Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Հաջողությունը HR -ում․ 10 հմտություն` անհրաժեշտ ՄՌԿ մասնագետներին

6/5/2023 | 2201 views

Միջանձնային հաղորդակցության հմտություններից մինչև ռազմավարական մտածողություն և տվյալահեն վերլուծությունների իրականացում․ սրանք մի քանիսն են այն հմտություններից, որոնց շնորհիվ HR մասնագետները հաջողությամբ հաղթահարում են ոլորտում առկա մարտահրավերները, ստեղծում աշխատանքային առողջ միջավայր, որը գրավում և պահպանում է լավագույն տաղանդներին:

 

Ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենա HR մասնագետը և ինչպե՞ս զարգացնել դրանք։ Այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

Քանի որ HR մասնագետներն իրենց պատասխանատվության ներքո ունեն տարբեր ծավալուն առաջադրանքներ, աշխատանքն արդյունավետորեն կատարելու համար նրանց անհրաժեշտ են մի շարք, այսպես կոչված, և՛ կոշտ, և՛ փափուկ հմտություններ։ Տարբեր ընկերություններ կարող են իրենց աշխատակիցների մոտ տարաբնույթ որակներ և հմտություններ կարևորել՝ պայմանավորված իրենց նպատակներով, տեսլականով և արժեհամակարգով։ Ստորև ներկայացնում ենք ժամանակակից ընկերություններում գործունեություն ծավալող մարդկային ռեսուրսների կառավարիչների համար ամենակարևոր հմտություններից մի քանիսը։

 

HR գիտելիքներ

HR ոլորտի մասին գիտելիքները, աշխատանքային օրենսդրության իմացությունը, նոր մոտեցումների և լավագույն փորձի կիրառումն առաջնահերթ նախապայման են՝ ոլորտում գործունեություն ծավալելու համար։ 

 

Այսօր մարդկային ռեսուրսների կառավարում ուսանելու տարբերակների պակաս չկա՝ թե՛ ֆորմալ և թե՛ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով։ Սակայն կրթությունը չի սահմանափակվում համալսարանում սովորելով կամ մի քանի ամիս տևողությամբ որոշակի դասընթացների հաճախելով։ Աշխատանքի ընթացքում սեփական փորձով սովորելը և պարբերական վերապատրաստումները շարունակական կրթության մասն են կազմում։ Ներկայումս, երբ թվային տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, անհրաժեշտություն է առաջանում անընդհատ թարմացնել և արդիականացնել գիտելիքների պաշարը, մասնավորապես՝ աշխատանքում նորագույն տեխնոլոգիաների և ռազմավարությունների կիրառման տեսանկյունից։

 

 

Հաղորդակցություն

Թեև հաղորդակցության հմտությունները կարևոր են բոլորի համար, սակայն HR մասնագետների համար դրանք կենսական նշանակություն ունեն: HR մասնագետների կողմից գրավոր և բանավոր հաղորդակցությանը տիրապետելը հավասարապես կարևոր է։ Գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններն անհրաժեշտ են գործնական նամակագրություն վարելու, աշխատանքային նկարագրություններ պատրաստելու, ընկերության աշխատանքային հարցերին վերաբերող ձեռնարկներ գրելու համար։

 

Աշխատակիցների հետ անընդհատ զրույցներ և քննարկումներ ունենալը չի վկայում արդյունավետ հաղորդակցման հմտությունների առկայության մասին։ Հաղորդակցությունն արվեստ է, որին  HR մասնագետները պետք է տիրապետեն։ Արդյունավետ հաղորդակցությունը կարող է փոխել գործողությունների ընթացքը և կարևոր որոշումների կայացման համար հիմք հանդիսանալ։

 

Արդյունավետ հաղորդակցության շնորհիվ ՄՌԿ մասնագետները նաև դրական հարաբերություններ են հաստատում աշխատակիցների և ընկերության միջև, հաջողությամբ իրականացնում նոր աշխատակիցների օնբորդինգի գործընթացը։

 

Կազմակերպչական հմտություններ

HR մասնագետները հաճախ գործ ունենա ծավալուն թղթաբանության և տվյալների հետ։ Այս հմտությունը կարևոր է հատկապես HR մասնագետների աշխատանքի վարչական բնույթ կրող պարտականությունների կատարման գործում։

 

HR մասնագետները պատասխանատու են ոլորտի տարբեր գործընթացների վերահսկման համար, ինչպիսիք են հավաքագրումը, օնբորդինգը, աշխատակիցների կատարողականների կառավարումը և այլն։ Այս բոլոր գործերում կազմակերպչական հմտություններն օգնում են արդյունավետորեն պլանավորել գործընթացները, դասակարգել առաջնահերթությունները և համակարգված կերպով իրականացնել աշխատանքները՝ պահպանելով վերջնաժամկետները։

 

Խնդիրներ լուծելու կարողություն

Այս հմտության կարևորությունը պայմանավորված է նրանով, որ HR մասնագետների աշխատանքը հաճախ պահանջում է բարդ խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնել, որոնք համահունչ են կազմակերպության նպատակներին և արժեքներին:

 

HR մասնագետները հաճախ զբաղվում են աշխատակիցների հետ հարաբերությունների արդյունքում առաջացող խնդիրներով, ինչպիսիք են կոնֆլիկտները, դժգոհությունները և կատարողականի հետ կապված հարցերը: Արդյունավետ խնդիրներ լուծելու հմտությունը HR մասնագետներին թույլ է տալիս վերլուծել իրավիճակը, բացահայտել հիմնական պատճառները և առաջարկել համապատասխան լուծումներ:

 

Այս հմտությունները HR մասնագետներին հնարավորություն են տալիս կազմակերպության ներսում կանխատեսել առաջիկա փոփոխությունների արդյունքում հնարավոր մարտահրավերները և խոչընդոտները և դրանք հաղթահարելու համար մշակել համապատասխան ռազմավարություններ։ 

 

Խնդիրներ լուծելու հմտությունները կարևոր նշանակություն ունեն նաև հավաքագրման գործընթացում, երբ անհրաժեշտ է գնահատել թեկնածուների որակավորումները, բացահայտել հմտությունների բացերը և կազմակերպության համար ընտրել լավագույն մասնագետին։

 

Տաղանդների կառավարում

Հավաքագրման գործընթացում տաղանդների կառավարման հմտություններն օգնում են HR մասնագետներին մշակել հավաքագրման համապարփակ ռազմավարություններ և ներդնել արդյունավետ գործընթացներ։ 

 

HR մասնագետների գործունեության հիմնական նպատակներից մեկը կազմակերպության աշխատակիցների հետ դրական հարաբերությունների հաստատումը և նրանց մասնագիտական աճին նպաստելն է: Իմանալով, թե ինչպես մոտիվացնել աշխատակիցներին և խթանել նրանց առաջընթացը` նրանք ապահովում են ընկերության աշխատակիցների մասնագիտական բարձր որակները և ներուժը: HR մասնագետները կարող են բացահայտել աշխատակիցների մասնագիտական զարգացման կարիքները և ըստ այդմ մշակել վերապատրաստման ծրագրեր՝ ապահովելով աշխատակիցների շարունակական ուսուցման հնարավորությունները:

 

Տաղանդների կառավարման հմտություններ ունեցող HR մասնագետները կարող են նախագծել և կիրառել կատարողականի գնահատման համակարգեր, սահմանել հստակ նպատակներ և ակնկալիքներ, տրամադրել հետադարձ կապ, ինչպես նաև ճանաչել և խրախուսել աշխատանքում բարձր ցուցանիշներ ապահովող թիմակիցներին: 


Թվային տեխնոլոգիաների կիրառում

Թվային տեխնոլոգիաների զարգացումը բազմաթիվ փոփոխություններ է մտցրել նաև HR ոլորտում։ Եթե նախկինում ռեզյումեների դիտարկման գործընթացն իրականացվում էր յուրաքանչյուր ռեզյումեն մանրակրկիտ դիտարկելու և թեկնածուների հմտություններն աշխատանքի պահանջների հետ համեմատելու ժամանակատար գործընթացի միջոցով, որից հետո կազմվում էր առավելագույնս համապատասխանող թեկնածուների ցուցակ, ապա այսօր նման աշխատանքը կատարելու համար օգտագործվում են արհեստական բանականության հնարավորությունները։ 

 

AI տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ամբողջությամբ ավտոմատացնել նախնական հավաքագրման գործընթացները: Նորագույն տեխնոլոգիական գործիքներն արդյունավետ կիրառելու համար HR մասնագետները պետք է ուսումնասիրեն դրանք և հարմարեցնեն ընկերության ընթացակարգերին։

 

Հավելենք, որ Job.am կայքը ևս օգտագործում է արհեստական բանականությամբ հզորացված գործիքներ՝ HR մասնագետների համար հեշտացնելով և պարզեցնելով թեկնածուների ընտրման գործընթացը։ Կայքի AI օգնականի գործառույթներին և կիրառման առանձնահատկություններին ծանոթացեք մեր բլոգում։

 

 

Վերլուծական հմտություններ

Ճիշտ գործիքների միջոցով HR մասնագետները բավականաչափ տվյալներ են ստանում՝ աշխատակիցների վարքագծի և արդյունավետության մասին։ Տվյալահեն մարդկային ռեսուրսների կառավարումը ռազմավարական առավելություններ է տալիս կազմակերպություններին։

 

Առկա տվյալները վերլուծելը հնարավորություն է ընձեռում հստակ պատկերացում կազմել աշխատուժի զարգացման միտումների մասին, բացահայտել օրինաչափությունները և ճշգրիտ տվյալների հիման վրա որոշումներ կայացնել։ 

 

Վերլուծական հմտություններն օգնում են HR մասնագետներին հասկանալ, թե կազմակերպությունում ինչպիսի մասնագետների կարիք կա։ Այս տվյալները հնարավորություն են տալիս մշակել ակտիվ հավաքագրման, վերապատրաստման և մենթորության ծրագրեր՝ ապահովելով, որ ընկերությունը համալրված լինի անհրաժեշտ մասնագետներով։ 
 

Էմոցիոնալ ինտելեկտ (EI)

Էմոցիոնալ ինտելեկտը զգացմունքները վերահսկելու, հասկանալու և կառավարելու կարողությունն է: Նշենք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մասնագետներին բնորոշ հատկանիշներից մի քանիսը։

✓ Նրանք հաջողությամբ հաղթահարում են կոնֆլիկտները։

✓ Նրանց մոտ լավ է ստացվում ուրիշներին խրախուսելը և մոտիվացնելը։

✓ Նրանք բացառում են անձնական հույզերի ազդեցությունը աշխատավայրում և թույլ չեն տալիս, որպեսզի հույզերն ազդեն միջանձնային հարաբերությունների վրա։

✓ Նրանք կարող են ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ հնարավոր է արդյունավետ համագործակցությունը թիմակիցների միջև։

 

Ինչպես նկատեցիք, վերևում թվարկված հատկանիշներն այն հիմնական պահանջների շարքում են, որոնք անհրաժեշտ են լավագույն HR մասնագետներին։

 

Ակտիվ լսելու հմտություններ

Այն տեղեկատվությունը, որը ստանում ենք լսելու միջոցով, ամբողջությամբ չէ, որ տպավորվում և պահպանվում է մեր հիշողության մեջ։ Ըստ տարբեր հետազոտությունների՝ մարդն ամեն օր իր ժամանակի 55%-ը ծախսում է լսելու վրա, սակայն հիշում է ստացված տեղեկատվության միայն 17-25%-ը: 

 

Ակտիվ լսելու կարողությունը ենթադրում է լսվածի իմաստը հասկանալու, դրան ճիշտ կերպով արձագանքելու և տեղեկատվությունը պահպանելու գործընթաց:

 

Այս հմտությունն ունեցող HR մասնագետները կարող են լսել ուրիշներին՝ առանց նախապաշարմունքների կամ կանխակալության՝ ստեղծելով վստահության այնպիսի մթնոլորտ, որում ուրիշները կարող են իրենց ազատ զգալ՝ կարծիքներ արտահայտելու համար։

 

Ակտիվ լսելու հմտության զարգացումը պահանջում է որոշակի ջանքեր։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն այդ հարցում․

✓ պահպանեք զրուցակցի հետ աչքերի կոնտակտը, 

✓ մի ընդհատեք զրուցակցին և մի շտապեք դատողություններ անել,

✓ ճշգրտող հարցեր տվեք,

✓ անհրաժեշտության դեպքում գրառումներ կատարեք:

 

Քոուչինգ

Մասնագիտության մեջ կայացած HR մասնագետների կողմից գործընկերների աճի գործում ներդրում ունենալը կարևոր է ընկերության համար։ Դա հնարավորություն է տալիս առաջնորդել և աջակցել աշխատակիցներին իրենց մասնագիտական զարգացման ճանապարհին: Արդյունավետ քոուչինգի միջոցով HR մասնագետները կարող են օգնել աշխատակիցներին բացահայտել իրենց ուժեղ կողմերը և զարգացման հեռանկարները՝ ուղղորդելով և կառուցողական հետադարձ կապ տրամադրելով նրանց։


 

Ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն այսօր հրամայական է ոչ միայն մարդկային ռեսուրսների կառավարման, այլև բազմաթիվ այլ ոլորտներում։ Հաշվի առնելով մարդկային ռեսուրսների կառավարման դինամիկ զարգացող բնույթը՝ հարկ է նշել, որ այս հմտությունների շարքում ապագայում կարող են նորերը հայտնվել։ Այս պայմաններում շարունակաբար կրթվելը դառնում է ևս մեկ կարևոր հմտություն HR մասնագետների համար։



 

You may like