Ինչպես վերադառնալ աշխատանքի` տոներից հետո
Երբ արձակուրդային շրջանը մոտենում է ավարտին, շատերի մոտ առաջանում են անհանգստության և դժկամության զգացումներ՝ պայմանավորված արձակուրդային ուրախություններից և հանգստությունից դեպի մասնագիտական կյանքի պահանջներին վերադարձով:
Տոնական հանգստի և աշխատանքի հետ կապված պարտականությունների միջև հակադրությունը կարող է հանգեցնել մոտիվացիայի անկման։ Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք մոտեցումների, որոնք կօգնեն արձակուրդից դեպի աշխատանք անցումը դրական և արդյունավետ փորձի վերածել։
Այսպիսով, ինչպե՞ս վերադառնալ աշխատանքային առօրյային։ Առաջին քայլը պետք է լինի ինքներդ ձեր նկատմամբ հոգատարություն դրսևորելը՝ միաժամանակ պահպանելով փոփոխությունների նկատմամբ դրական և պրոակտիվ մոտեցումը, ինչը թույլ կտա փոխակերպել աշխատավայրում հնարավոր անհանգստությունը անձնական և մասնագիտական աճի հնարավորության:
Թույլ տվեք ինքներդ ձեզ աստիճանաբար վերադառնալ աշխատանքի: Վատ մի զգացեք, եթե փոքր-ինչ դժվարանում եք վերադառնալ աշխատանքային սովոր ընթացքին։ Ընդունեք, որ շատերն են նման զգացումներ ունենում, նաև ձեր գործընկերները։ Օրինակ, այս երևույթը շատ տարածված է ԱՄՆ-ում, որտեղ հայտնի է «հետարձակուրդային բլյուզ» անունով։
Պարտադիր չէ, որ աշխատանքային առաջին իսկ օրերին լուծեք բոլոր խնդիրները։ Փոխարենը սկսեք պլանավորումից։ Գրեք ձեր բոլոր առաջիկա անելիքները և ապա դասակարգեք դրանք` ըստ կարևորության և հրատապության։ Յուրաքանչյուրն ունի աշխատելու իր սովորությունները, օրինակ, կան մարդիկ, ովքեր գերադասում են սկսել ամենաբարդ առաջադրանքներից և ապա անցնել ավելի թեթևներին։ Արձակուրդից վերադառնալուց հետո, այնումանեայնիվ, փորձեք սկսել ավելի դյուրին և հաճելի գործերից։ Դա կօգնի ավելի դրական տրամադրությամբ սկսել աշխատանքային շրջանը։
Հնարավոր մարտահրավերների մասին մտածելու փոխարեն կենտրոնացեք գալիք տարվա համար դրական ակնկալիքներ ստեղծելու վրա: Սա կարող է ներառել մասնագիտական նպատակներ դնելը, կարիերայի հնարավոր առաջընթացները պատկերացնելը կամ ապագա ճանապարհորդության պլանավորումը՝ օգտագործելով ձեր արձակուրդի հնարավորությունը։ Սա կօգնի ձևավորել դրական սպասումներ և լինել մոտիվացած։
Պատրաստվեք աշխատանքի վերադառնալուն՝ նույնիսկ աշխատանքային օրվանից մի քանի օր առաջ։ Մասնավորապես, սկսեք կարգավորել քնի ռեժիմը և պլանավորեք աշխատանքից դուրս ժամանցը։
Ընդունելով աճին միտված մտածելակերպը և մարտահրավերները վերածելով սովորելու և կատարելագործվելու հնարավորությունների՝ կդիտարկեք աշխատավայրը ոչ թե որպես սթրեսի աղբյուր, այլ որպես վայր, որտեղ կարող եք հասնել մեծ ձեռքբերումների։ Այս մտածելակերպը ոչ միայն հեշտացնում է աշխատանքի վերադառնալը, այլև հիմք է ստեղծում գալիք արդյունավետ տարվա համար:
You may also like