Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

5 սխալ՝ աշխատանք փնտրելիս

8/3/2023 | 22854 views

Գաղտնիք չէ, որ աշխատանքի որոնումը կարող է բարդ և ժամանակատար գործընթաց լինել: Կան մի շարք գործոններ, որոնք կարող են օգնել կամ խոչընդոտել ձեզ այդ ճանապարհին։

 

Որո՞նք են աշխատանք փնտրելիս ամենահաճախ հանդիպող սխալները և ինչպե՞ս խուսափել դրանցից․ այս հարցերի պատասխանն անհրաժեշտ է ունենալ մինչ որևէ աշխատանքի համար դիմելը։ Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այս հարցերին, ինչը կօգնի ձեզ նախապատրաստվել աշխատանքի արդյունավետ որոնման գործընթացին։ Հնարավորինս վաղ տեղեկացեք այդ սխալների մասին՝ հաջորդ անգամ աշխատանքի դիմելիս բացառելով դրանց բացասական ազդեցությունը ձեր թեկնածությունը դիտարկելու գործում։

 

 

1․ Ընդհանրական ռեզյումե ուղարկելը

Շատերը մեկ անգամ պատրաստում են իրենց ռեզյումեն և պարզապես ուղարկում այն ամեն անգամ, երբ գտնում են աշխատանք, որին ցանկանում են դիմել: Ինչո՞ւ է նման մոտեցումը սխալ։ Պատճառները մի քանիսն են։ Նախ, կարող եք ծույլ կամ անփույթ մարդու տպավորություն թողնել, ով լուրջ տրամադրված չէ աշխատանքի հարցում։ Բացի այդ, կարող է թվալ, թե դուք պարզապես դիմում եք ձեր տեսած ցանկացած աշխատանքի համար՝ առանց հաստիքը մանրամասն ուսումնասիրելու: Նման դեպքերում ներկայիս մրցակցային աշխատաշուկայում նվազեցնում եք հարցազրույցի հրավիրվելու ձեր հնարավորությունները:

 

Այս կամ այն հաստիքի համար ուղարկված բազմաթիվ ռեզյումեների մեջ աչքի ընկնելն, իսկապես, այնքան էլ դյուրին գործ չէ։ Մյուսներից տարբերվելու և մրցակցային առավելության հասնելու համար ձեզ անհրաժեշտ է տպավորիչ ռեզյումե, որը կգրավի հավաքագրման մասնագետների ուշադրությունը: Այդ նպատակով, նախ և առաջ, հարկավոր է ռեզյումեն կոնկրետ հաստիքի համար ուղարկելուց առաջ այնպես կազմել, որպեսզի նայելով այն՝ գործատուն համոզված լինի, որ դուք, եթե ոչ լավագույնը, ապա գոնե լավագույններից մեկն եք, ով համապատասխանում է տվյալ պաշտոնին: Ուշադիր կարդացեք աշխատանքի նկարագրությունը, ռեզյումեում ընդգծեք այն փորձի և հմտությունների առկայությունը, որոնք համապատասխանում են տվյալ աշխատանքի համար։

 

Հաշվի առնելով տարբեր հաստիքների դիմելիս տարբեր ռեզյումեներ ուղարկելու անհրաժեշտությունը՝ Job.am կայքը հնարավորություն է տալիս վերբեռնել մինչև 3 ռեզյումե։ Արդյունքում կարող եք այս կամ այն հաստիքի համար դիմելիս ընտրել այն մեկը, որում ընդգծել եք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են հենց այդ պաշտոնի համար։ Հավելենք նաև, որ կարող եք ձեր ռեզյումեներից մեկը, որը ամենից հաճախն եք ուղարկում՝ պայմանավորված կոնկրետ աշխատանքի դիմելու նախապատվությամբ, կարող եք դարձնել հիմնական։ Կայքում գրանցվելու, ռեզյումե ստեղծելու և աշխատանքի համար դիմելու մանրամասներին կարող եք տեղեկանալ մեր նախորդ բլոգներից մեկում։


 

2․ Անտեսում եք ուղեկցող նամակները

Աշխատանք որոնելիս մարդիկ հաճախ իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնում են ռեզյումեն հղկելու և հարցազրույցի հմտությունները կատարելագործելու վրա: Թեև դրանք իսկապես կարևոր նշանակություն ունեն, սակայն պետք չէ ուշադրությունից բաց թողնել ևս մեկ փաստաթուղթ՝ ուղեկցող կամ մոտիվացիոն նամակը: 

 

Ուղեկցող նամակը հնարավորություն է ընձեռում ցույց տալ ձեր հետաքրքրությունն ընկերության նկատմամբ և այնտեղ աշխատելու ցանկության պատճառները: Լավ գրված ուղեկցող նամակի միջոցով բացի ձեր ռեզյումեում ներկայացված փաստերից կիսվում եք նաև ձեր մոտիվացիայով և արտահայտում եք կազմակերպությունում աշխատանքի անցնելու ոգևորությունը։ Այն միջոց է գործատուին համոզելու համար, որ հենց դուք եք հաստիքի համար ամենակատարյալ թեկնածուն:

 

Մինչ ձեր ռեզյումեն կառուցվում է մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, ուղեկցող նամակը թույլ է տալիս ընդգծել փափուկ հմտությունները: Ուղեկցող նամակի միջոցով կարող եք ընդգծել ձեր հաղորդակցման, խնդիրներ լուծելու և թիմային աշխատանքի ունակությունները, որոնք կարող են ձեզ առանձնացնել որպես արժեքավոր թեկնածու:

 

Եվս մեկ կարևոր հնարավորություն, որն ընձեռում է ուղեկցող նամակը, աշխատանքային գործունեության մեջ դադարների վերաբերյալ պարզաբանումներ տալն է։ Մասնավորապես, ձեր ուղեկցող նամակում կարող եք նշել, թե ինչպես եք օգտագործել այն ժամանակահատվածը, երբ չեք աշխատել։ Կարող եք նշել, որ այդ ընթացքում լրացրել եք ձեր գիտելիքների պաշարը, ձեռք եք բերել նոր հմտություններ կամ կատարելագործել եք հները, որոնցում նախկինում թերացել եք։ Նման պարզաբանումը վկայում է անձնական և մասնագիտական աճին միտված ձեր մոտեցման մասին։

 

 

3․ Աշխատանք փնտրելու անկանոն ջանքեր

Աշխատանք փնտրելիս հետևողական լինելը կարևոր է հնարավորությունները բաց չթողնելու համար։ Նոր հայտնվող թափուր հաստիքների մասին շուտ տեղեկանալով` կկարողանաք ժամանակին դիմել աշխատանքի համար` սահմանված վերջնաժամկետների շրջանակներում։ Հաշվի առեք, որ տարբեր կազմակերպություններ հավաքագրումն իրականացնում են տարբեր մոտեցումներով։ Որոշ կազմակերպություններ ստացած ռեզյումեները դիտարկում են նորերը ստանալուն զուգահեռ, ստացվում է, որ եթե ընթացքում կազմակերպությունը գտնում է իր փնտրած թեկնածուին, ապա կարող է սկզբնապես նշված վերջնաժամկետից շուտ ավարտել հավաքագրումը։ 

 

Աշխատանքի նոր հնարավորությունները բաց չթողնելու նպատակով կարող եք գրանցվել Job.am կայքում և ակտիվացնել ծանուցումների ծառայությունը՝ ձեր էլեկտրոնային հասցեին ստանալով թարմացումներ՝ ձեզ հետաքրքրող ոլորտներում աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ։ Կայքում կարող եք նաև բաժանորդագրվել կոնկրետ կազմակերպությունների էջերին՝ ստանալով այնտեղ հայտնվող թափուր հաստիքների մասին հայտարարությունները։

 

Նկատենք նաև, որ բազմաթիվ ընկերություններ աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները տարածում են սոցիալական ցանցերում։ Եթե փնտրում եք կոնկրետ կազմակերպություններում աշխատելու հնարավորություն, ապա կարող եք հետևել նրանց էջերին սոցիալական ցանցերում՝ թարմացումները բաց չթողնելու նպատակով։


 

4․ Մոռանում եք ցույց տալ արդյունքները

Շատ մասնագետներ օգտագործում են իրենց ռեզյումեն՝ պարզապես նախկինում իրենց զբաղեցրած պաշտոնները և հիմնական պարտականությունները թվարկելու համար՝ ցույց չտալով այն ազդեցությունը, որն ունեցել են կազմակերպության արդյունավետ գործունեության վրա:

 

Եթե ձեր փորձը հետաքրքրի հավաքագրման մասնագետին, ապա վերջինս, անշուշտ, կցանկանա ձեզ հետ հանդիպել և բոլոր հարցերը քննարկել հարցազրույցի ընթացքում, սակայն ձեր աշխատանքով ունեցած ներդրումների մասին ռեզյումեում տեղեկատվություն ավելացնելն ամեն դեպքում լավ միտք է։

 

Ապագա գործատուին հետաքրքիր է, թե ինչ եք արել ընկերության առաջընթացն ապահովելու գործում և ինչպես կարող եք կիրառել նույն գործիքակազմը նոր աշխատավայրում: Ռեզյումեում ձեր աշխատանքի արդյունավետության և մասնագիտական ձեռքբերումների մասին նշելու նպատակով ներառեք փաստեր և թվեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի փոփոխություններ եք կատարել։ Օրինակ, սոցիալական մեդիայի պատասխանատուի ձեռքբերումներից մեկը կարող է ձևակերպված լինել հետևյալ կերպ. «Վեց ամսում 100%-ով սոցիալական մեդիայում հետևորդների ներգրավվածության ցուցանիշի բարձրացում»։

 

 

5. Հարցազրույցներին բավականաչափ չեք նախապատրաստվում

Եթե անգամ մասնակցել եք բազմաթիվ հարցազրույցների և այժմ ձեզ համարում եք «մասնագետ» այդ գործում, միևնույն է, յուրաքանչյուր հարցազրույցից առաջ  նախապատրաստվելը պարտադիր է։ Տարբեր ընկերություններում հարցազրույցի մասնակցելուց առաջ ձեզ հարկավոր է ծանոթանալ կազմակերպության վերաբերյալ առաջնային տեղեկատվությանը՝ գործունեության ոլորտին, աշխատանքի հիմնական ուղղություններին և այլն։ Այս գործում ձեզ կօգնեն կազմակերպության կայքէջը և սոցիալական ցանցերում առկա էջերը։ 

 

Հարցազրույցին նախապատրաստվելը ենթադրում է նաև հավաքագրման մասնագետներին ձեր կողմից ուղղվելիք հարցերի պատրաստումը։ Եվս մեկ անգամ ընթերցեք աշխատանքի նկարագրությունը և հիմնական պահանջները, առանձնացրեք 3-5 հարց, որոնց պատասխանները կօգնեն ձեզ աշխատանքի առաջարկ ստանալու պարագայում որոշում կայացնել։ 

 

Ձեր հարցերը կարող են վերաբերել ընկերությանը, օրինակ, վերջինիս արժեհամակարգին և առաջնահերթություններին, ինչպես նաև թափուր հաստիքին։ Հավաքագրման մասնագետին հարցեր ուղղելը նաև հնարավորություն է տեղեկանալու համար, թե ինչ փուլերով է դիտարկվելու ձեր թեկնածությունը և երբ կարող եք պատասխան ակնկալել։ Հարցազրույցի ավարտին հարցեր տալու ձեր հնարավորությունը լավագույնս օգտագործելու նպատակով ծանոթացեք մեր բլոգներից մեկին, որում քննարկել ենք, թե որ հարցեր են նպատակահարմար, ինչպես նաև ներկայացրել ենք տարբեր հարցերի օրինակներ, որոնք կարող եք օգտագործել։ 


 

Անկախ այն հանգամանքից, թե ձեր մասնագիտական ուղու որ փուլում եք այժմ գտնվում՝ սկսնակ եք, թե ավագ մասնագետ, այս սխալների մասին իրազեկ լինելը և դրանցից խուսափելը կմեծացնի աշխատանքի առաջարկ ստանալու հավանականությունը։ Խուսափեք վերոնշյալ հինգ սխալից և հաջողության կհասնեք անընդհատ զարգացող մրցակցային աշխատաշուկայում:


 

You may like