Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Էմոցիոնալ ինտելեկտի դերն ու նշանակությունն աշխատանքային միջավայրում

5/5/2021 | 5729 views

🤩 Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը

Ավելի ու ավելի շատ ընկերություններ այսօր ստուգում են աշխատակիցների էմոցիոնալ ինտելեկտը և մեծ ջանքեր գործադրում այն զարգացնելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։ Սեփական և շրջապատող մարդկանց էմոցիաները տարբերակելու, կառավարելու և ղեկավարելու կարողությունը կոչում ենք էմոցիոնալ ինտելեկտ։

Նախ՝ եկեք հասկանանք, թե որն է էմոցիայի և զգացմունքի տարբերությունը։

Էմոցիա բառի հիմքում լատիներեն emoveo բառն է, որը թարգմանվում է ցնցել և նշանակում է հոգեբանական ոչ շատ երկար հոգեբանական գործընթաց, որը ցուցադրում է սուբյեկտի գնահատողական վերաբերմունքը տեղի ունեցած կամ հնարավոր իրավիճակների և, առհասարակ, շրջապատող աշխարհի նկատմամբ։

Էմոցիաները կարճատև են, իսկ զգացմունքն ավելի կայուն և տևական է։ Մենք, որպես կանոն, կարողանում ենք բացատրել մեր զգացմունքները, իսկ էմոցիաների դեպքում հաճախ խառնվում ենք։

💬 Կա 4 հիմնաքարային էմոցիա՝ ուրախություն, զայրույթ, տխրություն, վախ։ Սրանց հիման վրա են ձևավորվում մյուս էմոցիաները։

Ինչպես նշում է ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանը, ցանկացած էմոցիայի հիմքում գործողության մղումն է, և էմոցիոնալ ինտելեկտը կայանում է այդ մղումը ղեկավարելու մեջ։

Զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ կարողանում ես խոսել սեփական էմոցիաների մասին, լսել և ընկալել դիմացինին, կարողանում են բացատրել դրանք և կառավարել նեգատիվը։

Սա կարևոր հատկանիշ է, քանի որ թույլ է տալիս հաղթահարել տարատեսակ խնդիրներ՝ առանց մեղադրանքների, վեճերի, անձնական վիրավորանքների անցնելու։

 

 

🤩 Ինչո՞ւ է էմոցիոնալ ինտելեկտը կարևոր աշխատանքում

Այսպիսի հատկանիշը օգտակար է աշխատանքի մեջ, քանի որ աշխատանքային միջավայրում խնդիրներ հաճախ են հանդիպում, և դրանք պետք է կարողանալ հաղթահարել հարգանքի կառուցողական հիմքում։

Նշանակում է, որ էմոցիոնալ ինտելեկտը մեծապես օգնում է գործնական ճիշտ հարաբերությունների ձևավորմանը և կարիերայի աճին։

Ասածն ապացուցում է նաև Egon Zehnder ընկերության հետազոտությունը․ 515 թոփ մենեջերների վարքը վերլուծելիս պարզ է դարձել, որ աշխատանքի մեջ հաջողել են զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունեցողները։

Էմոցիոնալ ինտելեկտը զերծ է պահում աշխատակիցներին գործնական խնդիրները անձնական դաշտ տեղափոխելուց և կոնֆլիկտներից, բարձրացնում է թիմային աշխատանքի որակը, օգնում է աշխատակիցներին լինել ավելի ներգրավված ու մոտիվացված, չէ՞ որ ավելորդ խնդիրների բացակայությունը բարենպաստ է անդրադառնում մթնոլորտի վրա։

 

Ինչպե՞ս զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը

Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է կարելի զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը

🔺 Արժեքների սահմանում․ յուրաքանչյուրս ինքն է որոշում իր համար կարևորն ու անկարևորը։ Որպես կանոն՝ խարդախություններ անող մարդիկ ունեն բարձր էմոցիոնալ ինտելեկտ, ինչի շնորհիվ կարողանում են չարաշահել մարդկանց վստահությունը։ Շատ կարևոր է ընտրել ազնվությունն, արդարությունն ու ապրումակցումը՝ որպես հիմնարար արժեքներ։

🔺 Սեփական էմոցիաներ․ պետք է սովորել հասկանալ ու տարբերակել սեփական էմոցիաները, ուշադրություն դարձնել դրանց ծագմանը։

🔺 Մարմնի ազդանշաններ․ էմոցիաներն արտահայտվում են մարմնի միջոցով, դրանք սերտ կապի մեջ են։ Վախի ժամանակ սկսում է ցավել փորը, ուրախություն ապրելիս զարկերակն արագանում է և այլն։

🔺 Էմոցիաներ և վարք․ հետևեք՝ ինչպես է փոխվում վարքն այս կամ այն էմոցիայի դեպքում։ Դա կարող է լինել բռունցքի սեղմումը՝ զայրույթի պահին, կամ նյարդային լարված իրավիճակում ոտքերի թափահարումը։ Եթե հետևեք վարքին, կկարողանաք այն կառավարել։

Լավ ու վատ էմոցիաներ․ պետք չէ բաժանել էմոցիաները սևի և սպիտակի, բոլոր էմոցիաները մարդկային են և բնական։

Մի՛ նեղսրտեք էմոցիա արտահայտելուց, ավելի լավ է սովորել ուղղորդել էմոցիան դեպի լավ արարքներ։ Անգամ զայրույթը կարող է օգնել, եթե, օրինակ, այդ պահին որոշեք սպորտով զբաղվել։

Շրջապատող մարդկանց էմոցիաներ․ լսեք և հետևեք շրջապատող մարդկանց, նայեք, թե ինչպես են փոխվում նրանց դիմախաղը, ձայնը, շարժումները։

Երբ գիտակցեք նրանց էմոցիաները, կհասկանաք, թե ինչ մոտիվացիա կա նրանց քայլերում։

Էմոցիոնալ ինտելեկտը զարգացնելու տարբեր վարժություններ կան, օրինակ՝ ուշադրությունը զարգացնելուն, ինքնաճանաչմանն, ինքնակառավարմանն ուղղված վարժություններ։

🟥 Մենք կարծում ենք, որ էմոցիոնալ ինտելեկտը 21-րդ դարում ունի առաջնային նշանակություն, և կարևոր ենք համարում այն զարգացնելուն ուղղված բոլոր ջանքերը, քանի որ առողջ ու կառուցողական մթնոլորտն օգնում է առաջընթաց և ձեռքբերումներ ունենալ։

You may like