Արդյո՞ք պետք է «վաճառել» Ձեզ հարցազրույցին

7/14/2021 556 views

Ի՞նչ վտանգներ ունի «վաճառելու» մոտեցումը

Պատկերացրեք սովորական մի մարդու, ով ունի որևէ մասնագիտություն, աշխատել է այդ մասնագիտությամբ, և հիմա որոշել է փոխել աշխատավայրը և առաջ շարժվել։ Ի՞նչ է անում նա առաջին հերթին։ Իհարկե թարմացնում և փոփոխում է իր CV-ն։ Նա կարծում է, որ որոշ հատվածներում այն պետք է ավելի տպավորիչ դարձնել։ Օրինակ, երբ աշխատել է թիմում, գրում է, որ ղեկավարել է թիմը։ Երբ քննարկումներ է ունեցել այն ընկերությունների հետ, գրում է, որ բիզնես բանակցություններ է վարել։

Տպավորիչ CV-ն հասնում է գործատուին, թեկնածուին կանչում են հարցազրույցի։ Այստեղ ևս նա շարունակում է հետևել «վաճառելու» խորհուրդներին և ծաղկեցնում է իր հմտությունները, մանավանդ soft հմտությունները։ Համաձայնեք, որ գրեթե չեն հանդիպում մարդիկ, ովքեր CV-ում կգրեն հաղորդակցման թույլ հմտություններ ունենալու մասին։ Բոլորը կարողանում են աշխատել ճգնաժամային պայմաններում և միանգամից մի քանի բան անել, ուշադիր են մանրուքներին, ունեն հաղորդակցական գերազանց հմտություններ, թիմային խաղացող են։ Այլ տարբերակ, թվում է, չկա։

Սա մասամբ ճշմարիտ է․ մեր իրականության մեջ նոր-նոր է ձևավորվում հարցազրույցներին անկեղծ լինելու մշակույթը։ Եվ լավ է, որ նկատելի են այդ միտումները։

Վերադառնանք մեր թեկնածուին․ հարցազրույցից հետո նա առաջադրանք է կատարում (սահմանված ողջ ժամանակը նա պրպտում է, ծանոթներին է ներգրավում առաջադրանքի կատարման գործում, ամբողջ համացանցը տակնուվրա է անում) և, վերջապես, ընդունվում է աշխատանքի։ Ոչ մի տարօրինակ բան չկա, գործատուն տեսնում է, որ թեկնածուն կարողանում է անել պահանջվածը։

Սխալ ակնկալիքներն ու իրականությունը

Ի՞նչ է տեղի ունենում հետո։ Թեկնածուն ցնծում է, որ նոր աշխատանք ունի, և ոչինչ չի կարող նրա տրամադրությունը փչացնել։ Աշխատանքի ժամանակ նա ուշադիր է, գրի է առնում ամեն բառ, հաճախ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, բայց չի հանձնվում, գուգլում է։ Աշխատանքի առաջին ամիսը նա աշխատում է գերծանրաբեռնված, գրեթե չի քնում գիշերները, քանի որ հասկանում է՝ շատ ժամանակ է պետք, որ կարողանա կատարել առաջադրանքները։ Այսպես երկու, երեք, չորս ամիս։

Անհնար է երկար ժամանակ աշխատել գերծանրաբեռնված, և մեր թեկնածուն բացառություն չէ։ Նա քնի հաշվին աշխատում է, դրանից նյարդային է դառնում և գերհոգնած։ Հանգիստը նա փոխարինել է աշխատանքով, քանի որ պետք է հասցնի կատարել առաջադրանքները։

Ինչ է ստացվում․ թեկնածուն գործատուի մոտ ներկայացել է կերպարով, որին չի համապատասխանում, իրենց ավելի լավն է ներկայացրել, քան կա իրականում։ Նա ստեղծել է սխալ ակնկալիքներ և հիմա տանջվում է, քանի որ ամեն կերպ փորձում է շտկել իրականությունը, այնինչ պետք է անել ճիշտ հակառակը։

Մեր հերոսը երկար չի կարող այսպես շարունակել․ մի օր նա չի դիմանա և կդադարի գերծանրաբեռնված աշխատել, կտապալի առաջադրանքները և կկորցնի աշխատանքը։ Սա ինչ-որ արտասովոր պատմություն չէ, այսպիսի դեպքեր ամենուր են։

Հենց սա է պատճառը, որ մենք կարծում ենք՝ պետք չէ «վաճառել» սեփական անձը։ Առավել ազնիվ ու արդյունվետ է CV-ով և հարցազրույցներին ներկայանալ այնպիսին, ինչպիսին կանք։ Գործատուին պատմելով իրականությունը՝ և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը, մենք նրա մոտ ճիշտ կերպար ենք ստեղծում, կարողանում ենք ստանալ մեզ հարմար և մեր ուժերին համապատասխան աշխատանք, որը չի խլում կյանքի մյուս ոլորտներից։

Հնարավոր է, որ ինչ-որ փուլում մեր գիտելիքներն ու հմտությունները համապատասխան չլինեն աշխատաշուկայի պահանջներին, և դա նույնպես պետք է հաշվի առնել և ճիշտ օգտագործել։ Եթե զգում եք, որ անգլերենի իմացությունը բավարար չէ նոր աշխատանքի համար, կատարելագործեք այն ինքնուրույն կամ կրկնուսույցի հետ, բայց ոչ մի պարագայում մի նշեք, որ այն փայլուն գիտեք՝ հույսը դնելով օնլայն բառարանների վրա։

Նշենք, որ չափազանցության միջոցով սխալ ակնկալիքներ ստեղծելը վտանգավոր է ոչ միայն աշխատանքային, այլ բոլոր հարաբերությունների համար։

 

 

SHARE: