Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ի՞նչ տեսքով ներկայանալ հարցազրույցի

2/28/2020 | 5205 views

Ինչպես ասում են՝ «դիմավորում են հագուստով, իսկ ճանապարհում՝ խելքով»։ Եվ որքան էլ փոփոխվի ու զարգանա աշխարհը, որքան էլ որ շեշտադրվի բովանդակությունը, մարդիկ շարունակում են առաջին տպավորությունը ձևավորել՝ հիմնվելով դիմացինի արտաքինի վրա։

Մարմնի լեզվի մեջ, ժեստերից զատ, խոսում են նաև հագուստը, խնամվածությունը։ Եվ եթե քո նպատակն է հարցազրույցի ընթացքում թողնել դրական տպավորություն, պետք է օգտագործել բոլոր ալիքները, այդ թվում՝ արտաքին տեսքը։

Եկեք արձանագրենք, որ բոլորն էլ նախընտրում են գործ ունենալ «գեղեցիկ» մարդկանց հետ՝ հաճախ այդ բառն օգտագործելով, երբ նկատի ունեն ճաշակով, կոկիկ հագնված, խնամված և հարդարված մարդկանց։

Գործատուն կամ HR մասնագետը բացառություն չեն․ մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու փորձը գնահատելուց զատ՝ նրանք կարևոր են համարում նաև ապագա աշխատակցի արտաքին տեսքը, ներկայանալիությունը։

Հարցազրույցին ներկայանալիս պետք է հաշվի առնել ոլորտը և հաստիքը, որի համար քեզ դիտարկում են։

Job.am-ն անդրադարձել է արտաքին տեսքի վերաբերյալ պահանջներն՝ ըստ ոլորտների։

 

  • Պետական համակարգ, իրավագիտական, ֆինանսական ոլորտներ

Սրանք համարվում են ամենապահպանողական ոլորտները, ուստի լավագույն տարբերակը կլինի ներկայանալ գործնական, պաշտոնական ոճով։

Նախապատվությունը պետք է տալ դասական կոստյումին, վերնաշապիկներին, բլուզներին, փակ կոշիկներին։ Տղամարդկանց համար շատ ցանկալի է փողկապը, կանանց դեպքում պարտադիր են զուգագուլպաները։ 

Այս ոլորտը խիստ է, պահանջում է աշխատողի զգոնություն ամեն մանրուքի մեջ։

 

  • Ադմինիստրատիվ ոլորտ

Այստեղ միջին տարբերակ է՝ ոչ շատ խիստ գործնական, ոչ շատ ազատ առօրյա։ Լավագույն տարբերակը տաբատն է և վերնաշապիկը՝ առանց ավելորդ ճոխությունների, բայց հետքաքրքիր լուծումներով։ Ընտրած հագուստը քո մասին պետք է ասի, որ պատասխանատու, կոկին, պարտաճանաչ և խելամիտ մարդ ես։

 

  • Վաճառքների ոլորտ

Հագուստի ընտրությունը կախված է այն բանից, թե ինչ պրոդուկտ եք վաճառելու։

Զվարճանքի ոլորտում աշխատելու համար թույլատրվում է վառ, հետաքրքիր կերպարի մեջ լինել՝ հիշելով չափի զգացողության մասին։

Սննդի կետերում, սուպերմարկետներում աշխատանքի անցնելու հարցազրույցներին լավ է ներկայանալ կոկիկ, զուսպ և չափավոր առօրյա կերպարով։

Վաճառքի մենեջերները պետք է ավելի գործնական տեսք ունենան, քանի որ մեծամասամբ գտնվում են B2B դաշտում և գործ ունեն գործընկեր կազմակերպությունների հետ։

 

  • IT, մարքեթինգ

IT-ն երևի միակ ոլորտն է, որտեղ իսկապես ուշադրություն չեն դարձնում մասնագետի արտաքին տեսքին, եթե նա ղեկավար պաշտոն չի զբաղեցնելու։ Դու կարող ես ներկայանալ պարզապես ջինսով ու շապիկով։ Սա է նաև հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է IT-ն այդքան գրավիչ։

Մարքեթինգային ընկերությունները մեծամասամբ ողջունում են ազատ ոճի հագուստը․ կարևորն այն է, որ աշխատակիցներն իրենց հարմար զգան աշխատավայրում։

Ի դեպ, եթե չես կողմնորոշվում հագուստի ընտրության հարցում կամ կարծում ես, որ կա դրես կոդ, կարող ես այդ հարցը տալ հենց ռեքրութերին․ դա փոքրիկ, բայց շատ դրական ազդեցություն կունենա, չէ՞ որ ապացուցում է, որ հետաքրքրված ու շահագրգռված ես աշխատանքով։

Կան մի քանի կետեր, որոնց ևս պետք է ուշադիր լինել։ Ահա դրանք․

Ձեռքեր
Ձեռքերն ու եղունգները պետք է լինեն խնամված, մաքուր։ Քո ձեռքերն, ամենայն հավանականությամբ, լինելու են սեղանին, և դրանց ուշադրություն են դարձնելու։ 

Մեր հասարակության մեջ ընդունված չէ տղամարդկանց մատնահարդարումը, բայց այն պարտադիր է․ անհարթ եղունգներով ու վերքերով մատները ոչ ոքի չեն գեղեցկացնում։

Կանանց խորհուրդ է տրվում խուսափել շատ երկար, վառ ու գերզարդարված արհեստական եղունգներից, դրանք համապատասխան չեն գործնական ոլորտին։

Կոկիկություն
Պետք է բացառել ցանկացած ոչ թարմ հոտ, մազեր։ Չես պատկերացնի, թե ինչ կարևորություն ունի թարմ տեսքը և ինչ որոշիչ դեր կարող է ունենալ աշխատանքի ընդունման հարցում։ Ծխող մարդիկ պետք է առավել ուշադիր լինեն թարմ շնչառությանը, քանի որ ծխախոտի հոտն այն չէ, ինչ պետք է քեզ ուղեկցի հարցազրույցի սենյակ։

Կանանց դեպքում կոկիկությունը վերաբերում է նաև դիմահարդարմանը․ ուշադիր եղիր, որ շրթներկը չմնա ատամներին, թարթչաներկը չլղոզվի կոպերին։ Դրանք մանրուքներ են, որոնց պետք է շատ ուշադիր լինել։

Կոշիկներ
Անկախ նրանից՝ դրսում ինչ եղանակ է, կոշիկները պետք է մաքուր լինեն։ Եթե հանրային տրանսպորտում կամ փողոցում ինչ-որ միջադեպ է եղել, և կոշիկները կեղտոտվել են, օգտագործիր անձեռոցիկներ և կարգի բեր դրանց տեսքը։ Առհասարակ, ընդունված է կարծել, որ առաջին հանդիպման ժամանակ մարդիկ ուշադրություն են դարձնում կոշիկների տեսքին և ըստ դրա եզրակացություններ անում։

Զարդեր
Հավասարապես վատ են և՛ շատ էժանագին զարդերը, և թանկարժեք մետաղների առատությունը կերպարի մեջ։ Լակոնիկ մատանի, ժամացույց, փոքրիկ կախազարդ․ ցույց մի տուր քո ունեցվածքը գործատուին, դա նրան առհասարակ չի հետաքրքրում։

 

Ճիշտ ընտրված հագուստը, խնամված տեսքն ու կոկիկությունը մեծ ազդեցություն կարող են ունենալ հարցազրույցի արդյունքի վրա։ Ուշադի՛ր եղիր դրանց, և կտիրապետես հաջողակ հարցազրույցի գործիքակազմին։

You may like