Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ինչի՞ մասին լռել հարցազրույցի ընթացքում

5/31/2023 | 2132 views

Փորձեք վերհիշել ձեր մասնակցած հարցազրույցներից մի քանիսը։ Պատահե՞լ է, որ, դուրս գալով հարցազրույցի սենյակից, ափսոսանքով ընդունեք, որ որոշ հարցերի չեք պատասխանել այնպես, ինչպես կպատասխանեիք հիմա՝ այս անգամ ընդգծելով այն, ինչը գործատուն անպայման պետք է իմանար ձեր մասին։ Իսկ հիշո՞ւմ եք, թե որքան հաճախ եք փոշմանել ոչ միայն չասվածի, այլև ասվածի համար՝ հարցազրույցի շրջանակներում ձեզ հատկացված կարճ ժամանակն օգտագործելով անկարևոր և նույնիսկ ձեր թեկնածության դիտարկման տեսակետից վնասող հարցերի անդրադառնալով։

 

Հարցազրույցին նախապատրաստվելիս հիմնականում մտածում ենք այն մասին, թե ինչ ենք խոսելու և ինչպես ենք պատասխանելու հնարավոր հարցերին։ Սա, իհարկե, շատ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ այն, թե ինչի մասին պետք չէ առհասարակ խոսել։ 

 

Հարցազրույցի ընթացքում՝ լարվածության և հուզմունքի ազդեցությամբ, հեշտ է սխալվել և ասել այն, ինչի մասին ցանկալի է լռել, սակայն, ինչպես ասում են՝ խոսքը թռչուն է՝ բերանից թռավ էլ չես բռնի։ Այդ պատճառով էլ հարցազրույցից առաջ մտածեք, թե ինչի մասին խոսելուց պետք է խուսափեք։ Այսօրվա մեր բլոգի նպատակը ձեզ այս հարցում օգնելն է։

 

Ի՞նչ մասին չխոսել հարցազրույցի ընթացքում, ինչպիսի՞ արտահայտություններից խուսափել և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ավելորդ և ոչ պատեհ մանրամասներին անդրադառնալը․ այս մասին և ոչ միայն՝ ստորև։

 

Ինչի՞ մասին պետք չէ խոսել

Հարցազրույցի ընթացքում ձեր պատասխաններն օգնում են հարցազրուցավարին որոշել՝ արդյո՞ք ուժեղ մասնագետ եք և ինչպե՞ս են ձեր հմտություններն ու փորձը ձեզ դարձնում լավագույն թեկնածուն տվյալ հաստիքի համար: 

 

Մինչ հարցազրույցը որոշեք, թե ձեր մասին ինչպիսի տեղեկատվություն հաղորդելը կարող է ավելորդ լինել և անգամ բացասաբար ազդել աշխատանքի առաջարկ ստանալու ձեր հնարավորության  վրա: Խուսափեք պոտենցիալ գործատուի հետ հարցազրույցի ընթացքում խոսել ստորև ներկայացվող թեմաներից։

 

Նախկին գործատուին քննադատելը

Հարցազրուցավարը կարող է հարցնել․ «Ինչո՞ւ եք նոր աշխատանք փնտրում» կամ «Ի՞նչը ձեզ դուր չի եկել ձեր նախկին աշխատավայրում»: Պատասխանելիս խուսափեք  նախկին գործատուի կամ աշխատանքի մասին որևէ բացասական բան ասելուց։ Ցույց տվեք ձեր դրական մոտեցումը՝ անկախ իրավիճակից։ 

 

Կենտրոնացեք մասնագիտական աճի այն հնարավորությունների վրա, որոնք հուսով եք ունենալ նոր աշխատանքում և որոնք նախորդ գործատուն չէր կարող առաջարկել։ 

 

 

Անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն

Խուսափեք անձնական հարաբերությունների կամ ընտանեկան հարցերի քննարկումից, եթե դրանք ուղղակիորեն չեն վերաբերում աշխատանքին կամ չեն ազդելու ձեր կողմից աշխատանքային պարտականությունների կատարման վրա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական հմտությունների, ձեռքբերումների և ընկերության գործունեության մեջ ձեր աշխատանքով կատարվելիք ներդրման վրա:

 

Խուսափեք նաև կրոնական կամ քաղաքական համոզմունքների մասին խոսելուց։ Մի անդրադարձեք ձեր առողջական վիճակին, եթե դա ուղղակիորեն չի ազդում ձեր աշխատանքը կատարելու ունակության վրա: 

 

Թեև կարևոր է գործատուին ներկայանալ ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես անհատականություն, և այն հոբբիներն ու հետաքրքրությունները, որոնք որոշակի աղերս ունեն աշխատանքի հետ, կարող են օգնել այդ հարցում, սակայն հիշեք, որ ամենակարևորը ձեր գիտելիքները և հմտություններն են։ Հարցազրույցի ընթացքում շատ ուշադրություն և ժամանակ մի հատկացրեք աշխատանքից դուրս զբաղմունքների մասին խոսելու համար։ Հոբբիների և հետաքրքրությունների մասին գործատուին տեղեկատվություն ներկայացնելու մասին առավել մանրամասն անդրադարձել ենք մեր բլոգներից մեկում։

 

Աշխատավարձի, պարգևավճարների և արձակուրդների տրամադրման մասին քննարկումներ

Իհարկե վարձատրության հետ կապված հարցերը կարևոր են, սակայն հարցազրույցի ընթացքում պետք չէ դրանք քննարկել։ Հիշեցնենք, որ այս փուլում ձեր հիմնական նպատակը գործատուին համոզելն է, որ դուք տվյալ աշխատանքի համար լավագույն թեկնածուն եք։ 

 

Եթե հարցազրույցի ընթացքում հարցազրուցավարը չի անդրադառնում վարձատրության հետ կապված հարցերին, ապա ինքներդ մի նախաձեռնեք նման քննարկում։ Փոխարենը աշխատավարձի և առավելությունների մասին հարցերը կարող եք բարձրացնել աշխատանքի առաջարկ ստանալիս։

 

Կարճ տևողությամբ աշխատանք

Կարճատև աշխատանքային փորձը դժվար թե մեծ ներդրում ունեցած լինի ձեր մասնագիտական հմտությունների զարգացման մեջ։ Այս դեպքում անիմաստ է 2 կամ 3 ամիս տևողությամբ աշխատանքի մասին ռեզյումեում նշելը։

 

Հարցազրույցի ընթացքում կարճատև փորձառության մասին տեղեկատվությունը ոչ մի էական նշանակություն չի ունենա, ընդհակառակը, կարող է անհարմար հարցերի տեղիք տալ, օրինակ՝ «Ինչո՞ւ է այդքան կարճ տևել ձեր աշխատանքը», «Ավելի հակվա՞ծ եք կարճաժամկետ համագործակցության» և այլն։ Ռեզյումեում ներառեք և հարցազրույցի ընթացքում ներկայացրեք միայն այն նշանակալի փորձը, որն ունեցել եք և որը ձեզ օգտակար հմտություններ է սովորեցրել։

 

Այն ժամանակահատվածը, երբ չեք աշխատել

Եթե ձեր աշխատանքային գործունեության մեջ ունեք բացեր՝ որոշակի ժամանակահատված, երբ չեք աշխատել, ապա փորձեք հարցազրույցի ընթացքում դրանց չանդրադառնալ։ Եթե հարցազրուցավարի նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, ստիպված լինեք խոսել այդ ժամանակահատվածի մասին, ապա ընդգծեք այն հմտությունները, որոնք ձեռք եք բերել՝ օգտագործելով ազատ ժամանակը։ Եթե դասընթացների եք մասնակցել կամ կամավորական գործունեություն ծավալել, ապա նշեք դրանք։

 

Ընկերության գործունեության մասին հարցնելը

Հարցազրույցի ավարտին գործատուին հարցեր տալը լավ միտք է, սակայն այստեղ ևս հարկավոր է հստակ իմանալ, թե ինչի մասին պետք չէ հարցնել։ 

 

Խուսափեք հարցերից, թե ինչ գործունեություն է ծավալում ընկերությունը, որն է նրա առաքելությունը: Այս հարցերի պատասխանները հեշտությամբ կարող եք գտնել ընկերության կայքում: Մինչ հարցազրույցին ներկայանալը ուսումնասիրեք և հստակ պատկերացում կազմեք ընկերության նպատակների, արժեքների և տեսլականի մասին, իսկ հարցազրույցի ընթացքում կարող եք այնպիսի հարցեր տալ, որոնք կօգնեն դրանց վերաբերյալ մանրամասներ իմանալ։

 

Գիտելիքների և փորձի պակաս

Մի կենտրոնացեք ձեր թույլ կողմերի կամ փորձի պակասի վրա: Եթե դուք վերջերս եք ուսումն ավարտել կամ փոխել եք ձեր զբաղվածության բնույթը, ապա ամենայն հավանականությամբ, փորձառություն քիչ ունեք։ Այս դեպքում կենտրոնացեք այն ուժեղ կողմերի վրա, որոնք դուք կօգտագործեք այդ պաշտոնում աշխատելիս։ Նշեք, թե ձեր ունեցած փորձն ու հմտություններն ինչպես կարող են արդյունավետ լինել ընկերության համար։ Ընդգծեք և հիմնավորեք սովորելու և նոր հմտություններ ձեռք բերելու ձեր ձգտումը։


 

10 արտահայտություն, որոնք չի կարելի ասել հարցազրույցի ընթացքում

 

«Այդ մասին կա գրված իմ ռեզյումեում»

Եթե անգամ հարցի պատասխանն առկա է ձեր ռեզյումեում, փորձեք սպառիչ պատասխան տալ հարցազրուցավարին։ Բացառեք «Այդ մասին կա գրված իմ ռեզյումեում» և նմանատիպ խուսափողական հնչող պատասխանները։ Հարցազրուցավարը, ով ծանոթ է ձեր ռեզյումեին, հնարավոր է հարցնում է՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Փորձեք պատասխանել հարցերին` օգտագործելով կոնկրետ օրինակներ, որոնք ապացուցում են ձեր փորձը կամ հմտությունները՝ հիմնավորելով, թե ինչպես են ձեր որակավորումները համապատասխանում տվյալ պաշտոնին:


«Ինձ իսկապես հարկավոր է այս աշխատանքը» 

Որքան էլ երկար և դժվարին ճանապարհ եք անցել աշխատանք փնտրելիս և որքան էլ երկար եք սպասել տվյալ կազմակերպությունում հայտնվելու հնարավորությանը, հուսահատորեն մի կառչեք աշխատանքի հնարավորությունից։ Նախ և առաջ, դուք կարող եք նվազեցնել ձեզ առաջարկվելիք վարձատրության չափը․ գործատուն կարող է ընկալել, որ դուք պատրաստ եք ընդունել ցանկացած առաջարկ:

 

Նշելով, որ դուք իսկապես աշխատանքի կարիք ունեք, գործատուի ուշադրությունը շեղում եք ձեր որակավորումներից, հետևաբար կենտրոնացեք աշխատանքի հանդեպ ձեր հետաքրքրության և ընկերության առաքելությունը և նպատակները կիսելու ձեր պատրաստակամության վրա: 

 

«Հարցեր չունեմ».

Հաճախ հարցազրույցի ավարտին ձեզ կհարցնեն՝ արդյո՞ք որևէ հարց ունեք: Նախապես մտածեք բովանդակալից մի քանի հարց, որոնք կարող եք տալ գործատուին և որոնց միջոցով կկարողանաք ցույց տալ ձեր հետաքրքրությունը ընկերության կամ հաստիքի նկատմամբ:

 

«Ես մտածում եմ արկղից դուրս»

Հարցազրույցների ընթացքում նման կլիշեներ օգտագործելը չի կարող դրական ազդեցություն ունենալ: Մի օգտագործեք ծեծված արտահայտություններ, որոնք հավաքագրողները շատերից լսում են, փոխարենը ներկայացրեք ձեր հմտությունները՝ կոնկրետ օրինակների միջոցով հիմնավորելով դրանք։

 

«Ես կցանկանայի սկսել իմ սեփական բիզնեսը որքան հնարավոր է շուտ»

Գործատուների մեծամասնությունը ցանկանում է աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր պատրաստվում են երկարաժամկետ հեռանկարում մնալ ընկերությունում։ Նման հայտարարություն անելով՝ ստիպում եք մտածել, որ այս աշխատանքն ուղղակի ժամանակավոր է, մինչև որ ձեր սեփական բիզնեսի համար միջոցներ կուտակեք։ 

 

«Ես իսկապես նյարդայնացած եմ»

Մի ասեք, որ նյարդայնացած եք, եթե անգամ այնպես եք հուզված, ինչպես երբեք չեք եղել։ Հաղթահարեք անհանգստությունը և հարցազրույցի սենյակ մտեք հնարավորինս վստահ, քանի որ ընկերությունները հենց այդպիսի մարդկանց են ցանկանում տեսնել իրենց թիմերում։ 

 

«Իմ շնորհիվ վաճառքների թիվն աճել է»

Եթե չեք կարող ներկայացնել կոնկրետ թիվ, որը հաստատում է ձեր ասածը, ապա նման արտահայտություն մի արեք: Ձեր խոսքը հիմնավորող թվերն են, որ արժեք են ներկայացնում։

 

 

«Իմ ամենամեծ թուլությունը պերֆեկցիոնիզմն է»

Եվս մեկ կլիշե, որին ոչ ոք չի հավատա։ Թուլությունների մասին խոսելիս նշեք այնպիսի ոլորտ, որում մարտահրավերների եք հանդիպում և ընդգծեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկում դրանք հաղթահարելու ուղղությամբ։

 

«Ներեցեք ուշացման համար»

Ավելի դրական հնչելու համար հաճախ խորհուրդ է տրվում փոխարենն ասել․ «Շնորհակալություն ինձ սպասելու համար»։ Սակայն, որքան էլ փորձեք դրական բառամթերք օգտագործելով ձեզ համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել, միևնույն է, ուշանալու հանգամանքը դրական ընկալվել չի կարող։ Պարզապես մի ուշացեք և մի եկեք շատ շուտ։ Հարցազրույցին 10 րոպե շուտ ներկայանալը բավական է։

 

Այժմ, երբ տեղյակ եք այն ամենի մասին, ինչը նպատակահարմար չէ հարցազրույցի ընթացքում ասելը՝ հաջորդ անգամ հարցազրույցի գնալիս, մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ եք խոսելու, այլև մանրակրկիտ պլանավորեք այն, ինչի մասին լռելու եք։

 

 

You may like