Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Նոր մարտահրավերները՝ մասնագիտական աճի աղբյուր

2/22/2021 | 2724 views

Կյանքում մենք հայտնվում ենք տարատեսակ իրավիճակներում, բախվում ենք հազարավոր խնդիրների, որոնք հաճախ խարխլում են մեր վստահությունը թե՛ սեփական ուժերի, թե՛ շրջապատող աշխարհի հանդեպ։

Քիչ չեն նաև աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները, որոնք կարծես մարտահրավեր են նետում մեր դիմացկունությանը։ Նման խնդիրներն, իրականում, անխուսափելի են և կան բոլոր ոլորտներում, բոլոր մասնագիտություններում։ Եվ քանի որ դրանցից խուսափելը գործնականում անհնար է, պետք է առաջնորդվել խնդրի հանդեպ մեր վերաբերմունքը փոխելու մոտեցմամբ։ Գիտենք, շատ տարածված ու «ծեծված» արտահայտություն է, հաճախ՝ բարդ իրականանալի, բայց նմանատիպ իրավիճակները հաղթահարելու միակ ճշմարիտ ուղին է։

Ընդհանրապես, երբ մենք փոխում ենք մեր վերաբերմունքը այս կամ այն խնդրի հանդեպ, դադարում ենք այն որպես խնդիր դիտարկել։ Մոտեցման արդյունավետությունն այդտեղ է թաքնված։ Խնդիրը կորցնում է իր սուր կողմերը և նմանվում մարտահրավերի։ Իսկ մարտահրավերներն օգտակար են ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական աճի համար։ Ցանկացած ընդունված և հաղթահարված մարտահրավեր մեզ ավելի ուժեղ է դարձնում, և շատ կարճ ժամանակ անց մեզ համար մարտահրավերները դառնում են մոտիվացիայի հզոր աղբյուր։

  • Շտկվում են սխալները

Անսխալական մարդ չկա, մանավանդ՝ աշխատանքի մեջ։ Մենք բոլորս ունենում ենք անհաջող օրեր, երբ սխալը սխալի հետևից ենք անում, և դա բերում է մեծ և փոքր խնդիրների։ Սակայն պետք չէ վհատվել․ եթե անհաջողությունն ընդունենք որպես մարտահրավեր, կունենանք դրա դեմ պայքարելու հարուստ գործիքակազմ և կկարողանանք աշխատել առանց սխալների՝ բարձրացնելով մեր աշխատանքի որակը։

  • Բարձրանում է աշխատանքի որակը

Խնդիրները մեզ կոփում են․ սա նորություն չէ, բայց միշտ չէ, որ մարդիկ դրան ուշադրություն են դարձնում։ Ցանկացած խնդիր ստիպում է մեզ ավելի շատ, ավելի ուշադիր աշխատել, ինչի արդյունքում, անկասկած, դեպի լավն է փոխվում աշխատանքի որակը։

  • Մասնագիտական աճ

Երբեմն խնդիրներն այնպիսի բնույթի են լինում, որ մասնագիտական գիտելիքները թարմացնելու, կատարելագործելու կարիք է զգացվում, ինչն էլ հանգեցնում է մասնագիտական աճի։ Յուրաքանչյուր նոր լուծում, նոր գործիք դարձնում են մեզ ավելի ուժեղ մասնագետ։

  • Աշխարհընկալման փոփոխություն

Երբ փոխում ենք մեր մոտեցումներն ու վերաբերմունքը, սկսում ենք աշխարհին լրիվ այլ անկյան տակ նայել։ Փոխվում են աշխարհայացքը, առաջնահերթությունները, երբեմնի կարևոր թվացող խնդիրները կորցնում են իրենց նշանակությունը։ Սա շատ կարևոր պահ է և գործնականում ցույց է տալիս մեր՝ որպես անհատ, փոփոխությունն ու աճը։

  • Հետաքրքրություն

Ձեզ հետաքրքի՞ր չէ, թե ինչի եք ընդունակ։ Ի՞նչ եք կարող անել, ինչի՞ն դիմանալ։ Սա սեփական սահմանները ճանաչելու և ընդլայնելու հիանալի տարբերակ է։ Յուրաքանչյուր մարտահրավեր լրացնում է հետաքրքրությունը, օգնում բացահայտել սեփական անձը։

Սրանք այն օգուտներն են, որոնք մենք քաղում ենք՝ բախվելով նոր մարտահրավերների։ Դրանք նոր փորձ են բերում մեր կյանք, հարստացնում նոր գիտելիքներով ու շտկում մեր մասնագիտական հմտությունները։ Իսկ դա նշանակում է, որ մենք աճում ենք ու դառնում ավելի լավը։

Համաձայնեք, որ կյանքն առանց մարտահրավերների կկորցներ իր դինամիկան ու հետաքրքրությունը։ Կյանքը նման է խաղի, իսկ խաղն առանց դժվարությունների հաղթահարման չի կարող լինել։

Մաղթում ենք, որ ձեր կյանքում և մասնագիտական ճանապարհին շատ լինեն հաղթահարելի և օգտակար մարտահրավերները, որոնք կօգնեն աճել և առաջ գնալ՝ դարձնելով ձեզ իսկապես ուժեղ ու անփոխարինելի մասնագետ։

You may like