Get our free app. It won't take up space on your device

Միջին աշխատավարձի չափը և ամենապահանջված ոլորտները․ ինչպիսին էր աշխատաշուկան 2024-ին

Job.am-ն ուսումնասիրել է նախորդ տարվա ընթացքում աշխատաշուկայի հիմնական ցուցանիշները։ Պարզել ենք, թե որ ոլորտներում են ամենից շատ հաստիքներ առաջարկվել և որ ընկերություններն են ամենաշատ աշխատատեղեր առաջարկողները, ուսումնասիրել ենք, թե որքան է կազմել հրապարակված աշխատատեղերի համար նշված միջին աշխատավարձը։ Սրանք, սակայն, միայն մի քանիսն են այն հարցերից, որոնց պատասխանները գտել է մեր թիմը՝ հիմք ընդունելով 2024 թվականի ընթացքում Job.am հարթակում տեղադրված աշխատանքների հետազոտությունը։

 

Այսպիսով, ո՞ր ոլորտներում են ամենից շատ աշխատատեղերն առաջարկվել։ Նախ նշենք, որ տարբեր ոլորտներում նկատվում է հաստիքների թվի աճ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Աճի միտումները վերաբերում են մասնավորապես հաճախորդների սպասարկման (մոտ 9%), վաճառքի (15%), ադմինիստրատիվ աշխատանքի (15%), բանկային ոլորտի (13%), մարքեթինգի (20%), առողջապահության (26%) և այլ ոլորտներին։

 

 

2023թ․-ի հետ համեմատած՝ աշխատակիցների պահանջը նվազել է անշարժ գույքի(20%), գնումների, ներմուծման և արտահանման(10%), արվեստի և դիզայնի(31%), տուրիզմի և հյուրանոցների(13%), ինչպես նաև հոգեբանության ու սոցիալական խնամքի ոլորտներում(16%): 

 

Job.am-ն ուսումնասիրել է նաև գործատուների կողմից առաջարկված աշխատավարձերը։ Անցած տարվա ընթացքում այն հայտարարությունները, որոնցում նշված է եղել աշխատավարձը, թույլ են տալիս առանձնացնել ընդհանուր առմամբ աշխատավարձի միջինացված չափը՝ 276․485 դրամ։ 

 

Համեմատաբար բարձր աշխատավարձ է առաջարկվել անշարժ գույքի գործակալներին (576․660 դրամ, նշենք, որ խոսքը հիմնականում գործարքային և ոչ թե ֆիքսված աշխատավարձի մասին է), գլխավոր հաշվապահներին (559․473 դրամ), վաճառքի մենեջերներին (336․410 դրամ), շուկայի զարգացման պատասխանատուներին՝ (375․ 710 - 470․000 դրամ), մենեջերներին (354․384դրամ), HR մասնագետներին (316․660դրամ) և այլն։ Վարորդ առաքիչի հաստիքի համար միջին աշխատավարձը կազմել է 249․337 դրամ, հաշվապահինը՝ 262․866 դրամ, խոհարարինը՝ 330․026 դրամ, b2b վաճառքի մենեջերինը՝ 295․833 դրամ։

 

100․000-ից մինչև 200․000 դրամ աշխատավարձով առաջարկվել են հետևյալ հաստիքները՝ վաճառող խորհրդատու (188.633 դրամ), գանձապահ (155․668 դրամ), ընդունարանի աշխատակից (171․458 դրամ), ադմինիստրատիվ օգնական (197․500 դրամ), զանգերի կենտրոնի օպերատոր (198․477 դրամ), գրասենյակային աշխատակից (182․800) դրամ և այլն։

 

Ստորև ներկայացնում ենք, թե որ մասնագետների համար է ամենից շատ թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ հրապարակվել։

 

 

Հարթակում հրապարակած թափուր աշխատատեղերի քանակով անցած տարում առաջատարներն են եղել Հայաստանում խոշորագույն կառուցապատող Դեֆանս Հաուզինգ Ինվեստ և շինարարական աշխատանքների և կառույցների ինտերիերի ապահովման համար արտադրանք առաջարկող AREX Co ընկերությունները։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը։ Այս ցանկում ընդգրկվել են նաև  ներկերի և շինարարական նյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ,  Հայաստանում Nestle, Carlsberg Group և Makfa ընկերությունների պաշտոնական ներկող Պրեմիեր ֆուդս ՍՊԸ, ԱԼՖԱ-ՖԱՐՄ դեղագործական ընկերությունը։

 

Ամենից շատ հայտարարություններ տեղադրվել են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: 2023 թվականի համեմատությամբ՝ բոլոր ամիսներին նկատվել է հայտարարությունների քանակի աճ՝ բացի մարտից, իսկ ամենապասիվը եղել է դեկտեմբերը:

 

 

Ինչպես արդեն գիտեն մեր օգտատերերը, Job.am հարթակում կարելի է անվճար ստեղծել մինչև 3 ռեզյումե և դիմել հետաքրքրող հաստիքի համար՝ միայն մեկ քլիքով։ 2024 թվականը բավականին ակտիվ էր նաև հարթակի միջոցով աշխատանքի դիմելու տեսակետից։ Ամենամեծ ակտիվությունը նկատվել է սեպտեմբեր ամսին, որի ընթացքում ամենատարբեր հաստիքների համար ուղարկված դիմումների թիվը 48․000 է։ Կրկին ամենապասիվ ժամանակահատվածը եղել է դեկտեմբերը՝ շուրջ 34․500 դիմորդ։

 

 

 

Պարզել ենք նաև հարթակում աշխատանք որոնելու ամենաակտիվ օրերը։ Այսպիսով, աշխատանքային օրերին մարդիկ ավելի շատ են այցելել կայք և ծանոթացել թափուր հաստիքներին։ Շաբաթվա ավարտին ակտիվությունը նվազում է, ամենապասիվը ոչ աշխատանքային օրերն են։ Ինչ վերաբերում է ժամերին, ապա ամենաակտիվ որոնման շրջանը երեկոյան ժամը 4-5-ն է։ 

 

Ըստ աշխատատեղերի քանակի՝ մայրաքաղաքը մշտապես առաջատարի դիրքում է։ Բացառություն չէր նաև անցած տարին: Երևանին հաջորդում են Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերը։ Ամենաքիչ թափուր հաստիքներ են հրապարակվել Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում։ 

 

 

Job.am-ն ուսումնասիրել է նաև հարթակում հրապարակված աշխատատեղերի առաջարկած աշխատանքային գրաֆիկները։ Այսպիսով, ամենապահանջվածը վեցօրյա աշխատանքային գրաֆիկն է, որին հաջորդում է հնգօրյան։ Հավելենք նաև, որ աշխատատեղերի մեծ մասը՝ ավելի քան 95%-ը եղել է լրիվ դրույքով։ Կես դրույքով և ճկուն գրաֆիկով հաստիքները կազմել են մոտ 2-ական տոկոս։

 

 

Ըստ փորձառության մակարդակի՝ ամենապահանջվածը եղել են միջին մակարդակի մասնագետները՝ մոտ 42%: Ուշագրավ է, որ գրեթե հավասար է եղել սկսնակների և փորձառու մասնագետների պահանջարկը՝ 22% և 21% համապատասխանաբար։ Մոտ 15% աշխատատեղերի համար դիմորդներից փորձ չի պահանջվել։

 

Այսպիսին էր աշխատաշուկան 2024 թվականին՝ ըստ Job.am հարթակի տվյալների։ Շարունակեք հետևել մեր կայքէջին, ակտիվացրեք ծանուցումները և դիմեք ամեն օր թարմացվող թափուր հաստիքներին։ 

 

You may also like