Ինչպես կազմել գրագետ Ռեզյումե և դիմել աշխատանքի
Ժամանակակից աշխատանքային շուկան բավականին մրցակցային է և ամեն տարի համալրվում է նոր մասնագետներով:Այդ իսկ պատճառով աշխատանքի ընդունվելու համար կարևոր է զինված լինել համապատասխան գիտելիքներով և փորձով:Պակաս կարևոր չէ նաև դրանց ճիշտ ներկայացնելը,քանի որ հենց առաջին տպավորությունից է կախված` արդյոք գործատուն կհրավիրի ձեզ հարցազրույցի,թե պարզապես կջնջի ձեր դիմում-նամակը:Դրա համար հարկավոր է լավ տպավորութուն թողնել հենց առաջին իսկ պահից: Իսկ առաջին տպավորությունը սկսվում է, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե ռեզյումեից, այլ էլեկտրոնային հասցեից: Լավ ռեզյումեն,իհարկե, ամենակարևորն է, սակայն առաջինը չէ մեր ցուցակում:
Առաջինը հենց էլեկտրոնային հասցեն է: Ինքներդ դատեք` որ հասցեն է ավելի նախընտրելի ու վստահելի "Dinulik Mrutik<dinul22@bk.ru>" թե "Դիանա Սարգսյան <d.sargsyan@gmail.com>": Այնպես որ "պուպուշ ու քնքուշ" հասցեները կարող եք պահել ընկերների հետ շփվելու կամ սոց ցանցերում գրանցվելու համար, աշխատանքի դիմելիս հարկավոր է ձեռք բերել պատշաճ Էլեկտրոնային հասցե, մանավանդ որ մեր օրերում լավագույն փոստային ծառայությունները անվճար են:
Որքան էլ ձեր ռեզյումեն տպավորիչ լինի,շատ քիչ գործատուներ ձեր թեկնածությունը կդիտարկեն առանց ուղեկցող նամակի առկայության: Այդ պատճառով հարկավոր է թեկուզ հակիրճ, բայց գրագետ և առանց տռանսլիտի(լատինատառ հայերեն) գրել ուղեկցող նամակը, որտեղ հարկավոր է նշել, թե ինչու եք հետաքրքրված համապատասխան աշխատանքով և ընդգծել այն հմտությունները, որոնք, ըստ ձեզ կարևոր են տվյալ հաստիքի համար:
Որպեսզի ապագա գործատուն հարյուրավոր դիմողներից հետաքրքրվի հենց ձեր թեկնածությամբ, հարկավոր է ներկայացնել հնարավորինս տպավորիչ ռեզյումե: Սակայն պետք է հիշել, որ տպավորություն գործելու համար պետք չէ չափազանցել, դա հեշտությամբ բացահայտվում է: Ռեզյումեն տպավորիչ դարձնելու համար պետք է հետևել հետևյալ կանոններին:
Այն պետք է լինի հակիրճ ու հստակ և չպարունակի ավելորդ տեղեկություն: Լավագույն դեպքում պետք է սահմանափակվել 1 կամ 2 էջով և չգրել այնպիսի մանրամասներ, որոնք ձանձրալի կլինեն գործատուի համար: Նմանօրինակ տարածված սխալներից են օրինակ՝ ամուսնական կարգավիճակ, ազգություն, քաղաքացիություն, ծննդյան տարեթիվ կամ վայր նշելը: Հավատացե՛ք, եթե դուք իրոք համապատասխանում եք, դրանք դժվար թե հետաքրքրեն գործատուին: Ճիշտ չէ նաև ռեզյումեի առաջին տողում “cv” կամ “rezume վերնագիր դնելը, այդտեղ պետք է գրվի միայն անուն-ազգանունը:
Այս բաժնում գրվում է էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, որպեսզի գործատուն կարողանա կապ հաստատել ձեզ հետ: Այստեղ պետք է հիշել,որ հարկավոր չէ գրել ձեր ունեցած բոլոր էլեկտրոնային հասցեները, գրե'ք միայն մեկը և առավելագույնը 2 հեռախոսահամար:
Դրանից հետո ներկայացնում եք ձեր աշխատանքային փորձը, որը շարադրելիս պետք է սկսել հակառակ հերթականությամբ`սկզբում նշելով ձեր ներկայիս կամ վերջին աշխատանքը, այնուհետև դրան նախորդողները և ամեն մեկի համար նշել համապատասխան տարեթվերը: Գրում եք ընկերության անվանումը, ձեր պաշտոնը, ինչպես նաև պարտականությունները և ձեռքբերումները, որոնք ունեցել եք տվյալ պաշտոնում:
Կրթությունը նույնպես նշվում է հակառակ հերթականությամբ, և դպրոցի մասին տեղեկությունը կարելի է բաց թողնել, եթե ունեք բարձրագույն կրթություն: Նշում եք ընդունվելու և ավարտելու տարեթվերը, կրթական հաստատության անվանումը, ֆակուլտետը և բաժինը:
Վերջում նշում եք լեզուների իմացությունը և այլ հմտություններ, եթե դրանք կարևոր են տվյալ հաստիքի համար: Շատերը ռեզյումեն կազմելիս նշում են մի շարք այնպիսի ընդհանուր հմտություններ, ինչպիսիք են` նպատակասլաց, թիմային ոգի ունեցող և այլն, մինչդեռ ձեր նշած հմտությունները պետք է համապասխանեն տվյալ աշխատանքի համար գործատուի պահանջներին: Մյուս կողմից էլ կարիք չկա նշելու ձեր բոլոր հմտությունները, որոնք այդքան էլ կապ չունեն գործի բնույթի հետ, օրինակ, բանկ դիմելիս իմաստ չունի նշել, որ մասնակցել եք խոհարարության դասընթացների:
Շատերը ռեզյումեին կցում են նաև իրենց լուսանկարը նույնիսկ այն դեպքում, երբ գործատուն պահանջների մեջ դա չի նշել: Փորձեք հիշել, որ այդ դեպքում իմաստ չունի լուսանկար կցելու, ի վերջո ձեզ հարցազրույցի են հրավիրելու ձեր գիտելիքների և փորձի հիման վրա: Իսկ այն դեպքերում երբ պահանջվում է, ներկայացրե՜ք պարզ և առանց ավելորդությունների լուսանկար, ոչ թե մեկը նրանցից, որ տեղադրում եք սոցիալական ցանցերում:
Միշտ պետք է հիշել, որ ռեզյումեի նպատակը ուշադրություն գրավելն է, և վերը նշված կանոններին հետևելու դեպքում վստահաբար կկարողանաք գրավել ցանկացած գործատուի ուշադրությունը:
Եթե դեռ չունեք ռեզյումե կարող եք օգտվել մեր անվճար ռեզյումեի ձևերից։ Ներբեռնեք Ձեզ դուր եկած ձևը և լրացրեք ըստ Ձեր տվյալների հետևելով վերը նշված խորհուրդներին։ Մաղթում ենք հաջողություն։
You may also like