Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս ընդունել քննադատությունն աշխատավայրում

8/27/2023 | 23154 views

Աշխատավայրում անառողջ շփումն ազդում է ոչ միայն գործընկերների հոգեբանական վիճակի և տրամադրության, այլև նրանց ֆիզիկական բարեկեցության և կատարողականի արդյունավետության վրա։ Աշխատանքում շատ հաճախ լարվածության և անգամ սթրեսի պատճառներից մեկը քննադատությունն է վերադասի կամ գործընկերների կողմից։

 

Որքան էլ քննադատություն լսելը տհաճ լինի, այնուամենայնիվ, հնարավոր է այն ընդունել որպես դրական փորձառություն։ Խոսքը նախ և առաջ կառուցողական քննադատության մասին է, որի նպատակը ոչ թե անձի կատարած աշխատանքը թերագնահատելն է կամ նրա ջանքերի կարևորությունը և արժեքը դիտավորյալ նվազեցնելը, այլ հիմնավորված դատողությունների միջոցով ավելի լավ աշխատանք կատարելու հարցում աշխատակցին օգնելը։

 

Աշխատավայրում, ինչպես և կյանքում, իրավիճակները և մարդկանց ներգրավվումը դրանցում կարող է տարբեր նպատակներ հետապնդել։ Հնարավոր է՝ որևէ անազնիվ ղեկավար քննադատի կատարված աշխատանքը՝ խուսափելու համար առաջիկայում նախատեսված աշխատավարձի բարձրացումից՝ ցույց տալով աշխատակցին, որ նա չի վաստակել այդ բարձրացումը։ Իսկ այն ղեկավարը, ով գնահատում է աշխատակիցների ջանքերը և ազնիվ է վերջիններիս հետ, կարող է դիմել կառուցողական քննադատության՝ ուղղորդելու և դրական արդյունքների հասնելու մտադրությամբ։

 

Ինչպե՞ս վերաբերվել ձեր աշխատանքի վերաբերյալ հնչող քննադատությանը և ինչպե՞ս արձագանքել դրան․ այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

 

Ի՞նչ է կառուցողական քննադատությունը

Որոշ աշխատավայրերում, որտեղ թունավոր մթնոլորտ է տիրում, ընդունված է միմյանց կոշտ քննադատության ենթարկելը։ Այս պարագայում նման մոտեցումը կազմակերպության մշակույթի մաս է կազմում։ Նման միջավայրում կառուցողական քննադատությունն իր տեղը զիջում է անձի վրա «‎հարձակումներին», մինչդեռ կառուցողական քննադատությունը լավ հիմնավորված և բովանդակալից արձագանքն է, որը կարող է օգնել ձեզ զարգանալ աշխատանքում: Այն որևէ աղերս չունի մեղադրանքի, անձին ամաչեցնելու կամ նրա հեղինակությանը վնաս պատճառելու մտադրությունների հետ։ 

 

Կառուցողական քննադատություն կարող եք լսել կատարողականի գնահատման ժամանակ, մարդկային ռեսուրսների մասնագետի կամ ձեր անմիջական ղեկավարի հետ հանդիպմանը։ Ստորև ներկայացվող խորհուրդները կօգնեն ճիշտ գնահատել և արդյունավետորեն արձագանքել կառուցողական քննադատությանը։

 

 

Փնտրեք քննադատողի մտադրությունը

Կառուցողական քննադատությանը արձագանքելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ դրա նպատակը: Հիշեք, որ կառուցողական կարծիքներ արտահայտող մարդիկ ցանկանում են այդպիսով օգնել, այլ ոչ թե նվաստացնել կամ վշտացնել ձեզ: Կառուցողական գնահատական տալով ձեր աշխատանքին՝ ղեկավարը կամ գործընկերը նշում է փոփոխման և բարելավման կարիք ունեցող ոլորտները: Եթե ձեր աշխատանքի վերաբերյալ կառուցողական քննադատություն եք լսում, ապա փորձեք ընդունել դա որպես դրական փոփոխություններ կատարելու ազդանշան, որն առաջին հերթին օգտակար կլինի հենց ձեզ համար՝ օգնելով ավելի արդյունավետ աշխատանք կատարել։

 

Հրաժարվեք հուզական արձագանքներից և արդարանալու ցանկությունից

Քննադատություն լսելը հաճելի գործընթաց չէ և, բնականաբար, չի բացառվում, որ առաջին ռեակցիան լինի զգացմունքային: Բնական է, որ ցանկանաք արդարացնել ձեր որոշումները և բացատրել, թե ինչու եք այդպես վարվել։ Որքան էլ բարդ լինի, ձեր փաստարկները ներկայացնելիս պետք է փորձեք բացառել զայրացած կամ ագրեսիվ արձագանքը։ 

 

Կառուցողական քննադատությունը միտված է դեպի ապագան, քանզի այն նպատակ ունի օգնել բարելավել ձեր աշխատանքի արդյունքները հետագայում: Հետևաբար, հնարավոր է, կարիք չլինի բացատրել ձեր նախկին որոշումները կամ գործողությունները: Երբ զգում եք, որ հնչող քննադատությունը հետապնդում է ձեզ աջակցելու նպատակ, ապա պատրաստ եղեք լսել այն և հաջորդիվ համապատասխան քայլերի դիմել։ Երախտապարտ եղեք այնպիսի քննադատական արձագանքի համար, որը օգտակար է եղել և օգնել է զարգացնել որոշակի հմտություններ կամ աշխատանքը կատարել ավելի արդյունավետորեն։

 

Մարմնի լեզուն շատ հաճախ կարող է խոսել այն ամենի մասին, ինչը փորձում ենք թաքցնել։ Դեմքի միմիկան և մարմնի անհանգիստ շարժումները վերահսկելը, երբ ձեզ քննադատում են, իսկապես բարդ է։ Փորձեք վերահսկել այն ոչ-վերբալ ազդանշանները, որոնք զրուցակիցը կարող է սխալ հասկանալ կամ մեկնաբանել։ Խոսելիս համոզվեք, որ ձեր ձեռքերը խաչված չեն կրծքին և պահպանեք աչքերի կոնտակտը։ Դանդաղ և համաչափ շնչեք, որպեսզի նվազեցնեք սթրեսի մակարդակը և հանգստանաք մինչ ինչ-որ բան ասելը: 

 

 

Եղեք բաց և ակտիվորեն լսեք

Քննադատությունը կարող է օգտակար լինել, սակայն միայն այն դեպքում, երբ բաց եք այն լսելու համար: Մտածեք, որ քննադատողը ազնիվ մտադրություններ ունի և ցանկանում է ոչ թե ձեզ նեղացնել, այլ ուղղորդել։ Եթե անգամ զրուցակիցը նրբանկատ չէ, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ վիրավորելու նպատակ է հետապնդում։ Գիտակցումը, որ քննադատությունը կարող է օգնել ձեզ զարգանալ և՛ անձնապես, և՛ մասնագիտորեն կնախապատրաստի այն ավելի հանգիստ լսելուն և ընդունելուն: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում դիմացինը, և որքանով է ձեր կատարած աշխատանքին նրա կողմից տրվող գնահատականը օբյեկտիվ: Ակտիվ լսելը ենթադրում է հարկ եղած դեպքում հարցեր տալը և ճշգրտումներ անելը, ինչը կօգնի ձեզ հասկանալ քննադատությունը և ապա որոշել, թե որն է լինելու ձեր արձագանքը։ 

 

Բարձրացրեք այն հարցերը, որոնց վերաբերյալ ձեր և զրուցակցի հայացքները տարբերվում են։ Եթե քննադատության մեջ ինչ-որ բան կա, որի հետ համաձայն չեք, հնարավորինս արագ պարզաբանում ստացեք: Հստակեցրեք ակնկալիքները ձեզանից, որպեսզի ձեր ձեռնարկած հետագա քայլերը համապատասխանեն պահանջներին։ Եթե լավ չեք պատկերացնում, թե ինչ սպասումներ ունի գործատուն, ապա խնդրեք կոնկրետ օրինակով հիմնավորել քննադատությունը։ Մի երկմտեք առաջարկների մասին հարցնել․ միգուցե գործատուն խնդրի հետ կապված իր հստակ տեսլականն ունի։ Կարող եք, օրինակ, հարցնել․ «Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող եմ դա անել ավելի լավ»:

 

Ակտիվ լսելու ունակությունը նաև ենթադրում է, որ հարկ եղած դեպքում կարող եք գրավոր նշումներ անել ձեզ մոտ։ Օրինակ, եթե ղեկավարը քննադատում է ձեր կազմած զեկույցը, ապա օգտակար կլինի, եթե ձեզ մոտ կոնկրետ կետերով նշեք, թե ինչն է հարկավոր ուղղել։

 

Քննադատությունը մի ընդունեք որպես անձնական դիտողություն

Քննադատությանը պրոֆեսիոնալ կերպով արձագանքելու համար հարկավոր է ընդունել, որ այն անձնական չէ: Քննադատությունը վերաբերում է ոչ թե ձեր անձնային հատկանիշներին և որակներին, այլ այն աշխատանքին, որը կատարում եք։ Ցանկացած՝ թե՛ բացասական և թե՛ դրական մեկնաբանություն հավասարապես արժեքավոր են։ Բացասական արձագանքը առաջընթացի հնարավորություն է տալիս: 

 

 

Գնահատեք ձեր աշխատանքը և վերահսկեք ինքնաքննադատությունը

Որքան էլ գիտակցեք, որ կառուցողական քննադատությունը անձնական չէ, գուցե այն պատճառ հանդիսանա, որ սկսեք քննադատաբար նայել ինքներդ ձեր բոլոր գործողություններին: Հիշեք, սակայն, որ ոչ ոք անթերի չէ: Բոլորն էլ մշտապես սովորում են, և պնդումը, որ պրակտիկան լավագույն ուսուցիչն է, ապացուցում է դա։ Վերհիշեք ձեր մասնագիտական ձեռքբերումները և համոզված եղեք, որ ապագայում դրանք ավելի շատ են լինելու, քանի որ հետևություններ եք անելու նաև քննադատությունից։

 

Եղեք նախաձեռնող և ներկայացրեք հետագա գործողությունների արդյունքները

Որոշ ժամանակ անց, երբ հիմք ընդունելով ձեր աշխատանքի վերաբերյալ հնչած դատողություններն, արդեն իսկ իրականացրել եք որոշակի փոփոխություններ և գրանցել արդյունքներ, նախաձեռնեք հանդիպում ղեկավարի հետ։ Դա ցույց կտա, որ դուք ականջալուր եք եղել և լրջորեն եք տրամադրված ձեր աշխատանքը բարելավելու հարցում: Պատրաստեք օրինակներ, թե ինչ քայլեր եք ձեռնարկել և ինչպիսի արդյունքներ եք արձանագրել: Օրինակ, եթե ձեր ղեկավարը դժգոհել է սոցիալական մեդիայի հրապարակումների հաճախականությունից, ապա կարող եք ներկայացնել շաբաթական երկուսի փոխարեն չորս անգամ կատարված հրապարակումների ցանկը։

 

 

Զրույցի վերջում մի մոռացեք շնորհակալություն հայտնելու մասին: Որքան էլ դժվար լինի ընդունել քննադատությունը, այնուամենայնիվ, կարևոր է լինել քաղաքավարի և շնորհակալություն հայտնել մարդկանց այն ժամանակի համար, որը նրանք տրամադրում են՝ օգնելով բարելավել ձեր աշխատանքը: 

 

Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, մի բան փաստ է՝ մենք անխուսափելիորեն քննադատության ենք ենթարկվում մեր կյանքի և գործունեության տարբեր բնագավառներում, հետևաբար լավագույն լուծումը ոչ թե քննադատությունը հերքելն է, այլ դրան ճիշտ արձագանքելը։ Այս հմտությունը կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ցավագին են ընդունում այլոց կարծիքները և հակված են ինքնաքննադատության։ Վերոնշյալ մոտեցումները կօգնեն հավասարակշռված վերաբերմունք դրսևորել քննադատության նկատմամբ և այն օգտագործել ի նպաստ սեփական աճի և զարգացման։ 


 

You may like