Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Վարքագծային հարցազրույցներ՝ STAR մեթոդի կիրառմամբ

2/4/2024 | 4466 views

Վարքագծային հարցազրույցն անցկացվում է տարբեր իրավիճակներում թեկնածուների աշխատելու կարողությունը ստուգելու համար։ Դա արվում է հարցերի միջոցով, որոնք վերաբերում են կոնկրետ իրավիճակների և որոնցում ենթադրվում է, որ նախկինում դիմորդն աշխատել է։ Իմանալով, թե ինչպես պետք է պատասխանել վարքագծային հարցազրույցի ամենատարածված հարցերին, կարող եք ավելի խորը պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսի տեղեկատվություն է ցանկանում հարցազրուցավարը ստանալ դիմորդից, ինչն էլ կօգնի ճիշտ և գրագետ կերպով արձագանքել՝ ցույց տալով անհրաժեշտ հմտությունները:

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք STAR մեթոդի միջոցով իրավիճակային հարցերին պատասխանելու առանձնահատկություններին, ինչպես նաև կուսումնասիրենք կոնկրետ օրինակ, որի միջոցով կտեսնենք, թե ինչպես է այն գործնականում կիրառվում։ Դա կօգնի ձեզ նախապատրաստվել նմանատիպ հարցազրույցների։



 

Այսպիսով, վարքագծային հարցազրույցի միջոցով գործատուն նպատակ ունի բացահայտել ձեր վարքագիծը աշխատավայրում՝ հասկանալու համար, թե արդյոք ձեզ կհաջողվի արդյունավետ աշխատել իրենց միջավայրում և բավարարել անհրաժեշտ պահանջները։ Ձեր պատասխանների արդյունքում պարզ կդառնա, թե ինչպես եք արձագանքում աշխատավայրում առաջացող տարբեր իրավիճակներին, ինչպես վարքագիծը կարող է ազդել ձեր կատարողականի վրա և արդյոք կարողանում եք այն կառավարել:

 

STAR մեթոդը՝ որպես վարքագծային հարցազրույցի հարցերին պատասխանելու լավագույն գործիք

Հակիրճ և բովանդակալից խոսքը հարցազրույցի հաջողության գրավականն է։ Սակայն հաճախ, պայմանավորված տարբեր գործոններով՝ ընդհուպ մինչև հուզմունքի զգացումով, մեզ չի հաջողվում տալ ճիշտ և թիրախային պատասխաններ, որոնք գործատուին ցույց կտան մեր կատարած աշխատանքի արժեքը։ Բարեբախտաբար, կան տարբեր մեթոդներ, որոնք օգնում են ոչ միայն պատասխանների ձևաչափի ընտրության հարցում, այլև անփոխարինելի են բովանդակային առումով խոսքը կառուցելու գործում։ Այդպիսի մեթոդներից մեկը հայտնի է STAR անվանումով։


 

Այժմ, տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս մեթոդը և ինչպես պետք է կիրառենք այն։ STAR-ը հապավում է՝ կազմված անգլերեն Situation (իրավիճակ), Task (առաջադրանք), Action (գործողություն), Result (արդյունք) բառերից։ Բազմիցս խոսել ենք ձեր մասին փաստերը պատմության տեսքով ներկայացնելու մասին՝ կարևորելով սթորիթելինգի կիրառումը։ Այս մեթոդի առավելություններից մեկն էլ հենց նրանում է, որ այն օգնում է պատասխանել վարքագծային հարցազրույցի հարցերին պատմվածքի ձևաչափով: 


STAR մեթոդի էությունը կայանում է նրանում, որ վերջինիս միջոցով ներկայացնում եք այն գործողությունները, որոնք ձեռնարկել եք՝ աշխատավայրում առկա մարտահրավերները հաղթահարելու կամ կոնֆլիկտները հարթելու ուղղությամբ։ Կարող եք կազմել ձեր խոչընդոտների և ձեռքբերումների ցանկը՝ մանրամասնելու համար, թե ինչն է ձեզ օգնում հասնել որոշակի արդյունքների: Դուք պետք է կարդաք աշխատանքի նկարագրությունը և հարմարեցնեք ձեր պատասխանը վարքագծային հարցազրույցի հարցերին՝ STAR մեթոդի յուրաքանչյուր բաղադրիչի հերթականությամբ անդրադառնալու միջոցով: Իսկ այժմ ուսումնասիրենք STAR մեթոդի բաղադրիչները։ 

 



Առաջին հերթին գործ ունենք իրավիճակի հետ։ Տեղեկատվություն տրամադրեք այն մարտահրավերի մասին, որին բախվել եք և անդրադարձեք այն հանգամանքներին, որոնք առաջին հերթին հանգեցնում են մարտահրավերի: Առաջադրանքի բաղադրիչի շրջանակներում նկարագրեք, թե որն է եղել ձեր դերը խնդիրը լուծելու գործում: Մեթոդի գործողության բաղադրիչը ենթադրում է, որ պետք է ցույց տաք, թե ինչպիսի մոտեցում եք ցուցաբերել և ինչպես է դա ազդել ձեր գործողությունների և ձեռնարկած քայլերի վրա։

 

Ի վերջո ներկայացրեք հարցազրուցավարին ձեր գործողությունների արդյունքը և ասացեք, թե ձեր կարծիքով այդ մոտեցումն ինչպես է ազդել արդյունքի վրա: Եթե արդյունքը կարողանաք ներկայացնել քանակական տեսքով, ապա դա ձեզ միայն առավելություններ կտա։ 



 

Պատասխանի օրինակ՝ STAR մեթոդի կիրառմամբ

Տեսնենք, թե ինչպես է աշխատում մեթոդը կոնկրետ հարցերի պարագայում։ Ենթադրենք հարցազրուցավարը խնդրել է ձեզ նկարագրել ամենադժվար իրավիճակը, որում հայտնվել և որը հաղթահարել եք վերջին մեկ տարվա ընթացքում: Այս դեպքում կարևոր է ներկայացնել, թե ինչն է հանգեցրել այդ իրավիճակին և այն, թե ինչ մոտեցում եք կիրառել հաջողության հասնելու համար՝ չնայած խոչընդոտներին: 

 

Պատասխանը կարող է լինել այսպիսին․ «Մի անգամ հաճախորդից մեր ծրագրի հետ կապված բողոք ստացա: Նա ասաց, որ ցանկանում է չեղարկել ծրագրի օգտագործման վերաբերյալ մեր պայմանագիրը, քանի որ այժմ աշխատում են շատ կարևոր բիզնես նախագծի վրա, իսկ ծրագիրը հաճախ անջատվում է: Ես խնդրեցի քայլ առ քայլ ներկայացնել խնդիրը, որպեսզի մենք կարողանանք աշխատել լուծման վրա: Հաճախորդի հետ զրույցի ավարտից հետո մեր տեխնիկական թիմը վերանայեց ծրագիրը և լուծեց խնդիրը, իսկ  մենեջերի հետ զրույցում որոշեցինք վերադարձնել հաճախորդին այդ ամսվա վճարը, քանի որ գիտեինք անսարքությունների պատճառը և ուզում էինք, որ հաճախորդը համոզված լիներ, որ ցանկացած խնդրի պարագայում մենք պատրաստ ենք աջակցել և կրել պատասխանատվություն»։



 

Այսպիսով, STAR մեթոդի կիրառումը վարքագծային հարցազրույցներում լավագույն մոտեցումն է, երբ անհրաժեշտ է ներկայացնել հմտությունները ու փորձառությունը, ինչպես նաև մարտահրավերների առաջացման դեպքում կողմնորոշվելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ձեր կարողությունը։

 

You may like