Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Ինչո՞ւ է կարևոր ընկերության արժեհամակարգը

2/9/2021 | 2847 views

Բարձր մրցակցության պայմաններում և գերհագեցած շուկայում մարդկանց պետք է ավելին, քան պարզապես պրոդուկտ։ Դա է պատճառը, որ և՛ տարիներ գործող, և՛ շուկայում առաջին քայլերն անող ընկերությունները հավասարապես կարևորում են արժեքային համակարգի ձևավորումը։

Ընկերություններն արտահայտում են արժեքները կորպորատիվ մշակույթի միջոցով, որն էլ, ինչպես գիտենք, մի շարք գրված և չգրված կանոնների համադրություն է։

Ինչո՞ւ է կարևոր ընկերության արժեհամակարգը

Որքան էլ որ արժեհամակարգը դարձել է կարևոր գործոն, մենք տեսնում ենք, որ հաճախակի են դեպքերը, երբ այն հաշվի չի առնվում, մանավանդ, նոր աշխատակիցներ ընդունելու ժամանակ։ Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի որոնման փուլում մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում ընկերության արժեհամակարգին, ինչն էլ բխեցնում է մի շարք խնդիրներ։

Մենք կարծում ենք, որ աշխատավայրում բազմաթիվ տարաձայնություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե աշխատակիցները, ՄՌԿ մասնագետներն ու ընկերության ղեկավարությունը հստակ պատկերացնեին ընկերության արժեհամակարգի կարևորությունը և հետևեին դրան։

Վստահ ենք՝ Դուք ևս նկատել եք, որ որոշ ընկերություններում կադրերի հոսքն ահռելի ծավալների է հասնում, աշխատակիցներն ընդունվում են և հեռանում հաջորդող մեկ տարվա ընթացքում։ Իհարկե, կան դեպքեր, երբ աշխատանքը փոխելու այլ պատճառներ կան, բայց մեծամասամբ դեպքերը կապված են այն խնդրի հետ, որ կա՛մ աշխատակիցը չի պատկերացնում ընկերության արժեհամակարգը, կա՛մ ընկերության համար արժեհամակարգը ձևական բնույթ է կրում և ոչ մի աղերս չունի իրականության հետ։

Այս հարցի լուծումը հնարավոր է գտնել երկուստեք ջանքերի միջոցով։ Նախ՝ ընկերությունները պետք է դադարեն իրենց արժեհամակարգում ներառել այնպիսի արժեքներ, որոնք ղեկավարությունն ու աշխատակիցների մեծ մասը չեն կրում։ Պետք չէ վերցնել համաշխարհային առաջատար ընկերությունների արժեքների համակարգը և թարգմանել այն՝ ցույց տալով որպես սեփական արժեհամակարգ։ Դրա արդյունքում ընկերությունն ունենում է իրականությանը չհամապատասխանող կերպար և մոլորության մեջ է գցում թե՛ աշխատակիցներին, թե՛ աշխատանք փնտրող մարդկանց։

Մյուս կողմից՝ եկեք դիտարկենք աշխատակցի՝ արժեհամակարգին ուշադրություն չդաձնելու փաստը։ Լավագույն արդյունք ունենալու և Ձեզ համապատասխան աշխատանքային միջավայր ստեղծելու համար պետք է ուշադիր ուսումնասիրել ընկերության արժեհամակարգը և պարզել, թե որքանով են ընկերության աշխատակիցները դրան հետևում։ Դա հնարավոր է պարզել մի շարք հարթակների միջոցով` LinkedIn-ից մինչև Glassdoor.com։

Ինչպե՞ս ստուգել արժեքների համապատասխանությունը

Ինչո՞ւ ենք մենք սա կարևոր համարում։ Երբ համընկնում են աշխատակցի ու ընկերության արժեքները, մեծանում են արտադրողականությունը և բավարարվածությունը, միջավայրն ու մթնոլորտը դրական են դառնում։ Սա կարևոր է մարդու ինքնիրացման տեսանկյունից և ընդհանուր առմամբ բարձրացնում է կյանքի որակը` զերծ պահելով հավելյալ սթրեսներից։

Մենք առաջարկում ենք մի քանի խորհուրդ` արժեքների համապատասխանությունը պարզելու համար։

  • Կառավարման համակարգ

Ընկերության համար ամենաորոշիչ կետերից մեկը կառավարման համակարգն է, որից մեծապես կախված է թիմերի մթնոլորտն ու աշխատանքային փոխհարաբերությունները։ Խիստ բյուրոկրատական և հիերարխիկ համակարգերում չի կարելի ակնկալել ընտանեկան մթնոլորտ, իսկ շատ մտերիմիկ ու ճկուն թիմերում՝ գերմանական ճշգրտություն։ Այստեղ չկա լավ կամ վատ մոտեցում, պարզապես պետք է հասկանալ, թե ինչն է առավել համապատասխանում Ձեզ։

  • Արժեքների ցանկ

Ինքներդ Ձեզ համար որոշեք, թե ինչպիսի արժեքներ եք կարևորում։ Դա կօգնի Ձեզ ճիշտ կողմորոշվել՝ որտեղ եք ցանկանում աշխատել՝ մասնավոր ընկերություն, ՀԿ սեկտոր, պետական համակարգ։ Բացի դա, երբ իմանաք Ձեզ համար առաջնային արժեքները, հեշտությամբ կկողմնորոշվեք հարցազրույցների ընթացքում և միանգամից կհասկանաք՝ կա՞ արդյոք ապագա տվյալ աշխատավայրում։

  • Տեղեկատվության հավաքագրում

Ինչպես նշել էին վերևում, հնարավոր է՝ ընկերությունը չլինի իր ներկայացրած արժեքների կրողը, այդ իսկ պատճառով փորձեք տարբեր աղբյուրներից ճշտել, թե ինչպիսին է իրականում ընկերությունը։ Դա կօգնի ունենալ նախնական պատկերացում և խուսափել հիասթափություններից։ Երբ գործը հասնի հարցազրույցին, բացահայտ ճշտեք ՄՌԿ մասնագետից, թե ի՞նչ արժեքներ է դավանում ընկերությունը և ինչպե՞ս է դա արտահայտվում աշխատանքի մեջ։

  • Նախնական շփումներ

Շատ լավ կլինի, եթե Դուք հնարավորություն ունենաք թեթևակի շփվել ընկերության աշխատակիցների հետ կամ առնվազն տեսնել նրանց աշխատանքի ընթացքը։ Ուշադիր լինելու դեպքում Դուք շատ հետաքրքիր մանրամասներ կնկատեք, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք գեղեցիկ արժեքներն իրական են։

Աշխատաշուկան զարգացնելու և աշխատանքային առողջ ու դրական մթնոլորտ ունենալու հարցում բոլորս էլ շատ անելիք ունենք։ Ինչ վերաբերում է արժեհամակարգին, ապա այս հարցի շուրջ պետք է ձևավորել իրականությանը համապատասխանող և ընկերությունից բխող արժեքների կարևորության գիտակցումը։ Միայն այդ ճանապարհով մենք բոլորս կկարողանանք ստեղծել ընկերություններ, որտեղ մարդիկ աշխատում են ոչ միայն ֆինանսական մոտիվացիայով, այլ նաև հանուն գաղափարի ու ավելի լավ ապագայի։

You may like