Պատրա՞ստ է ձեր ռեզյումեն․ ստուգեք այս 7 կետերի առկայությունը
Անկախ այն հանգամանքից, թե նոր եք պատրաստվում կազմել ձեր ռեզյումեն, թե հերթական հաստիքի համար դիմելուց առաջ այն թարմացնում եք, միշտ հարկավոր է հիշել մեկ կարևոր նպատակ՝ փորձել ռեզյումեի միջոցով բազմաթիվ թեկնածուներից առանձնանալ։ Այդ նպատակով նախ և առաջ պետք է վստահ լինեք, որ ձեր ռեզյումեն ներառում է մի քանի կարևոր կետեր, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։
Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն 7 բաղադրիչներին, որոնք, ցանկալի է, որպեսզի ներառված լինեն ռեզյումեում։ Երբ պատրաստվեք ձեր ռեզյումեն ուղարկել գործատուին, մի պահ կանգ առեք և վերանայեք այն՝ համոզվելու համար, որ անդրադարձել եք այս 7 կարևոր կետերին։
1․ Կոնտակտներ
Ստուգեք, թե արդյոք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը ճիշտ են գրված։ Արդյո՞ք հավաքագրման մասնագետը կկարողանա ձեզ հետ հեշտությամբ կապ հաստատել։ Էլեկտրոնային հասցե ընտրելիս նախապատվությունը տվեք պարզությանը, թող այն կազմված լինի ձեր անունից և ազգանունից։
Կոնտակտային տվյալների մեջ կարևոր է նշել նաև գտնվելու վայրը։ Իհարկե պետք չէ նշել ձեր հասցեն մանրակրկիտ ձևով՝ գրելով փողոցը և տան համարը, սակայն երկիրը և քաղաքը նշելը կարևոր է, հատկապես երբ խոսքը գրասենյակային կամ հիբրիդային ձևաչափով աշխատանքի մասին է։
2․ Պորտֆոլիո
Իհարկե ոչ բոլոր հաստիքների համար է անհրաժեշտ պորտֆոլիո կցելը, սակայն շատ մասնագիտությունների պարագայում լավ կազմված պորտֆոլիոյի շնորհիվ կարող եք ստանալ հարցազրույցի հրավեր։ Ավելին, շատ հաճախ գործատուները կոնկրետ հաստիքների համար պարտադիր պահանջում են պորտֆոլիո կցել՝ երբեմն նույնիսկ նշելով, որ առանց կցված պորտֆոլիոյի դիմումները չեն դիտարկվի։
3․ Մոտիվացիոն նամակ
Ինչո՞ւ եք դիմում տվյալ հաստիքի համար և ի՞նչն է դարձնում ձեզ լավագույն թեկնածուն․ այս հարցերի հակիրճ և համոզիչ պատասխանների միջոցով կազմված մոտիվացիոն նամակը թույլ կտա գործատուին ավելի լավ պատկերացում կազմել ձեր մասին։ Մեկ էջի սահմաններում գրված մոտիվացիոն նամակը ոչ միայն ձեր մասին կարևոր տեղեկատվություն է փոխանցում գործատուին, այլև ցույց է տալիս, որ լրջորեն եք վերաբերվում աշխատանքի հնարավորությանը։
4․ Բանալի բառեր
Բազմաթիվ ընկերություններ հավաքագրման գործընթացում օգտագործում են տարբեր ծրագրեր, որոնք վերլուծում են ռեզյումեների բովանդակությունը՝ հիմնվելով դրանցում բանալի բառերի (keywords) առկայության վրա։ Նման վերլուծության արդյունքում կազմվում է հաստիքի պահանջներին լավագույնս համապատասխանող թեկնածուների ցանկ։ Հետևաբար, ռեզյումեում ներառելով աշխատանքին հատուկ բանալի բառեր՝ մեծացնում եք հավաքագրման հաջորդ փուլ անցնելու ձեր հնարավորությունները։
Հաստիքի ոլորտին առնչվող բանալի բառերը կարող եք գտնել աշխատանքի նկարագրությունում։ Սա նշանակում է, որ պետք է հարմարեցնեք ձեր ռեզյումեն յուրաքանչյուր աշխատանքի համար, որին դիմում եք՝ ապահովելով, որ ընդգծում եք ձեր համապատասխան փորձը՝ նաև բանալի բառերի օգնությամբ։
Ընդհանուր առմամբ, բանալի բառերը նշում են հատուկ հմտություններ, փորձառություն և հատկություններ, որոնք կարող են փնտրել հավաքագրողները տվյալ հաստիքի թեկնածուի մոտ։
5․ Ռեզյումեի ամփոփում կամ «Իմ մասին» բաժինը
Ռեզյումեի առաջին էջի վերևում ձեր մասին կարևորագույն տեղեկատվության հակիրճ ներկայացումը օգնում է պոտենցիալ գործատուին հասկանալ, թե ինչպես և որքանով եք համապատասխանում հաստիքի պահանջներին։ Այս թեմային մանրամասն ծանոթացեք մեր նախորդ բլոգներից մեկում։
6․ Հմտություններ
Հմտությունների բաժնում պետք է ընդգծեք ձեր այն ուժեղ կողմերը, որոնք առավել համապատասխան են այն աշխատանքին, որի համար դիմում եք: Ներառեք ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ հմտությունները։ Շատ հաճախ բանալի բառերի թվում նաև հաստիքի համար պահանջվող հմտություններն են։
7․ Թվեր
Ձեռքբերումները թվերով ներկայացնելը կարող է օգնել, որ ձեր ռեզյումեն առանձնանա և ուժեղ տպավորություն թողնի պոտենցիալ գործատուի վրա։ Թվերը կոնկրետ ապացույցներով հիմնավորում են ձեր պնդումները։ Եթե անգամ ճշգրիտ թվեր չեք կարող ներկայացնել, ապա նշեք միջակայք, օրինակ՝ «Իմ աշխատանքի արդյունքում ունեցել ենք վաճառքի աճ՝ մոտ 35%-ով»։
You may like