Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

10  հմտություն, որոնք գործատուն ակնկալում է թեկնածուներից

5/24/2023 | 531 views

Լավագույն թեկնածուի փնտրելիս գործատուն կարևորում է մի շարք հմտություններ, որոնք լրացնում են մասնագիտական փորձի և որակավորումների մասին տեղեկատվությանը՝ առավել լիարժեք պատկերացում տալով անձի մասին։ 

 

Թեև տարբեր ոլորտների և հաստիքների համար անհրաժեշտ են տարբեր հմտություններ, սակայն կան նաև այնպիսիները, որոնք պահանջված են գրեթե բոլոր ոլորտներում:

 

Որո՞նք են գործատուների կողմից ամենապահանջված 10 հմտությունները, ե՞րբ և ինչպե՞ս նշել դրանք․ այս մասին՝ մեր այսօրվա բլոգում։

 

Հաղորդակցություն

Արդյունավետ հաղորդակցության հմտություններն անհրաժեշտ են ցանկացած աշխատանքում: Իրենց թիմում գործատուները ցանկանում են տեսնել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են արդյունավետորեն հաղորդակցվել։ Թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում մտքերը հստակ և հակիրճ արտահայտելը, ակտիվ լսելու ունակությունը և տարբեր գործնական իրադրություններում հաղորդակցության տարբեր ոճերին տիրապետելը մեծ առավելություն է։ Կապված այն հաստիքի հետ, որին դիմում  եք, կարող է տեղին լինել արդյունավետ հաղորդակցության համատեքստում բանակցելու, ճիշտ հարցեր տալու և տարբեր լսարանների համար ելույթներ ունենալու ձեր հմտության մասին ևս ընդգծելը։ 

 

Հաղորդակցման ուժեղ հմտությունների մասին նշելը հատկապես կարևոր է մարքեթինգի, հանրային կապերի, հաճախորդների սպասարկման, նախագծերի կառավարման և լրագրության ոլորտներում աշխատանքի դիմելիս։

 

Առաջնորդություն

Թիմի արդյունավետ կառավարման, առողջ աշխատանքային մթնոլորտի և բարձր ցուցանիշներով աշխատանքի ապահովման գործում մեծ է առաջնորդության հմտություններ ունեցող աշխատակիցների դերը։ Նշեք թիմի հետ արդյունավետ աշխատելու ձեր կարողության, առաջադրանքներն ըստ առաջնահերթության դասակարգելու և դրանք պատվիրակելու ձեր հմտությունների մասին։ Առաջնորդության հմտություն ունեցող աշխատակիցները հմուտ են նաև կոնֆլիկտների լուծման և թիմին մոտիվացնելու գործում։

 

Առաջնորդության հմտությունը կարևոր է հատկապես, եթե դիմում եք տարբեր բաժինների ղեկավարների և նախագծերի կառավարման մասնագետների հաստիքների համար։


 

Թիմային աշխատանք

Յուրաքանչյուր աշխատակից թիմի անդամ է, ով բացի իր անհատական առաջադրանքները կատարելուց, նաև համագործակցում է գործընկերների հետ։ Թիմի հետ մեկ նպատակի հասնելու ուղղությամբ աշխատելու կարողությունը և պատրաստակամությունը կարևոր է դրական արդյունքի հասնելու համար։ Թիմային աշխատանքի շնորհիվ տարբեր հմտություններ և գիտելիքներ ունեցող մասնագետները կարող են ավելի ստեղծարար, նորարար և արդյունավետ լուծումներ առաջարկել խնդիրներին։

 

Գործատուն, որը կարևորում է աշխատակիցների աճը, գնահատում է թիմային աշխատանքի կարևորությունը, որի ընթացքում աշխատակիցները կարող են սովորել միմյանցից։ Նշելով ձեր թիմային աշխատանքի հմտության մասին՝ գործատուին հուշում եք, որ պատրաստ եք համագործակցել և ձեր ներդրումն ունենալ այնպիսի խնդիրների լուծման գործում, որոնք պահանջում թիմային ջանքեր։

 

Նախագծերի կառավարման, վաճառքների, բիզնեսի զարգացման, կրթության, մարքեթինգի, գովազդի, միջոցառումների կազմակերպման ոլորտներում աշխատանքի դիմելիս չմոռանաք նշել թիմի կազմում արդյունավետորեն աշխատելու ձեր հմտության մասին։


 

 

Ժամանակի կառավարում

Անկախ նրանից՝ աշխատում եք տնից թե գրասենյակում, վարում եք ձեր սեփական բիզնեսը թե աշխատում եք կազմակերպությունում, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտությունը ձեր հաջողության գրավականն է։ Կարևոր է հիշել, որ ժամանակի արդյունավետ կառավարումը ենթադրում է ոչ թե աշխատանքին ավելի շատ ժամանակ հատկացնելը, այլ խելացի աշխատելը։

 

Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր աշխատակցին ավելի բարձր կգնահատի գործատուն՝ նրան, ով մինչև ուշ երեկո մնում է գրասենյակում և աշխատում կամ տնից է շարունակում կիսատ թողած գործը, թե՞ նրան, ով ժամանակի կառավարման և առաջնահերթությունների սահմանման իր հմտությունների շնորհիվ հասցնում է ժամանակին ավարտել գործը։ Այն գործատուն, ով գնահատում է արդյունավետ աշխատանքը, նախապատվությունը կտա ամեն ինչ ժամանակին հասցնող աշխատակցին։

 

Նախագծերի կառավարումը, ադմինիստրատիվ աշխատանքը, միջոցառումների կազմակերպման, լոգիստիկայի, մեդիայի և լրագրության ոլորտներում հաստիքների համար թեկնածուներ որոնելիս գործատուն առաջնահերթություն է տալիս ժամանակի արդյունավետ կառավարման հմտությանը։


 

Ճկունություն և հարմարվողականություն

Ինչպե՞ս եք վերաբերվում փոփոխություններին․ ընդունում եք դրանք որպես մարտահրավերնե՞ր, թե՞ աճելու հնարավորություններ։ Տարեցտարի աշխատաշուկայում մեծանում են փոփոխությունների ազդեցությունը և հաճախականությունը։ Անդադար հայտնվող նորագույն տեխնոլոգիաներ, ավտոմատացման գործընթացներ, կանխատեսելի և անակնկալ փոփոխություններ՝ գլոբալ մակարդակում․ այսպիսի պայմաններում պետք է կարողանա աշխատել ժամանակակից մարդը։ 

 

Այսօր գործատուն ցանկանում է իր աշխատակազմում տեսնել մարդկանց, ովքեր ոչ միայն հարմարվում են փոփոխություններին, այլև աճում և առաջընթաց գրանցում այդ պայմաններում։ Ճկուն մարդիկ լայնախոհ են, հետաքրքրասեր և պատրաստ են ընդունել նորը, նրանց համար փոփոխությունները հնարավորություններ են, ոչ թե խոչընդոտներ։ Այս հմտության կարևորությունն ավելի ակնհայտ դարձավ համավարակի պայմաններում, երբ ընկերությունները և նրանց աշխատակիցները ստիպված եղան կարճ ժամանակում համարվել նոր իրականությանը։

 

Այս հմտությունը հատկապես կարևոր է նշել նորագույն տեխնոլոգիաների, ստարտափերի և ստեղծագործական մտածողություն պահանջող ոլորտներում հաստիքների համար դիմելիս։

 

Ստեղծարարություն

Արագ զարգացող աշխատանքային միջավայրում հաջողության հասնելու համար ստեղծարար լինելը մեծ նշանակություն ունի։ Եթե դուք աշխատավայրում հանդես եք գալիս նորարարական գաղափարներով և լուծումներով, ապա տիրապետում եք այս արժեքավոր հմտությանը։ Ներկայումս, երբ տարբեր գործառույթներ իրականացնելիս ավելի ու ավելի հաճախ ենք դիմում նորագույն տեխնոլոգիաներին, ստեղծարար մոտեցումն ավելի է արժևորվում։

 

Գործատուները փնտրում են այնպիսի աշխատակիցների, ովքեր նախաձեռնող են նոր գաղափարներ առաջարկելու գործում, սիրում են խնդիրներին տարբեր տեսանկյուններից նայել և ոչ ավանդական և արդյունավետ լուծումներ փնտրել։ Նրանք մտածում են սահմաններից դուրս և առաջարկում լավագույն գաղափարները։

 

Նոր գաղափարները նշանակալի դեր ունեն են բազմաթիվ ոլորտներում, այդ պատճառով էլ ստեղծարարությունը պահանջված հմտություն է, որի առկայությունը գործատուն կարևորում է հատկապես դիզայնի, գովազդի, մարքեթինգի, մեդիայի, բովանդակության ստեղծման, տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք փնտրող թեկնածուների մոտ։