Get our free app. It won't take up space on your device
Բիզնես և մարքեթինգ

Job.am-ի հիմնադիրը HR մասնագետներին ներկայացրեց հարթակի նորարար գործիքները

11/24/2023 | 5960 views

Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի ամենաարդիական հարցերի, խնդիրների ու մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ օգտակար քննարկումներ լավագույն մասնագետների հետ, կարևոր հետևություններ և պրակտիկ մեխանիզմներ՝ արդյունավետ աշխատանքի համար։ Հակիրճ այսպես կարելի է ամփոփել The Voice of HR հարթակի նախաձեռնած և The Code of Upskilling New Times խորագիրը կրող միջոցառումը։

 

Job.am-ը, որը այս միջոցառման հովանավորն էր, ևս մասնակցեց` ի դեմս հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանի։

 

Նորարար լուծումներ` տարածված խնդիրներին. Job.am-ի նոր գործիքները

Նախ նկատենք, որ միջոցառմանը մասնակցող ՄՌԿ մասնագետները նշում էին, որ ծանոթ են հարթակի գործիքակազմին, իսկ ովքեր օգտագործում են այն, ընդգծեցին, որ դրանք օգնում են ավելի արդյունավետ աշխատել` խնայելով ժամանակը և հեշտացնելով հավաքագրման գործընթացը։

 

 

Job.am-ի հիմնադիրը նախ անդրադարձավ հարթակում վերջերս իրականացված փոփոխություններին՝ նշելով, որ թեև դրանք այնքան էլ արմատական չեն, սակայն հիմք են հանդիսանում առաջիկայում սպասվող ավելի խորքային նորույթների համար։ Նա հիշեցրեց՝ հարթակը մշտապես աչքի է ընկել նորարարական լուծումներ առաջարկող գործիքներով, որոնք հեշտացնում են աշխատակիցների որոնման և աշխատանքի ընդունման գործընթացները՝ դարձնելով դրանք ավելի արագ և թափանցիկ։ 

 

Լևոն Նալբանդյանը նկատեց, որ թեև Job.am-ում հաստիքի համար բոլոր դիմումները կառավարելու նպատակով ներդրված համակարգը թույլ է տալիս մեկ էջում տեսնել բոլոր դիմորդներին, կատարել նշումներ, դիտել ռեզյումեները և դասակարգել դրանք ըստ կարգավիճակների, սակայն, օրինակ, հարյուրից ավելի ռեզյումեների պարագայում այս գործընթացը պահանջում է շատ ժամանակ։

 

Եվ ահա այս խնդրի լուծման նպատակով հարթակում ներդրվել է մի համակարգ, որի շնորհիվ հավաքագրման այն փուլերը, որոնք պահանջելու էին երկար ժամանակ, ջանքեր և մարդկային լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, տեղի են ունենում ավտոմատացված կերպով։ Սա հաջողվել է իրականացնել արհեստական բանականությամբ օժտված առաջատար համակարգերի շնորհիվ։ Օրինակ, այդ գործիքները թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ գնահատել տվյալ հաստիքի համար դիմած թեկնածուների համապատասխանության աստիճանը։ Արդյունքում ՄՌԿ մասնագետը կենտրոնանում է հաստիքի պահանջներին լավագույնս համապատասխանող դիմորդների ռեզյումեների վրա։

 

 

Լևոն Նալբանդյանն ընդգծում է` ստանալով բազմաթիվ դրական կարծիքներ այս գործիքի մասին` այժմ աշխատում են դրա նոր և ավելի կատարելագործված տարբերակի ստեղծման ուղղությամբ։

 

Անդրադառնալով Job.am-ի՝ արհեստական բանականությամբ օժտված ևս մեկ նոր գործիքի առանձնահատկություններին՝ նա նշում է, որ վերջինս գործատուներին հնարավորություն կտա ստեղծել այսպես կոչված «օգնականներ»` ըստ իրենց նախընտրած չափանիշների։ Դրանք կգնահատեն թեկնածուներին` նախապես սահմանված չափորոշիչների համաձայն, մասնավորապես` ըստ աշխատանքային փորձի, կրթության, հմտությունների և լեզուների իմացության։

 

Հարթակի հիմնադիրը նշում է` այս նոր համակարգը դեռ թեստավորման փուլում է, սակայն հետաքրքրվողները կարող են լրացնել հայտը և գործիքի՝ վերջնականապես պատրաստ լինելուց հետո ստանալ այն։

 

Հավելենք, որ այս նոր գործիքի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հետագա բլոգներում։ Հետևեք մեզ ոլորտի առաջատար տեխնոլոգիական լուծումների մասին առաջինը տեղեկանալու և դրանք կիրառելու համար։ Իսկ այժմ անդրադառնանք միջոցառման ընթացքում քննարկված այլ թեմաներին։

 

Ավելի արդյունավետ HR. ոլորտի մասնագետները կիսվեցին իրենց փորձով

 

 

Միջոցառման խոսնակները, ովքեր ունեն երկար տարիների փորձ ՄՌԿ ոլորտում, իրենց ելույթներում և մասնակիցների հետ երկխոսություններում անդրադարձան ոլորտային մի շարք կարևոր և արդիական հարցերի։ 

 

Կարիերայի ընտրությունից մինչև հաջողության հասնելու ուղիներ. քննարկված թեմաները բազմազան էին։ 

 

Խոսվեց այն գործոնների մասին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել HR-ում կարիերա սկսելիս։ Բանախոսներն անդրադարձան այն կոմպետենցիաներին, որոնց առկայությունը պարտադիր է այս ոլորտում հաջողելու համար, որոնց թվում էին, օրինակ հաղորդակցության, թիմային աշխատանքի, փոփոխություններին հարմարվելու և այլ հմտությունները։

 

Ոչ միայն HR-ում, այլև մի շարք այլ ոլորտներում կարևոր հարցերից մեկին` աշխատանք - անձնական կյանք հավասարակշռության պահպանմանը ևս կատարվեց համապարփակ անդրադարձ։

 

 

Ոլորտի փորձառու մասնագետները խոսեցին նաև մարդկային ռեսուրսների կառավարման ամենաարդյունավետ մոտեցումների մասին, որոնք օգնում են բացահայտել աշխատակիցների ներուժը, և ըստ այդմ քայլեր ձեռնարկել նրանց մասնագիտական աճը խթանելու ուղղությամբ։

 

Առանձնակի ուշադրություն դարձվեց նաև թեկնածուների հետ աշխատանքի նրբություններին։ Քննարկվեցին աշխատակիցների կարիքների գնահատման և մոտիվացիայի հետ կապված մի շարք հարցեր։

 

Այսպիսով` կարելի է փաստել, որ այս անգամ ևս միջոցառումն անցավ հետաքրքիր և օգտակար երկխոսությունների և քննարկումների մթնոլորտում, իսկ մասնակիցները հեռացան միջոցառման սենյակից` զինված նոր գիտելիքներով, որոնք նրանց կօգնեն ավելի արդյունավետ աշխատել։ 

 

You may like