5 արտահայտություն աշխատանքի հայտարարություններում, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Հաճախ աշխատանքի հայտարարությունները կարդում ենք արագ՝ նայելով պաշտոնի անվանումը, աշխատավարձը, պահանջները, աշխատանքային գրաֆիկը և վերջում սեղմելով «Դիմել» կոճակը։ Բայց երբեմն ամենակարևոր տեղեկությունը ամփոփված է մի քանի սովորական թվացող արտահայտությունների մեջ։
Որոշ ձևակերպումներ կարող են պարզապես ընկերության աշխատանքի ոճը նկարագրել, իսկ որոշները՝ հուշել, որ տվյալ պաշտոնն ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն։ Ահա հինգ արտահայտություն, որոնց հանդիպելիս արժե մի փոքր ավելի ուշադիր կարդալ հայտարարությունը։
1. «Դինամիկ աշխատանքային միջավայր»
Սա ամենատարածված արտահայտություններից մեկն է։ Դինամիկ միջավայրը կարող է նշանակել հետաքրքիր և արագ զարգացող աշխատանք, որտեղ ամեն օր տարբեր խնդիրներ են լուծում։ Բայց այն կարող է նաև նշանակել, որ առաջնահերթությունները հաճախ փոխվում են, գործընթացները հստակեցված չեն, և աշխատակիցը պետք է մշտապես հարմարվի նոր իրավիճակների։
Այդ պատճառով «դինամիկ» բառը տեսնելիս հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչն է այս աշխատանքը դարձնում դինամիկ։ Եթե պատասխանն այն է, որ թիմը արագ է աճում և նոր նախագծեր է սկսում, դա կարող է լավ նշան լինել։ Եթե խոսքը հիմնականում անընդհատ փոփոխվող առաջադրանքների և սեղմ ժամկետների մասին է, պետք է մտածեք, թե արդյոք այդ միջավայրը հարմար է ձեզ։
2. «Պատրաստ լինել կատարել տարբեր այլ առաջադրանքներ»
Մի կողմից՝ սա կարող է պարզապես նշանակել, որ ընկերությունը գնահատում է ճկունությունը, մյուս կողմից՝ երբեմն այս արտահայտությունը թաքցնում է այն փաստը, որ պաշտոնի իրական պարտականություններն ավելի լայն են, քան նշված է հայտարարության մեջ։
Օրինակ, եթե դուք դիմում եք մարքեթինգի մասնագետի պաշտոնի համար, բայց հետագայում պետք է նաև վարեք սոցիալական էջերը, գրեք հոդվածներ, կազմակերպեք միջոցառումներ և զբաղվեք հաճախորդների հետ կապով, արդեն կարելի է խոսել մեկից ավելի պաշտոնների մասին։ Այդ պատճառով փորձեք հասկանալ, թե որքան լայն է նշվող «այլ առաջադրանքների» շրջանակը։
3. «Աշխատանք՝ սեղմ վերջնաժամկետների պայմաններում»
Աշխատանքի յուրաքանչյուր վայրում լինում են ծանրաբեռնված շրջաններ։ Հատկապես որոշ ոլորտներում դա աշխատանքի բնական մասն է։ Բայց եթե «սթրեսակայունությունը» կամ «ճնշման պայմաններում աշխատելու ունակությունը» հայտարարության ամենակարևոր պահանջներից մեկն է, արժե հասկանալ՝ ինչու։ Հնարավոր է, որ պաշտոնը ենթադրում է մշտական սեղմ ժամկետներ, մեծ ծանրաբեռնվածություն կամ հաճախակի արտաժամյա աշխատանք։ Հարցազրույցի ժամանակ կարելի է հարցնել․ «Կարո՞ղ եք օրինակ բերել, թե այս պաշտոնում սովորաբար ինչ իրավիճակներում է առաջանում բարձր ծանրաբեռնվածություն»։
4. «Ընկերական թիմ և ընտանեկան մթնոլորտ»
Սա հաճելի է հնչում։ Ո՞վ չի ցանկանա աշխատել ընկերական թիմում։
Բայց «մենք ընտանիքի պես ենք» արտահայտությունը երբեմն կարող է նաև նշանակել, որ ընկերությունը ակնկալում է աշխատակիցներից ավելի շատ, քան պարզապես նրանց աշխատանքային պարտականությունները։ Օրինակ՝ արտաժամյա մնալը կարող է ներկայացվել որպես «թիմին օգնելու պատրաստակամություն», իսկ սահմանները աշխատանքի և անձնական կյանքի միջև՝ որպես ոչ այնքան կարևոր գործոն։
5. «Աշխատավարձը՝ մինչև …»
Եթե հայտարարությունում նշված է, օրինակ, «աշխատավարձը՝ մինչև 500,000 դրամ», դա դեռ չի նշանակում, որ հենց այդ գումարն եք ստանալու։ «Մինչև» բառը կարող է ներառել բավականին լայն միջակայք։ Այստեղ կարևոր է պարզել՝ ինչից է կախված վերջնական աշխատավարձը․ փորձից, հմտություններից, արդյունքներից, թե՞ այլ պայմաններից։ Եթե հնարավոր է, հարցազրույցի ընթացքում խնդրեք նշել իրական աշխատավարձի միջակայքը տվյալ պաշտոնի համար։
You may also like