Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Ավելի ուժեղ թիմ. թիմբիլդինգի հնարավորություններն ամռանը

7/13/2023 | 2559 views

Ամառային տաք և արևոտ եղանակը հրաշալի ժամանակահատված է ոչ միայն արձակուրդի, այլև թիմային հետաքրքիր ժամանցի համար։ Բաց մի թողեք ամռանը թիմի հետ միասին մնայուն հիշողություններով աշխատանքային առօրյայի միապաղաղ ընթացքը փոփոխելու և թարմացնելու համար։

 

Թիմբիլդինգի ձևաչափերը տարբեր են՝ խնջույքներից մինչև բարեգործական նախաձեռնություններում մասնակցությունը։ Բոլոր տարբերակներն էլ կարող են հետաքրքիր և օգտակար փորձառություն լինել ձեր թիմի համար։ 

 

Ինչպե՞ս կազմակերպել ժամանցը թիմակիցների հետ, թիմբիլդինգի ո՞ր տեսակները կիրառել և ինչպե՞ս վերածել սովորական հավաքույթը անմոռանալի թիմային փորձառության։ Ընթերցեք մեր այսօրվա բլոգը` այս հարցերի պատասխանները ստանալու համար և, իհարկե, ընտրեք թիմբիլդինգի առաջարկվող տարբերակներից մեկը` ձեր թիմի ամառը հիշարժան դարձնելու համար։

 

Դե ինչ, շատերի համար տարվա ամենասպասված եղանակն ընթացքի մեջ է։ Բոլոր դրական կողմերի հետ մեկտեղ, սակայն, ամռանը բազմաթիվ ընկերություններ նկատում են, որ աշխատակիցների արդյունավետությունը նվազում է։ Սա ևս մեկ պատճառ է ամռանը թիմբիլդինգի մասին մտածելու համար․ չէ՞ որ համատեղ զվարճալի ժամանցի արդյունքում աշխատակիցները կթոթափեն ամենօրյա հոգնածության և լարվածության բեռը՝ նոր ուժերով անցնելով աշխատանքին։

 

Ամառային ամիսները բացօթյա թիմբիլդինգի իրականացման համար ամենահարմար ժամանակահատված են։ Ստորև ներկայացնում ենք ամառային թիմբիլդինգի մի քանի տարբերակներ, որոնք կարող եք իրականացնել ինչպես ֆիզիկապես գտնվելով նույն տարածքում, այնպես էլ վիրտուալ կամ հիբրիդային տարբերակով։

 

 

Ուրախ ժամեր

Ամառային ամիսներին սահմանեք և կանոնավոր կերպով իրականացրեք, այսպես կոչված, ուրախ ժամեր։ Ամառային ուրախ ժամերի հիմնական նպատակն է ստեղծել հաճելի և հանգիստ մթնոլորտ: Պաշտոնական հանդիպումների սենյակի փոխարեն թիմի անդամները կարող են հավաքվել ավելի ոչ պաշտոնական միջավայրում, օրինակ, գրասենյակի տանիքում, բացօթյա պատշգամբում կամ որևէ հարմար ժամանցային վայրում։

 

Չենք մոռանում թիմային ոգին խթանելու նպատակի մասին, որի համար լավագույն տարբերակն ինտերակտիվ խաղերն են, որոնք խրախուսում են թիմակիցների միջև համագործակցությունը, հաղորդակցությունը և թիմային աշխատանքը: Թեմատիկ վիկտորինաներ, թիմային մարտահրավերներ կամ ընկերական մրցումներ․ այս դեպքում թվարկված բոլոր տարբերակներն էլ հարմար են։ 

 

Ուրախ ժամերի համար նախատեսեք ըմպելիքներ՝ ներառյալ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, և թեթև նախուտեստներ՝ այդ թվում նաև բուսակերների համար, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր նախասիրություններին համապատասխան տարբերակը։ Եթե միջոցառումն իրականացնում եք հեռավար տարբերակով, ապա խրախուսեք աշխատակիցներին ընտրել հարմարավետ բացօթյա տարածք, թեկուզ օրինակ, իրենց տան բակում, ինչպես նաև հատկացրեք գումար՝ սննդի և խմիչքի համար, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն պատվիրել իրենց սիրելի ուտեստները և միանալ ընդհանուր հավաքույթին` անկախ նրանից, թե որտեղից են աշխատում:

 

Որքան էլ մեծ լինի ցանկությունը, որպեսզի բոլորը մասնակցեն թիմային ժամանցին, այնուամենայնիվ մասնակցությունն ուրախ ժամերին դարձրեք կամավոր սկզբունքով՝ հարգելով աշխատակիցների անհատական նախասիրությունները և զբաղվածությունը։

 

Ուրբաթօրյա թիմային ճաշ

Ամառային հաճելի օրերին կարող եք նաև անցկացնել թիմբիլդինգի ևս մեկ տեսակ՝ ուրբաթօրյա ճաշերը։ Ուրբաթ օրերին ճաշի սեղանի շուրջ թիմին միավորելը բացառիկ հնարավորություն է ընձեռում թիմի անդամներին հավաքվել և, ի տարբերություն սովորական աշխատանքային միջավայրին բնորոշ թեմաներով քննարկումների, զրուցել պատահական, առօրյա թեմաների մասին։ 

 

Ուրբաթօրյա թիմային կանոնավոր ճաշերը սովորաբար անցկացվում են շաբաթական մեկ անգամ՝ որպես կանոն, ուրբաթ օրերին: Այս հետևողական ժամանակացույցը թիմի անդամներին թույլ է տալիս աշխատանքը և գործերն այնպես դասավորել, որպեսզի հնարավոր լինի մասնակցել ճաշին։ Գործընկերների հետ հաճելի և ոչ գործնական միջավայրում շփումը կդառնա հետաքրքիր փորձառություն թիմակիցների համար, որին վերջիններս անհամբեր կսպասեն ամեն շաբաթ կամ ամիս` կախված նրանից, թե ինչ պարբերականությամբ եք անցկացնում ուրբաթօրյա հավաքույթները։

 

Թիմային ճաշի ընթացքում խրախուսեք բաց և ոչ պաշտոնական զրույցները թիմի անդամների միջև: Այս ընթացքում նրանք պետք է անձնական պատմություններով կիսվելու և միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունենան: Մտածեք խաղեր, որոնք ենթադրում են հետաքրքիր տեղեկությունների փոխանակումը սեփական անձի մասին։

 

Ուրբաթօրյա թիմային ճաշերը կարող են նաև հարթակ լինել թիմի անդամների ձեռքբերումները ճանաչելու և գնահատելու, նրանց հաջողությունների մասին բարձրաձայնելու և դրանք քննարկելու համար: Ճաշի ընթացքում մի քանի րոպե տրամադրեք՝ անդրադառնալու համար անհատական կամ թիմային ձեռքբերումներին, երախտագիտություն հայտնեք թիմակիցներին՝ նրանց կատարած աշխատանքի համար։ Նման մոտեցումը կամրապնդի թիմային դրական մշակույթը:

 

Մեծ կազմակերպություններում միջոցառումն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք ամեն անգամ ուրբաթօրյա ճաշի կազմակերպումը և համակարգումը հանձնարարել տարբեր բաժինների աշխատակիցներին։

 

 

Արշավներ և սպորտ

Առողջ ոգին առողջ մարմնում։ Իսկ ինչը կարող է լավագույնս նպաստել մարմնի և մտքի բարեկեցությանը, եթե ոչ ֆիզիկական ակտիվությունը։ Մտածեք թիմակիցների հետ արշավ կազմակերպելու մասին։ Մայր բնության գեղեցկությունները միասին բացահայտելը հիշարժան փորձառություն կլինի թիմի համար։ Կանաչապատ արահետներով զբոսանք, համատեղ ուժերով վրաններ խփել և երեկոյան խարույկ վառել և զրուցել տարբեր թեմաների շուրջ․ նման ժամանցը ոչ միայն հետաքրքիր է և առողջարար, այլև խթանում է թիմային համագործակցությունը և միջանձնային շփումը։

 

Արշավներ կազմակերպելիս հոգ տարեք, որ բոլոր մասնակիցներն ունենան համապատասխան արշավային հանդերձանք, ջուր, առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղորայք և պարագաներ: Կարող եք նաև արշավից հետո  բացօթյա ճաշ կազմակերպել և անցկացնել թիմային խաղեր։ Եթե ցանկանում եք միաժամանակ բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը, ապա արշավական հանդերձանքը և պարագաները՝ պայուսակները, գլխարկները և այլն, պատվիրեք կազմակերպության տարբերանշանով։

 

Ամառային թիմբիլդինգի համար լավ ընտրություն է նաև բացօթյա խաղերի կազմակերպումը: Բադմինտոն, ֆուտբոլ, վոլեյբոլ․ սպորտաձևերի ցանկը, որոնք նպատակահարմար են թիմբիլդինգի համար կարելի է դեռ երկար շարունակել, իսկ ձեզ մնում է ընտրել` ելնելով թիմակիցների նախասիրություններից։ 

 

Աշխատակիցների ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով մտածեք նաև այլ նախաձեռնությունների մասին։ Առողջ ապրելակերպի երկշաբաթյա մարտահրավեր սահմանեք աշխատակիցների համար։ Օրինակ, կարող եք ունենալ քայլերի քանակի կամ մարզասրահում տարբեր վարժություններ կատարելու մարտահրավերներ: Գործընկերների հետ կիսվեք առցանց մարզումների տեսանյութերով և ստացեք ամենօրյա թարմացումներ` նրանց առաջընթացի վերաբերյալ։ Թիմակիցներին մոտիվացված պահելու համար ապահովեք ներքին հաղորդակցությունը մարտահրավերի հաղթահարման ողջ ընթացքում։ Խրախուսեք աշխատակիցներին, որպեսզի նրանք կիսվեն իրենց լուսանկարներով, օրինակ, ժամանցի վերաբերյալ զրուցարանում։


Բացօթյա խնջույքներ

Այսպես կոչված կորպորատիվ պիկնիկներ կազմակերպելիս մտածեք ոչ միայն ճաշացանկի և լավ երաժշտության, այլև այն հետաքրքիր անցկացնելու մասին։ Կազմակերպեք վիկտորինաներ, խաղ-մրցույթներ և հաղթողներին հանձնեք խորհրդանշական փոքրիկ մրցանակներ։

 

Մտածեք խնջույքի ճաշացանկը թիմակիցների կողմից պատրաստելու մասին։ Օրինակ, աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպեք խոհարարության դաս։ Հրավիրեք հմուտ խոհարարի, ով վարպետության դաս կանցկացնի և միաժամանակ կաջակցի աշխատակիցներին՝ սեփական խոհարարական տաղանդները բացահայտելու գործում։ Բաժանեք աշխատակիցներին թիմերի և մրցանակ շնորհեք այն թիմին, ում պատրաստած ուտեստը լավագույնը կլինի։

 

Ընտրեք բացօթյա վայր, որը կարող է տեղավորել բոլոր ներկաներին, մեծ և հարմար տարածք տրամադրեք խաղերի և մրցույթների համար։ Կարող եք նաև համապատասխան հարմարության դեպքում սպորտային խաղեր կազմակերպել: 

 

Հիշեցնենք, որ խնջույքները ևս համար առիթ են մի պահ թիմային հաջողություններին անդրադառնալու և թիմակիցներին շնորհակալություն հայտնելու, նրանց աշխատանքը կարևորելու և գնահատելու համար։

 

 

Ավելի շատ ժամանակ՝ հանգստին

Խրախուսեք աշխատակիցներին ամեն օրվա ընթացքում մեկ ժամ հատկացնել դուրս գալու և թեկուզ պարզապես զբոսնելու համար: Շատերն ամբողջ օրը համակարգչի դիմաց աշխատելուց հետո միակ ցանկությունը, որն ունենում են, դրսում ժամանակ անցկացնելն է, հատկապես՝ ամռան հաճելի երեկոներին։ Որոշ կազմակերպություններ, հնարավորության դեպքում, առաջարկում են աշխատակիցներին աշխատանքը սկսել մեկ ժամ շուտ՝ երեկոյան ավելի վաղ ավարտելով այն։ Դա հնարավորություն է տալիս նրանց ավելի շատ ժամանակ ունենալ՝ աշխատանքից հետո իրենց նախընտրած տարբերակով հանգիստը և ժամանցն անցկացնելու համար։ Այդպիսով խրախուսում եք աշխատակիցներին՝ կենտրոնանալ իրենց բարեկեցության վրա և հոգ տանել ֆիզիկական և մտավոր առողջության մասին:

 

Կազմակերպությունը կարող է կարևորել աշխատակիցների բարեկեցությունը` նրանց հանգստի և ժամանցի կազմակերպման գործում ճիշտ որոշումներ կայացնելու հարցում աջակցելով։ Օրինակ, կազմակերպեք սեմինարներ առողջության վերաբերյալ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են սթրեսի կառավարումը, առողջ սնուցումը, հոգեկան առողջությունը և այլն: Ներգրավեք համապատասխան փորձագետների կամ հրավիրեք խոսնակների՝ աշխատողներին բարեկեցության վերաբերյալ կրթելու նպատակով։ 

 

Ամռանը բազմաթիվ են հետաքրքիր թիմային ժամանց կազմակերպելու տարբերակները։ Դիտարկեք մի քանիսը, ցուցաբերեք ստեղծարար մոտեցում, ճանաչելով ձեր թիմակիցներին՝ մտածեք, թե որ տարբերակը կհավանեն նրանք։ Թիմբիլդինգ կազմակերպելով՝ կազմակերպությունը ցույց է տալիս, որ կարևորում է իր թիմակիցների հանգիստը և հետաքրքիր ժամանցը։

 

You may like