Ինչպե՞ս ճիշտ գրել CV, երբ երկար ժամանակ աշխատել եք նույն ընկերությունում
Միևնույն ընկերությունում երկար տարիներ աշխատելը կարող է մեծ առավելություն լինել կարիերայի տեսանկյունից։ Սակայն երբ ժամանակն է նոր աշխատանք փնտրելու, հաճախ առաջանում է մեկ հարց` ինչպե՞ս ներկայացնել այդ տարիները CV-ում այնպես, որ չթվա միապաղաղ։
Տևական աշխատանքային փորձը ինքնին խնդիր չէ։ Կարևորն այն է, թե ինչպես եք ներկայացնում այդ ընթացքում ձեր զարգացումը։
Եթե նույն ընկերությունում աշխատել եք տարբեր պաշտոններում, դրանք կարելի է ներկայացնել առանձին՝ ցույց տալով յուրաքանչյուր պաշտոնում ունեցած պատասխանատվությունները։ Օրինակ՝ եթե ընկերությունում սկսել եք որպես կրտսեր մասնագետ, այնուհետև դարձել եք ավագ մասնագետ և հետո՝ թիմի ղեկավար, կարևոր է ցույց տալ, թե ինչպես է փոխվել ձեր պատասխանատվության մակարդակը։ Նման առաջընթացը կարող է ավելի շատ բան ասել ձեր մասնագիտական զարգացման մասին, քան պարզապես ընկերությունում աշխատած տարիների թիվը։
Եթե տարիների ընթացքում պաշտոնը չի փոխվել, նույնպես կարելի է ընդգծել փոփոխությունները։ Հնարավոր է՝ սկսել եք նոր նախագծերի վրա աշխատել, սովորել եք նոր գործիքներ։ Այս ամենը կարող է ցույց տալ, որ նույն պաշտոնում մնալը չի նշանակել մասնագիտական զարգացման բացակայություն։
Եվ ամենակարևորը՝ երկար տարիներ նույն ընկերությունում աշխատելը պետք չէ ներկայացնել որպես բացատրության կարիք ունեցող հանգամանք։ Դա կարող է վկայել կայունության, ընկերության ներսում զարգանալու և երկարաժամկետ նախագծերի վրա աշխատելու կարողության մասին։
Ձեր CV-ի նպատակը պարզապես ցույց տալը չէ, թե որտեղ և որքան եք աշխատել։ Այն պետք է օգնի հասկանալ, թե ինչ եք սովորել, ինչ եք արել և ինչպիսի փորձ ու հմտություններ կարող եք կիրառել հաջորդ աշխատանքում։
You may also like