Մի քանի կարևոր կետ, որոնք հարկավոր նշել է հարցազրույցի ընթացքում
Հարցազրույցը հնարավորություն է՝ ընձեռված ձեզ և ապագա գործատուին, որը թույլ է տալիս գնահատել ձեր համապատասխանությունը հաստիքին և ընկերության մշակույթին: Երբեմն, կենտրոնանալով մեր փորձի ներկայացման վրա, մոռանում կամ թերագնահատում ենք մի շարք այլ գործոններ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ թեկնածուին աշխատանքի ընդունելու հարցում գործատուի որոշման համար։
Մեր այսօրվա բլոգում կխոսենք այն մասին, թե որ կարևոր կետերն է հարկավոր ընդգծել հարցազրույցի ժամանակ՝ բացի ձեր մասին հիմնական տեղեկատվությունից։
Շնորհակալ եմ հրավերի համար
Ներկայանալուց հետո նշեք, որ շնորհակալ եք ձեր փորձով հետաքրքրվելու և հարցազրույցին ժամանակ հատկացնելու համար։
Ես ուշադրությամբ ընթերցել եմ հայտարարությունը
Պաշտոնի նկատմամբ ձեր հետաքրքրությունը արտահայտելիս մի մոռացեք ընդգծել, որ մանրակրկիտ ուսումնասիրել եք հայտարարությունը և պատկերացնում եք աշխատանքի առանձնահատկությունները։ Նշեք, թե ձեր հմտություններն ինչպես են համապատասխանում առաջադրված պահանջներին։
Ես հետաքրքրվել եմ ձեր ընկերությունով
Ընկերությունը ուսումնասիրելը ցույց է տալիս ձեր հետաքրքրությունը ընկերության մշակույթի և անցած ճանապարհի նկատմամբ: Հավաքագրման մասնագետները բարձր են գնահատում թեկնածուների ջանքերը՝ ուղղված ընկերության մասին ավելին իմանալուն։
Ես կարող եմ արագ սովորել
Կախված ձեր փորձից կամ ընկերության պահանջներից՝ հնարավոր է անհրաժեշտ լինի նոր հմտություններ ձեռք բերել։ Պատրաստ եղեք բացատրելու, թե ինչպես եք հմտություններ ձեռք բերել նախորդ աշխատանքում, որպեսզի հարցազրուցավարը համոզվի, որ նոր հաստիքում ևս պատրաստակամ եք նույն մոտեցմամբ աշխատել։
Ես կարող եմ թիմում աշխատել
Թեև որոշ պաշտոններում ինքնուրույն աշխատել կարողանալը մեծ նշանակություն ունի, սակայն ավելի հաճախ կարևոր է նաև թիմային աշխատանքը։ Կիսվեք թիմի հետ աշխատելու ձեր փորձով։ Բերեք օրինակներ, որոնք վկայում են թիմի կազմում արդյունավետ աշխատելու ձեր ունակության մասին։
Եվ իհարկե, պետք չէ մոռանալ հրաժեշտ տալիս ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և նշել, որ կսպասեք գործատուի պատասխանին։
You may also like