որպեսզի ժամանակին բացահայտեք աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության պահպանման հետ կապված խնդիրները, որոնց ժամանակին արձագանքելու պարագայում կարող եք կանխել աշխատակցի մասնագիտական այրման վտանգը։ Մասնագիտական այրման պատճառների և այն կանխարգման ուղիների մասին կարդացեք մեր բլոգում։

 

Շարունակաբար բարելավեք առաջնորդության հմտությունները

Ձեռք բերեք առաջնորդության նոր և բարելավեք ունեցած հմտությունները: Փորձեք գնահատել ձեր՝ որպես առաջնորդի ուժեղ և թույլ կողմերը։ Պահեք կապը մասնագիտական համայնքի հետ, մասնակցեք քննարկումների, ֆորումների, ուսումնասիրեք լավագույն փորձը և ծանոթացեք առաջնորդության նոր մարտավարություններին։

 

Փոփոխությունների և անորոշության ժամանակաշրջանում առաջնորդ լինելը պահանջում է ճկունություն և նոր իրավիճակներին հարմարվելու կարողություն։ Արդյունավետ առաջնորդությունը նման պայմաններում ենթադրում է հստակ հաղորդակցություն, վստահության խթանում և թիմին փոփոխությունների նախապատրաստում։ 

 

Հաշվի առնելով վերոնշյալ խորհուրդները՝ վստահորեն կառուցեք ձեր՝ առաջնորդի կարիերան և ընդունեք այն նոր հնարավորությունները, որոնք բերում են փոփոխությունները։



 

You may like