Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես նախապատրաստվել աշխատանքի տոնավաճառներին․ խորհուրդներ արցախցի մեր հայրենակիցներին

10/22/2023 | 5932 views

Բռնի տեղահանված անձանց համար նոր բնակավայրում կայուն կենսակերպի սկիզբ դնելը և իրենց կյանքը վերակառուցելը դժվարին գործընթաց է: Այս ճանապարհին կարևոր քայլ է աշխատանք գտնելը, ինչը կօգնի ոտքի կանգնել, դուրս գալ անորոշությունից և կամաց-կամաց գտնել սեփական կյանքը վերսկսելու ուղիներ։

 

Աշխատանք փնտրելուն ուղղված հիմնական քայլերին անդրադարձել ենք մեր նախորդ բլոգում, իսկ այօր, ինչպես և խոստացել էինք, կներկայացնենք աշխատանքի տոնավաճառների դերը զբաղվածություն փնտրելու գործում և կկիսվենք խորհուրդներով, որոնք կօգնեն նախապատրաստվել աշխատանքի տոնավաճառներին։ Քանի որ Արցախի մեր հայրենակիցների համար ներկայումս շարունակվում են տարբեր ձևաչափերով և մասշտաբներով աշխատանքի տոնավաճառներ իրականացվել, կարևոր է վերջիններիս առանձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին համապարփակ պատկերացում կազմելը, ինչն էլ իր հերթին թույլ կտա ճիշտ նախապատրաստվել և արդյունավետորեն ներկայանալ գործատուներին նման միջոցառումների շրջանակներում։

 

Ի՞նչ ակնկալել աշխատանքի տոնավաճառներից

Աշխատանքի տոնավաճառներն ընձեռում են մի շարք հնարավորություններ, որոնք այլ ձևաչափով զբաղվածություն որոնելիս գուցե չունենաք։ 

 

Այդ հնարավորություններից մեկը կապեր հաստատելն է պոտենցիալ գործատուների հետ։ Սա հրաշալի հարթակ է մասնագիտական ցանցերին միանալու, տարբեր ոլորտների վերաբերյալ տեղում պատկերացում կազմելու և ձեզ հետաքրքրող ոլորտում գործունեություն ծավալող այնպիսի մասնագետների հետ ծանոթանալու համար, ովքեր կարող են իրենց փորձով և խորհուրդներով ուղղորդել ձեզ։ 

 

Աշխատանքի տոնավաճառների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ներկայացված են մեկ վայրում։ Դուք ունեք դրանց ծանոթանալու և դրանց վերաբերյալ ձեզ հուզող հարցերը տալու և արագ պատասխաններ ստանալու բացառիկ հնարավորություն։ Ներկայացվող աշխատատեղերի լայն շրջանակը մեծացնում է ձեր հմտություններին համապատասխանող զբաղվածություն գտնելու հնարավորությունները։

 

 

Տարբեր ոլորտների գործատուների ներկայությունը թույլ կտա ձեզ հետաքրքրող ոլորտի զարգացման միտումների մասին պատկերացում կազմել և հասկանալ՝ արդյոք ցանկանում եք տվյալ ոլորտում աշխատանք որոնել։ Հաճախ այս կամ այն ոլորտ մուտք գործելու համար անհրաժեշտ է նոր հմտություններ ձեռք բերել, օրինակ, համապատասխան դասընթացների մասնակցելու միջոցով։ Դա պահանջելու է և՛ տևական ժամանակ, և՛ ջանքեր, և՛ ֆինանսական միջոցներ, հետևաբար մինչ կոնկրետ ոլորտում աշխատանքի համար նախապատրաստվելը, տեղեկացեք հենց գործատուներից, թե արդյոք ձեր նախընտրած հաստիքները պահանջված են։

 

Ի վերջո, պետք չէ անտեսել նաև աշխատանքի տոնավաճառների ևս մեկ դրական կողմը, որը թեև առաջին հայացքից ակնհայտ չէ, սակայն ևս կարևոր նշանակություն ունի։ Դեմ առ դեմ շփումը թե՛ գործատուների և թե՛ աշխատանք որոնող այլ մասնագետների հետ, ձեր՝ որպես մասնագետ ներկայանալու հնարավորությունը կօգնեն աշխատանք փնտրելու գործում հաղթահարել վախերը և դառնալ առավել ինքնավստահ։


Որոշ բացասական կողմեր կամ ինչից խուսափել

Աշխատանքի տոնավաճառներին մասնակցում են տարբեր կազմակերպություններ և որքան շատ ընկերությունների առաջարկներին և գործունեությանը ծանոթանաք, այնքան կմեծանա աշխատանք գտնելու հավանականությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ծավալուն տեղեկատվությունը, գործատուների և հնարավորությունների առատությունը կարող են ճնշող ազդեցություն ունենալ։ 

 

Սահմանափակ ժամանակ ունենալը ևս մեկ գործոն է, որը պետք է պարտադիր հաշվի առնեք։ Յուրաքանչյուր տաղավարում կարճ ժամանակ տրամադրելը կարող է դժվարացնել ընկերության և նրա մշակույթի մասին համապարփակ պատկերացում կազմելը: 

 

Այս դեպքում կարևոր է բավարարվել ընդհանրական պատկերացումներով, որպեսզի հասցնեք ծանոթանալ նաև այլ կազմակերպությունների առաջարկներին։ Ձեզ հետաքրքրող ընկերություններին և նրանց առաջարկած աշխատանքի մանրամասներին ավելի խորը ծանոթանալու նպատակով ընկերության ներկայացուցիչներից կոնտակտային տվյալներ խնդրեք, օրինակ, էլեկտրոնային հասցե, որին ավելի ուշ գրելով կարող եք տալ ձեզ հետաքրքրող հարցերը։

 

Եվս մեկ հանգամանք, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, ընկերությունների կողմից աշխատանքի տոնավաճառների ընթացքում սեփական բրենդը ներկայացնելու ձգտումն է։ Արդյունքում դուք կարող եք ձեր ժամանակի զգալի մասն օգտագործել` լսելով այս կամ այն ընկերության գործունեության մասին ավելին, քան այդ փուլում ձեզ հարկավոր է։ Տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ տոնավաճառի ընթացքում շփվելիս հիշեք ձեր գլխավոր նպատակի՝ աշխատանք գտնելու մասին և հարց ու պատասխանը և երկխոսությունները տարեք առկա թափուր հաստիքների քննարկման ուղղությամբ։

 

 

Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի տոնավաճառներին

Աշխատանքի տոնավաճառներին մասնակցելուց առաջ կարևոր է պատշաճ նախապատրաստումը: Ստորև ներկայացնում ենք նախապատրաստվելու փուլերը և այն մոտեցումները, որոնց կիրառումը թույլ կտա մեծացնել հաջողության հասնելու ձեր հնարավորությունները:

 

Ուսումնասիրություն և պլանավորում

Նախ և առաջ հստակեցրեք ձեր նպատակները։ Որոշեք, թե ինչպիսի աշխատանք եք փնտրում, որոնք են ձեզ հետաքրքրող ոլորտները և կոնկրետ ընկերությունները, որոնցում կցանկանայիք աշխատել։

 

Այս փուլում փորձեք նաև հնարավորինս շատ տեղեկատվություն իմանալ տոնավաճառի մասին, օրինակ, փորձեք պարզել, թե որ ընկերություններն են մասնակցելու, ինչպիսին է օրակարգը և ժամանակացույցը: 

 

Ռեզյումե և ինքնաներկայացում

Թարմացրեք ռեզյումեն։ Համոզվեք, որ այն ներառում է ձեր ամբողջական փորձը, ընդգծում է հմտությունները և ձեռքբերումները: Կարող եք մի քանի ռեզյումե նախապատրաստել՝ ըստ ձեզ հետաքրքրող տարբեր հաստիքների պահանջների։

 

Ռեզյումեն կարող եք ունենալ ձեզ մոտ թե՛ թղթային տարբերակով՝ մի քանի օրինակով, և թե՛ թվային։ Համոզվեք, որ այն կցել եք էլեկտրոնային փոստին և անհրաժեշտության դեպքում կարող եք տեղում սմարթֆոնով մուտք գործել էլեկտրոնային փոստ և ուղարկել այն՝ ձեզ հետաքրքրող հաստիքին դիմելիս։

 

Պատրաստ եղեք հակիրճ, սակայն բովանդակալից ինքնաներկայանալ։ Այս գործում ձեզ կօգնի վերելակային ներկայացման, կամ առավել հայտնի որպես elevator pitch տեխնոլոգիան, որի համաձայն պետք է կարողանաք մոտ 1 րոպեում ներկայացնել ձեզ և ձեր մասնագիտական նպատակները, կարծես դրա համար ունեք ճիշտ այնքան ժամանակ, որքան զրուցակցի հետ վերելակով բարձրանալու կամ իջնելու համար։

 

 

Պատրաստեք պորտֆոլիո

Ռեզյումեի հետ միասին վերանայեք նաև պորտֆոլիոն։ Հմտությունները աշխատանքում կատարելագործվում են, հետևաբար աշխատանքի տոնավաճառին մասնակցելը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի վերանայեք ձեր պորտֆոլիոն և թարմացնեք այն՝ ընդգրկելով օրինակներ ձեր նոր և լավագույն աշխատանքներից։

 

Պատրաստ եղեք նեթվորքն ընդլայնելուն

Եղեք հետաքրքրասեր և ցուցաբերեք պրոֆեսիոնալ մոտեցում։ Պատրաստ եղեք կարճատև և բովանդակալից զրույցների։ Այստեղ է, որ միջանձնային հաղորդակցության ձեր հմտությունները կօգնեն կապեր հաստատել։ Արդյունավետ շփումն անհնար է պատկերացնել առանց ակտիվ լսելու ունակության։ Ուշադրություն դարձրեք զրուցակցի խոսքին և արձագանքեք՝ հարցեր տալու և սեփական կարծիքն արտահայտելու միջոցով։ 

 

Հարցեր նախապատրաստեք

Գործատուներին հարցեր տալը մի կողմից ցույց է տալիս ձեր հետաքրքրվածությունն աշխատանքի և ընկերության նկատմամբ, մյուս կողմից օգնում է ձեզ լիարժեք պատկերացում կազմել աշխատանքի մասին։ Նախապատրաստեք մի քանի հարցեր, որոնք ամենակարևորն են ձեզ համար։

 

 

Նշումներ արեք

Ինչպես նշեցինք, աշխատանքի տոնավաճառի ընթացքում տեղեկատվությունը կարող է ծավալուն լինել, մանավանդ եթե մեծ է ձեզ հետաքրքրող ոլորտների և ընկերությունների շրջանակը։ Ձեզ մոտ նշումներ անելու հնարավորություն ունեցեք։ Թեկուզ սմաթֆոնում՝ նոթերի հավելվածում նշեք այն ամենը, ինչը կարևոր է տոնավաճառից հետո աշխատանքի դիմելու գործընթացում, օրինակ, ընկերությունների կոնտակտային տվյալները և վեբ կայքերի հասցեները։

 

Դիմեք աշխատանքի

Աշխատանքի տոնավաճառից հետո կարևոր է ժամանակ չկորցնել և դիմել այն պաշտոնների համար, որոնք համապատասխանում են ձեր որակավորումներին և հետաքրքրություններին: Վերանայեք ձեր գրառումները, առանձնացրած աշխատանքները, որոնց ցանկանում եք դիմել և մի մոռացեք մինչ ձեր ռեզյումեն ուղարկելու կոճակը սեղմելը, ևս մեկ անգամ ուսումնասիրել ընկերության կայքը, մի փոքր ավելին իմանալ վերջինիս գործունեության մասին, և իհարկե կցել մոտիվացիոն նամակը։

 

Այն մարդկանց համար, ովքեր ստիպված են եղել մեկ օրում թողնել իրենց բնակավայրը և աշխատանքը և նոր վայրում նոր կյանք սկսել, աշխատանքի տոնավաճառներն ավելին են, քան պարզապես թափուր հաստիքներին ծանոթանալու միջոց։ Դրանք նոր կապեր և ծանոթություններ հաստատելու, վստահության ամրապնդման և տեղահանման հետևանքով կորցրածը վերագտնելու և ոտքի կանգնելու հնարավորություններ են։ Թեև աշխատանքի տոնավաճառներին մասնակցելը ենթադրում է նաև որոշակի մարտահրավերներ, սակայն հստակ իմանալով, թե ինչ է հարկավոր արդյունավետորեն ներկայանալու համար և ցուցաբերելով վճռականություն և համարձակություն, կանեք ձեր առաջին քայլը, որը կարող է վճռորոշ լինել աշխատանք գտնելու գործում։

 

You may like