Get our free app. It won't take up space on your device
Բիզնես և մարքեթինգ

Կամուրջ՝ աշխատանք փնտրողի և գործատուի միջև․ Job.am-ը մասնակցեց Career City Fest-ին

11/3/2023 | 5406 views

Աջակցել աշխատանք փնտրող մեր հայրենակիցներին, առաջին հերթին՝ արցախցիներին՝ զբաղվածություն ձեռք բերելու և այդ նպատակով հմտությունները զարգացնելու հարցում․ Career City Fest-ի նպատակը և Job.am-ի առաքելությունը հենց այս կետում համընկան։ Արդյունքում մեր թիմը որոշեց անպայման մասնակցել ֆեսթին։

 

Ինչպե՞ս էինք նախապատրաստվում

Կազմակերպչական հարցերից զատ մեզ համար կարևոր էր բովանդակային առումով հագեցած և համապարփակ տեղեկատվություն փոխանցելը․ չէ՞ որ Job.am-ում ունենք բազմաթիվ գործիքներ, որոնց նպատակն է աջակցել աշխատանք փնտրողներին։ Մեր նպատակն էր ֆեսթի շրջանակներում հետաքրքրվողներին տեղում՝ պրակտիկ քայլերի միջոցով ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք տալիս է մեր հարթակը։

 

Քեզ փնտրում են․ այս անգամ ֆեսթին ներկայացանք հենց այս կարգախոսով։ Մեր հարթակում գրանցվելով՝ ձեր ռեզյումեն հասանելի եք դարձնում հազարավոր հայաստանյան և արտասահմանյան գործատուների համար, ովքեր, որոնելով իրենց անհրաժեշտ մասնագետներին, կարող են մեր բազայում գտնել նաև ձեզ և ուղարկել հարցազրույցի մասնակցելու հրավեր։ Մենք հավատում ենք յուրաքանչյուր մասնագետի ներուժին և ջանքեր չենք խնայում այնպիսի համակարգերի ներդրման գործում, որոնք կօգնեն ձեզ ստանալ աշխատանքի առաջարկ։ 

 

 

Հին արժեքներով և նոր գործիքակազմով

Տարիների ընթացքում մեր արժեհամակարգը և առաքելությունը մնացել են նույնը՝ աջակցել աշխատանք փնտրողներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում գտնել այն և օգնել գործատուներին՝ բարձրակարգ մասնագետների արագ և արդյունավետ հավաքագրման գործում։ Սակայն տարիների ընթացքում, պայմանավորված աշխատաշուկայի փոփոխություններով և տեխնիկական առաջընթացով, կատարելագործվել է հարթակի գործիքակազմը։ Ֆեսթը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց, որպեսզի հետաքրքրվողներին հստակ պատկերացում տանք մեր հարթակի գործունեության, հիմնական առաքելության և գործիքների մասին։

 

Գրեթե բոլորը, ում հետ այդ օրը զրուցեցինք, ծանոթ էին հարթակին։ Շատերին, սակայն, հաճելիորեն զարմացրեց մեր նոր գործիքներից մեկի՝ ResumeBuilder-ի առկայությունը։ Վերջինս հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ստեղծել ռեզյումե կամ մի քանի ռեզյումեներ՝ դարձնելով դրանք տեսանելի թափուր հաստիքներ առաջարկող գործատուների համար։ Շատերը տեղում, մեր թիմի օգնությամբ, ստեղծեցին իրենց ռեզյումեները՝ միանալով այն հազարավոր մասնագետներին, ովքեր աշխատանք են փնտրում մեր հարթակի միջոցով։

 

Աշխատանք փնտրող շատ մարդիկ, ովքեր ծանոթ չէին հարթակին, տեղեկանալով առաջարկվող թափուր հաստիքների քանակին, ցանկություն հայտնեցին գրանցվել և փնտրել իրենց հետաքրքրող առաջարկներ՝ կայքում առկա բազմաթիվ աշխատանքի հայտարարությունների մեջ։

 

Մեր թիմի համար կարևոր էր այն հանգամանքը, որ ֆեսթի շրջանակներում հնարավորություն ունեցանք դեմ առ դեմ հանդիպել աշխատանք փնտրող մարդկանց և հնարավորինս պարզ բացատրել կայքի հնարավորությունները և օգտագործման կանոնները, ինչպես նաև աջակցել նրանց այնպիսի տեխնիկական հարցերում, ինչպիսիք են գրանցվելը, ծանուցումներն ակտիվացնելը և ռեզյումե պատրաստելը։ 

 

Աշխատանք որոնող այն մարդիկ, ովքեր դեռևս գրանցված չէին Job.am-ում, տեղեկանալով մեր հարթակում անձնական էջ ունենալու առավելությունների մասին,  ցանկություն հայտնեցին տեղում գրանցվել։ Նրանք բարձր գնահատեցին ոչ միայն գրանցվելու գործընթացի պարզությունը և արագությունը, այլև անձնական էջի միջոցով մեկ քլիքով հետաքրքրող հաստիքին դիմելու, ծանուցումներ ակտիվացնելու և այլ  հնարավորությունները։ 

 

 

Մտքերի փոխանակում՝ աշխատաշուկայի մասին

Մենք միշտ կարևորել ենք նման միջոցառումներում մեր մասնակցությունը, քանի որ ոչ միայն մեր հետևորդներին և օգտատերերին նորությունների մասին տեղեկացնելու, այլև նրանց հետ շփվելու և նրանց կարծիքը լսելու հնարավորություն ենք ունենում։ Նման զրույցներն օգնում են մեզ նոր համակարգեր նախագծելիս և ներդնելիս հաշվի առնել թե՛ աշխատանք փնտրողների և թե՛ գործատուների կարիքները և պահանջները։ Այս անգամ ևս ունեցանք արդյունավետ քննարկումներ և տեղեկատվության փոխանակում։

 

Արժեքավոր էին նաև շփումները ֆեսթին մասնակցող մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ, ովքեր, ծանոթանալով ինտերակտիվ  ResumeBuilder-ին, նշեցին, որ կառաջարկեն թեկնածուներին ռեզյումե ստեղծելիս օգտագործել այն․ չէ՞ որ մեր ResumeBuilder-ի միջոցով պատրաստված ռեզյումեն կարող եք կիրառել ոչ միայն մեր հարթակում, այլև ներբեռնել և ուղարկել գործատուներին այլ հաղորդակցական միջոցներով, օրինակ՝ գործատուի էլեկտրոնային հասցեին։

 

Հաշվի առնելով, որ մեր բոլոր գործիքների նպատակը աշխատանքի որոնման գործընթացի հարմարավետության և արդյունավետության ապահովումն է՝ ֆեսթի շրջանակներում հնարավորություն ունեցանք նաև տեղում իրականացնել աշխատանք փնտրողների կարիքների գնահատում՝ պարզելով, թե ինչպիսի գործիքներ և համակարգեր են անհրաժեշտ՝ գործընթացը նրանց համար ավելի արդյունավետ դարձնելու համար։ 

 

Ինչ է լինելու հաջորդիվ

Career City Fest-ի հարկի տակ հավաքված հայաստանյան բազմաթիվ գործատուներին միանալը մեր կողմից ևս մեկ քայլ էր՝ ուղղված տարիներ շարունակ անփոփոխ մեր առաքելության իրագործմանը՝ աշխատանք գտնելու հարցում մարդկանց աջակցելուն։

 

Նմանատիպ միջոցառումներին Job.am-ի մասնակցությունը լինելու է շարունակական ճիշտ այնպես, ինչպես մեր ամենօրյա աշխատանքն է։ Այսպիսի հարթակներում հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ժամանակ առ ժամանակ ներկայանանք մեր օգտատերերին՝ ոչ միայն նոր և թարմացված հաստիքներով, այլև նոր գործիքներով՝ նախատեսված թե՛ թեկնածուների և թե՛ գործատուների համար։ Ժամանակից առաջ անցնելով նշենք, որ նոր գործիքակազմը, որը շուտով ներկայացնելու ենք, երկար չի սպասեցնի։

 

You may like