Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես պատասխանել «Ո՞րն է ամենամեծ մարտահրավերը, որին բախվել եք» հարցին

5/10/2024 | 2749 views

Հարցազրույցի ժամանակ հնարավոր է՝ ի թիվս այլ հարցերի հավաքագրման մասնագետը հետաքրքրվի, թե որն է եղել ամենամեծ մարտահրավերը, որին բախվել եք ձեր նախորդ աշխատավայրում։ Մտածված պատասխանն այս հարցին կօգնի ընդգծել խնդիրներ լուծելու ձեր հմտությունները և պրոֆեսիոնալիզմը։

 

Այսօր կանդրադառնանք հարցին, թե ինչու են գործատուները հետաքրքրվում նախկինում հանդիպած մարտահրավերներով, կքննարկենք, թե ինչպիսի պատասխան կարելի է տալ, ինչպես նաև կդիտարկենք օրինակ, որը կօգնի ձեր պատասխանը ձևակերպելու գործում։

 

Այս հարցի պատասխանի մասին նախապես մտածեք, քանի որ եթե այն հնչի և այդ պահին չհիշեք համապատասխան օրինակ ձեր փորձից, ստիպված կլինեք կա՛մ ժամանակ ծախսել մտածելու վրա, կա՛մ հրաժարվել պատասխանելուց՝ ասելով, որ դժվարանում եք մտաբերել։

 

 

Վերանայեք նախկին մարտահրավերները

Հիշեք աշխատանքի հետ կապված ցանկացած իրավիճակ, որը դժվարություններ է առաջացրել ձեր նախորդ աշխատավայրերում, բախվել եք որոշակի խնդրի, որի լուծումն, ի վերջո, գտել եք: Կարևոր է ցույց տալ ոչ միայն խնդիրները լուծելու, այլև վերլուծական հմտությունները։


Պատասխանը հարմարեցրեք աշխատանքի նկարագրությանը

Համոզվեք, որ ձեր տված պատասխանը համընկնում է այն աշխատանքի պարտականությունների հետ, որի համար դիմել եք: Օրինակ, եթե դիմում եք հաճախորդների սպասարկման հետ կապված աշխատանքի համար, հաշվի առեք նախորդ դեպքերը, երբ դուք արդյունավետ աշխատել եք բարդ հաճախորդի հետ:

 

Աշխատանքի նկարագրությանը ձեր պատասխանը հարմարեցնելու նպատակով հարցազրույցից առաջ ժամանակ տրամադրեք աշխատանքի հայտարարությունը վերանայելու համար: Այնուհետև առանձնացրեք նմանատիպ խնդիրները, որոնք դուք հաղթահարել եք ձեր ընթացիկ կամ նախորդ պաշտոններում։

 

 

Հստակեցրեք, թե ինչու եք դրանք մարտահրավերներ համարում

Ձեր պատասխանը սկսեք բացատրելով, թե ինչն է այս կամ այն խնդիրը դարձրել ձեզ համար մարտահրավեր, ապա խոսեք հաղթահարման գործընթացի մասին։

Չխորանալով անհարկի մանրամասների մեջ՝ ամեն դեպքում ներկայացրեք խնդիրն այնքանով, որքանով անհրաժեշտ է, որ զրուցակիցը հստակ պատկերացում կազմի, թե ինչպես եք դուք վարվում նման տեսակի իրավիճակներում: Նշեք, թե ինչ եք սովորել այդ փորձից և ինչպես կարող եք այն կիրառել նոր աշխատավայրում։

 

Ընդգծեք մարտահրավերի դրական կողմը

Մարտահրավերի օրինակ ընտրելիս շրջահայաց եղեք։ Օրինակ, եթե բախվել եք այնպիսի մարտահրավերի, որը առաջացել է ձեր պատճառով, ապա հրաժարվեք այդ դեպքը ներկայացնելու մտքից։ Փոխարենը, մտածեք այնպիսի իրավիճակների մասին, որոնք ցույց են տվել ձեզ դրական լույսի ներքո, օրինակ, որպես արդյունավետ թիմային աշխատանք իրականացնող մասնագետի: Հիշեք՝ նպատակը ձեր ուժեղ կողմերը շեշտադրելն է։

 

 

Ազնիվ եղեք 

Մի փորձեք տպավորություն ստեղծել, թե դուք այնքան լավ աշխատակից եք, որ երբևէ դժվարությունների չեք բախվել։ Ազնիվ եղեք և այդպիսով զրուցակիցը կհասկանա, որ լրջորեն եք վերաբերվում հարցին և թաքցնելու ոչինչ չունեք, երբ խոսքը վերաբերում է դժվարություններին։

 

Անհրաժեշտության դեպքում ներկայացրեք աշխատանքից դուրս օրինակներ

Եթե դուք չունեք մեծ աշխատանքային փորձ և աշխատանքի հետ կապված իրական մարտահրավերներ հաղթահարելու առիթ չեք ունեցել, օգտագործեք օրինակ ձեր կրթությունից, կամավորական աշխատանքից կամ, եթե սպորտով եք զբաղվում, սպորտային գործունեությունից: Այս դեպքում համոզվեք, որ կարող եք ձեր օրինակը կապել մասնագիտական կյանքի և այն աշխատանքի հետ, որի համար դիմում եք:

 

 

Դիտարկենք մեկ օրինակ։ Ենթադրենք թեկնածուն հաջողությամբ աշխատել է դժգոհ հաճախորդի հետ։ Մարտահրավեր հաղթահարելու մասին նրա պատմությունը կարող է հնչել այսպես․ «Մեզանից գնում կատարած հաճախորդը դժգոհություն էր հայտնել։ Ես առաջարկեցի խոսել և ուշադրությամբ լսեցի նրա մտահոգությունները: Երբ նրա զայրույթն անցավ, ես նրան առաջարկեցի խնդրի լուծման մի քանի տարբերակներ։

 

Երբ նա ընտրեց այն տարբերակը, որն իրեն լավագույնս էր համապատասխանում, նա շնորհակալություն հայտնեց ինձ և հետագայում մեզանից կրկին այլ գնում կատարեց: Այդպիսով, մենք չկորցրինք մեր հաճախորդին»։

 

You may like