Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ինչ պետք չէ անել հարցազրույցի ժամանակ

12/16/2019 | 5307 views

Անկախ նրանից՝ նորավարտ ուսանող ես, թե փորձառու մասնագետ՝ կան բաներ, որոնք բացասական են ազդում հարցազրույցի արդյունքների վրա։

Հիմնվելով սեփական փորձի վրա՝ Job.am-ն առանձնացրել է մի քանի կետ, որոնք պետք է բացառել, եթե հարցազրույցի ես։ Իհարկե, բարձր որակավորումն ու մասնագիտական գիտելիքներն առաջնային են, դա փաստում են նաև փորձառու HR-ները, բայց երբեմն անգամ ամենահամապատասխան թեկնածուն փչացնում է արդյունքը։

 

Ահա այն կետերը, որոնք պետք է բացառել

Ուշանում ես կամ չես գալիս առանց զգուշացնելու.

Հնարավոր չէ ամեն ինչ գերազանց ծրագրել, անգամ գերազանց ծրագրելու դեպքում ոչ ոք ապահովագրված չէ անկանխատեսելի իրավիճակներից ու դեպքերից։ Առանց նախազգուշացման ուշացումը կամ առհասարակ հարցազրույցին չներկայանալը խիստ անհարգալից վերաբերմունք է մարդկանց հանդեպ։

Փորձիր ամեն ինչ անել, որ պայմանավորված ժամին լինես տեղում, իսկ եթե ոչ մի կերպ չի ստացվում՝ զանգահարիր ու զգուշացրու, որ ուշանում ես կամ չի հարմարվում գնալդ։ Հարգալից վերաբերմունքն ուրիշի ժամանակի հանդեպ շատ բարձր է գնահատվում ցանկացած հարաբերություններում։

Տեղեկացվածության պակաս.

Թեկնածուին վատ բնութագրող մյուս կետը, որ առանձնացնում են HR-ները, վերաբերում է դիմած կազմակերպության մասին տեղեկացվածության պակասին։

Ոչ ոք չի ասում, որ դու պետք է անգիր անես հիմնադրման տարեթիվը, հիմնադիրների անունները և նախասիրությունները, բայց բավականաչափ տեղեկացվածությունը կազմակերպության մասին շատ կարևոր է հենց առաջին հերթին քեզ համար, չէ՞ որ պետք է իմանաս՝ ուր ես գնում, ում հետ ես աշխատելու։

Առհասարակ, խորհուրդ է տրվում մինչև հաստիքին դիմելը ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, ինչու չէ՝ կարդալ կազմակերպության մասին տարբեր կարծիքներ, հրապարակումներ՝ հասկանալու համար, թե ինչ հեղինակություն ունի այն։

Վստահ եղիր, որ հարցազրույցի ժամանակ պարտադիր հնչելու է «Ի՞նչ գիտեք մեր կազմակերպության գործունեության մասին» հարցը։ Այդպես HR-ները գնահատում են, թե որքանով ես հետաքրքրված աշխատանքով։ Այստեղ «թքած ունենալու» նուրբ արվեստը չի աշխատում, անգամ եթե հազարավոր տեղեր ես ուղարկել CV-դ ու արդեն հոգնել ես աշխատանքի որոնումներից։

Նախնական պատկերացում չունես աշխատանքի բնույթի մասին.

Հաջորդ կետը նման է նախորդին․ թեկնածուն նախնական պատկերացում չունի աշխատանքի բնույթի մասին։ Փորձառու մասնագետներն, իհարկե, դժվար նման կերպ իրենց դրսևորեն, բայց անհրաժեշտ է, որ ճշտումներ անես՝ ինչ նկատի ունի գործատուն, երբ տեղադրել է հայտարարությունը։ Քիչ չեն դեպքերը, երբ միևնույն հաստիքը տարբեր ընկերություններ տարբեր կերպ են անվանում, կամ նույն հաստիքը տարբեր որակումներ ու պահանջներ ունի։ Որքան շատ ես տեղեկացված, այնքան ավելի արդյունավետ կլինես հարցազրույցի ժամանակ։

Հարցեր չես տալիս.

Հիշի՛ր, որ հարցազրույցը հարցաքննություն չէ, դու էլ կարող ես հարցեր տալ։ Հարցազրույցն ամենալավ ժամանակն է, երբ պետք է պարզես՝ ինչպես է կազմակերպվում աշխատավարձը, արձակուրդը, ապահովագրությունը։ Պարզի՛ր քեզ հետաքրքրող բոլոր մանրամասները, որպեսզի վերջնական որոշում կայացնելիս վստահ լինես, որ չես սխալվի։

Փորձեք խուսափել այս կետերից՝ փոխարենը պահպանելով մի քանի կանոններ․

  • Հարցեր տուր․ թող քեզ համար ապագա աշխատանքում անհայտ կետ չմնա։
  • Զգուշացրու, եթե հարցազրույցին ներկայանալու հետ կապված խնդիրներ կան։
  • Ուսումնասիրիր կազմակերպությունը, դրա գործունեությունը։

Ասում են՝ հաջողված հարցազրույցը գործի կեսն է։ 

Job.am-ը քեզ դրական արդյունքով հարցազրուցներ է մաղթում։

You may like