Որոնք են ռեզյումեում պարտադիր ներառվող 7 բաժինները
Ձեր ռեզյումեն պետք է ներառի հիմնական բաժիններ, որոնք, ցանկալի է, որ ներկայացված լինեն ստանդարտ հերթականությամբ՝ արտացոլելով ձեր աշխատանքային փորձը, հմտությունները և ձեռքբերումները: Մեր այսօրվա բլոգում կքննարկենք ռեզյումեի 7 հիմնական բաժինները, կկիսվենք խորհուրդներով, որոնք կօգնեն յուրաքանչյուր բաժնում ճշգրիտ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։
Կոնտակտներ
Ռեզյումեի սկզբում նշեք կոնտակտային տվյալները: Ներառեք ձեր լրիվ անունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլ․ փոստի հասցեն և սոցիալական մեդիայի էջի հղումը, եթե այն պատկերացում է տալիս ձեր մասնագիտական գործունեության մասին, ինչպես նաև պորտֆոլիոն: Համոզվեք, որ ձեր անձնական տվյալները ճիշտ են լրացված, որպեսզի հնարավոր գործատուները կարողանան հեշտությամբ կապ հաստատել ձեզ հետ:
Ամփոփ տեղեկատվություն ձեր մասին
Այս բաժնում հակիրճ ընդգծեք ձեր մասնագիտական որակավորումների և ձեռքբերումների ամենակարևոր կողմերը։ Օրինակ՝ Բազմաթիվ ոլորտներում ավելի քան 10 տարվա փորձ ունեցող վեբ դիզայներ:
Աշխատանքային փորձ
Նշեք աշխատանքային փորձը հակառակ ժամանակագրական հաջորդականությամբ՝ սկսած ձեր ընթացիկ կամ ամենավերջին պաշտոնից: Ներառեք միայն մասնագիտական փորձը, որը վերաբերում է այն աշխատանքին, որի համար դիմում եք:
Կրթություն
Նշեք կրթական հաստատությունը, մասնագիտությունը, աստիճանը և ավարտելու ամսաթիվը: Եթե դեռ չեք ավարտել ուսումը, նշեք ավարտելու սպասվող ամսաթիվը:
Հմտություններ
Ներառեք բոլոր համապատասխան հմտությունները, ինչպես նաև հմտությանը տիրապետելու մակարդակը՝ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր է։ Կարող եք ներառել և՛ տեխնիկական, և՛ փափուկ հմտությունները: Նշեք թվային ծրագրերը, որոնցով կարողանում եք աշխատել, ինչպես նաև լեզուների իմացությունը։
Սերտիֆիկացում և վկայականներ
Այս բաժինը պարտադիր է նրանց համար, ովքեր անցել են մասնագիտական սերտիֆիկացում։ Նշեք հավաստագրման անվանումը, կազմակերպությունը, որն այն շնորհել է, և ստացման ամսաթիվը:
Կոչումներ և մրցանակներ
Այս բաժինը ևս պարտադիր է միայն նրանց համար, ովքեր ստացել են մասնագիտական պարգևներ ու մրցանակներ: Ներառեք մրցանակի անվանումը, կազմակերպությունը, որը շնորհել է այն, և ստանալու ամսաթիվը:
Job.am-ում կարող եք անվճար ստեղծել ձեր ռեզյումեն, որը ներառում է բոլոր անհրաժեշտ բաժինները, իսկ ձեզ մնում է միայն լրացնել դրանք։
Այն հնարավորություն կտա հարթակում մեկ քլիքով դիմել տարբեր հաստիքների։ Կարող եք նաև ներբեռնել ձեր ռեզյումեն՝ այլ ձևաչափով աշխատանքի դիմելիս օգտագործելու նպատակով։
You may also like