Get our free app. It won't take up space on your device

Այս հարցերին դժվարանում են պատասխանել նույնիսկ ամենափորձառու թեկնածուները

Հարցազրույցի ընթացքում ձեզ կարող են տալ հարցեր, որոնք պահանջում են ավելի մտածված պատասխաններ: Նման հարցերը կարող են տարբեր լինել՝ կապված ոլորտի հետ, սակայն կան մի քանիսը, որոնք գործատուները սովորաբար տալիս են՝ թեկնածուի մասին ավելին իմանալու և նրա հիմնական հմտությունները գնահատելու նպատակով:

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք մի քանի հարցերի, որոնց դժվարանում են պատասխանել անգամ այն թեկնածուները, ովքեր մասնակցել են բազմաթիվ հարցազրույցների։ Կդիտարկենք նաև օրինակներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ պատրաստվել հարցազրույցին:

 

 

Ո՞րն է ձեր ամենամեծ թույլ կողմը

Գործատուները հաճախ կարող են հարցնել ձեր թույլ կողմերի մասին ոչ միայն հասկանալու համար, թե որքանով եք համապատասխանում աշխատանքի պահանջներին, այլև ինչպես եք աշխատում դրանք բարելավելու ուղղությամբ: Պատասխանելիս անկեղծ եղեք և կիսվեք կոնկրետ օրինակներով, թե ինչպես եք քայլ առ քայլ ձեր թույլ կողմերը վերածում ուժեղի:

 

 

Օրինակ. «Իմ հիմնական թույլ կողմը կառուցողական քննադատության կարողությունն է: Նախկինում ես շատ էի մտածում, թե ինչպես գնահատել թիմակիցների աշխատանքը՝ չնեղացնելով նրանց՝ միաժամանակ հասկանալով, թե որքան կարևոր է օբյեկտիվ հետադարձ կապը թե՛ աշխատանքի և թե՛ թիմի համար։ Ես սկսեցի գրի առնել իմ կարծիքը՝ մինչ թիմակցի հետ այն կիսելը։ Սա օգնում է ինձ պլանավորել իմ պատասխանը և առաջարկել ավելի կառուցողական հետադարձ կապ»։

 

Ինչո՞ւ եք հեռանում ներկայիս աշխատանքից

Այս հարցին պատասխանելիս պետք է հիմնավորեք, թե ինչու եք նոր աշխատանքի հնարավորությունը համարում ձեր հմտություններին ավելի համապատասխան։ 

 

Գործատուն այս հարցի միջոցով նաև ցանկանում է համոզվել, որ հեռանալու պատճառը ձեր կատարողականի կամ վարքագծի մեջ չէ: Հարցին պատասխանելիս ձեռնպահ մնացեք չափազանց բացասական մանրամասներ ներկայացնելուց:

 

 

Օրինակ. «Չնայած ես բարձր եմ գնահատում իմ աշխատանքը նախորդ ընկերությունում, սակայն այնտեղ այլևս չկային մասնագիտական աճի հնարավորություններ, որոնք համահունչ էին իմ կարիերայի նպատակներին: Այս պաշտոնը հիանալի կերպով համընկնում է իմ հմտությունների հետ, և այն հնարավորություններ է տալիս առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարիերայի առաջընթացի համար»:

 

 

Ինչո՞ւ եք ուզում հենց մեր ընկերությունում աշխատել:

Այս հարցը կարող է հատկապես կարևոր լինել, եթե դուք փոխում եք ձեր հիմնական ոլորտը: Հարցին պատասխանելիս նշեք, թե հատկապես ինչն է ձեզ գրավում ընկերությունում, լինի դա նրանց առաքելությունը թե նորարարական նախագծերը։

 

Օրինակ. «Ես փնտրում եմ աշխատանք այնպիսի ընկերությունում, որտեղ նորարարությունը կարևոր ուղղություններից մեկն է, իսկ ձեր ընկերությունն աչքի է ընկնում ոլորտում առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ»:

 

You may also like