Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Վերանայեք ձեր ռեզյումեն․ 4 ամենատարածված սխալները՝ ըստ Google-ի մասնագետների

5/3/2023 | 1999 views

Google-ը շարունակում է մնալ ամենապահանջված աշխատավայրերից մեկը։ Այստեղ աշխատավարձերը բարձր են, մասնագիտական առաջընթացի հնարավորությունները՝ հսկայական: Google-ն աշխատանքի է ընդունում տարեկան մոտավորապես 20.000 մասնագետի։ Ամեն տարի ընկերությունը ստանում է ավելի քան 3 միլիոն աշխատանքի հայտ։ Այսպիսով՝ ընկերությունն օրական ստանում է մոտ 9000 ռեզյումե։ 

 

Կազմակերպության մարդկային ռեսուրսների մասնագետները նշում են, որ հաճախ պարզ և տարածված սխալների պատճառով դիմորդները կարող են կորցնել իրենց թեկնածությունը դիտարկելու հնարավորությունը, հատկապես երբ խոսքը գնում է այնպիսի կազմակերպություն դիմելու մասին, որտեղ դիմորդների մրցակցությունը շատ մեծ է։ Մասնագետներն ընդգծում են՝ նշված սխալների մասին բազմիցս խոսվում է, սակայն, ցավոք սրտի, դրանք շարունակում են հայտնվել ռեզյումեներում։

 

Մենք առանձնացրել ենք ոչ միայն Google-ի մասնագետների կարծիքով ամենից հաճախ հանդիպող սխալները, այլև դրանց հետևանքները և պատրաստել ենք խոհուրդներ, թե ինչպես խուսափել դրանցից։

 


 

Սխալ N1. Տառասխալներ

Որքան էլ ակնհայտ թվա առանց տառասխալների և գրագետ ռեզյումե ներկայացնելու կարևորությունը, այնուամենայնիվ մարդիկ շարունակում են նման սխալներ թույլ տալ։ 

 

Հետևանքները

Այդ «փոքրիկ» սխալները կարող են մեծ նշանակություն ունենալ՝ ձեր մասին թյուր պատկերացում կազմելու տեղիք տալով։ Կարող է թվալ, թե անփույթ եք, ուշադիր չեք մանրուքների նկատմամբ կամ չեք արժևորել ձեր ռեզյումեն։

 

Առանց տառասխալների և գրագետ ռեզյումե ունենալը կարևոր է հատկապես, եթե պատրաստվում եք դիմել բարձր մրցակցային պայմաններում, երբ այդ սխալների  պատճառով հնարավոր է անտեսեն ձեր թեկնածությունը։ Նման սխալները կարող են որոշիչ դեր ունենալ, եթե դիմում եք այնպիսի աշխատանքի, որի համար ճշգրտությունն առաջնահերթ պահանջների թվում է։ Օրինակ, տեխնիկական գրագրի հաստիքի համար դիմորդի ռեզյումեում տառասխալները կարող են հանգեցնել նրան, որ հավաքագրման մասնգետները պարզապես չցանկանան հերթական փուլ անցկացնել այն թեկնածուին, ով չունի տվյալ հաստիքի համար առանցքային հմտություններից մեկը, ինչը երևում է նրա ռեզյումեից։ 


Ինչպես խուսափել 

Առնվազն 2 անգամ կարդացեք ձեր ռեզյումեն։ Առաջին անգամ ուշադրություն դարձրեք քերականությանը, շարահյուսությանը և կետադրությանը, իսկ երկրորդ անգամ՝ տառասխալներին և տառային բացթողումներին։ Կարդացեք ձեր ռեզյումեն ներքևից վերև. սովորական հերթականությունը փոխելն օգնում է կենտրոնանալ յուրաքանչյուր առանձին տողի վրա: 

 

Մենք հաճախ չենք նկատում մեր գրած տեքստերում առկա թերությունները, հետևաբար հնարավորության դեպքում խնդրեք մեկ ուրիշին կարդալ և սրբագրել ձեր ռեզյումեն։

 

Սխալ N2. Ծավալ

Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման նախկին ավագ մասնագետներից մեկը խորհուրդ է տալիս օգտագործել հետևյալ ձևաչափը՝ ամեն 10 տարվա փորձի համար հատկացնել 1 էջ։ Հակիրճ կազմված ռեզյումեն ցույց է տալիս մտքերը հստակ արտահայտելու, առաջնահերթությունները դասակարգելու, երկրորդական և ոչ կարևոր բաղադրիչները դուրս թողնելու հմտությունները:


Հետևանքները 

Սովորաբար 3 կամ 4 էջից բաղկացած ռեզյումեն ուշադրությամբ չեն կարդում, իսկ թերթելիս կարող են բաց թողնել ձեզ համար այն կարևոր կետերը, որոնք հուսով էիք, որ կնկատվեն։ 

 

Ոլորտում իրականացված հետազոտություններից մեկի համաձայն՝ հավաքագրողը միջինում 6 վայրկյան է հատկացնում ռեզյումեն արագ նայելուն և ապա որոշում է, թե արդյոք դիմորդը համապատասխանում է աշխատանքին, թե ոչ և արդյոք նպատակահարմար է շարունակել ռեզյումեին ավելի մանրամասն ծանոթանալը, թե ոչ։ Սա, իհարկե, հերթական ուսումնասիրության արդյունքներից միայն մեկն է, և պետք չէ մտածել, թե բոլոր հավաքագրողներն են նշված ժամանակի չափ հատկացնում դիմորդի ռեզյումեն դիտարկելուն։ Սակայն մեկ բան, այնուամենայնիվ, փաստ է՝ դուք ունեք շատ քիչ ժամանակ՝ գրավելու հավաքագրողի ուշադրությունը և ստիպելու նրան՝ առավել մանրամասնորեն ծանոթանալ ձեր ռեզյումեին։

 

 

Ինչպես խուսափել 

Ընդհանուր առմամբ, ռեզյումեի գլխավոր նպատակը հերթական փուլի՝ հարցազրույցի հրավեր ստանալն է։ Իսկ ի՞նչ անել, եթե դուք մի շարք կազմակերպություններում եք աշխատել և 1 էջում հնարավոր չէ տեղավորել ձեր ամբողջ փորձը։ Այս դեպքում խորհուրդ է տրվում վերանայել հաստիքի համար պահանջները, միգուցե ոչ բոլոր աշխատավայրերում ձեռք բերված փորձն է անհրաժեշտ ներառել, քանի որ այս հաստիքի համար դրանք այնքան էլ կարևոր չեն։ Ձեր ռեզյումեում ներառեք միայն այն փորձը, որն իսկապես հարկավոր է տվյալ հաստիքում աշխատելու համար։ 

 

Փորձեք, թե արդյոք ձեր ռեզյումեն անցնում է այսպես կոչված «6 վայրկյան տևողությամբ ռեզյումեի» թեստը։ Դրա համար խնդրեք ընկերոջը, որպեսզի աչքի անցկացնի ձեր ռեզյումեն։ Մի քանի վայրկյան անց հարցրեք, թե ինչը նրա մոտ տպավորվեց, ինչին ուշադրություն դարձրեց և ինչը դժվարացավ հիշել, օրինակ, դա կարող է լինել հաստիքի անվանումը, աշխատանքային փորձը և այլն։ Ստանալով այս հարցերի պատասխանները՝ վերանայեք և կատարեք անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի հիմնական տեղեկատվությունը, որը ցանկանում եք ընդգծել, լինի պարզ շարադրված և դիտողը կարողանա հեշտությամբ՝ էջի վրա մեկ հայացք նետելով նկատել այն։

 

 

Սխալ N3. Ձևաչափ

Անկախ հանգամանքից, թե ինչ հաստիքի համար եք դիմում՝ դիզայների, թե մենեջերի, միևնույնն է, ձեր ռեզյումեի տեսքը կարևոր է․ այսպես են կարծում Google-ում։ 

 

Հետևանքները 

Վատ կառուցվածք ունեցող ռեզյումեն դժվար է ընթերցելը և հասկանալը։ Եթե հավաքագրողը չկարողանա գտնել իրեն հետաքրքող տեղեկատվությունը մեկ հայացքով, ապա դժվար թե ժամանակ հատկացնի խրթին կազմված ռեզյումեն «վերծանելու» վրա և փոխարենը կանցնի հաջորդ թեկնածուի դիտարկմանը։

 

Ինչպես խուսափել 

Ռեզյումեն պետք է լինի կոկիկ, հստակ և ընթեռնելի, հետևաբար․

 

 ✔ Օգտագործեք ընթեռնելի տառատեսակ (Arial, Tahoma կամ Calibri)  և 10- 12 տառաչափ։

 ✔ Պահպանեք 1-1․5սմ լուսանցքներ և տողային 1.5 միջակայք։

 ✔ Գրեք սպիտակ ֆոնի վրա՝ սև տառերով։

 ✔ Բաժանեք մասերի, օրինակ, անձնական տվյալներ, փորձ, կրթություն և այլն։

 ✔ Բաժինների միջև  թողեք որոշակի տարածություն։

 ✔ Թվարկելիս օգտագործեք պարբերակներ (bullet points):

 ✔ Ուղարկեք PDF ձևաչափով։

 

Սխալ N4. Ստելը

Ռեզյումեում ստելն ամենավատ գաղափարն է։ Ընկերության հավաքագրման մասնագետները նշում են՝ դիմորդները հիմնականում ստում են իրենց կրթության, ընկերություններում աշխատած ժամանակահատվածի, իրենց շնորհիվ գրանցված վաճառքի և այլ արդյունքների մասին։

 

Հետևանքները 

Ստի համար Google-ում մոտեցումը մեկն է՝ աշխատանքից հեռացում։ Եղել են դեպքեր, երբ անգամ գլխավոր տնօրենն է աշխատանքից հեռացվել՝ ռեզյումեում ստելու պատճառով։ Սուտը կարող է հեշտությամբ բացահայտվել․ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը կարող է ձեր նախկին աշխատավայրից իմանալ ճշմարտությունը։ Ստելով դուք վտանգում եք ձեր կարիերան։ Սուտը կարող է բացահայտվել ցանկացած պահի․ պատկերացրեք աշխատակցի համար պաշտոնի բարձրացում է նախատեսվում, սակայն բացահայտվում է, որ նա այնքան էլ անկեղծ չի եղել աշխատանքի ընդունվելիս։ 

 

Ինչպես խուսափել 

Պարզապես մի ստեք: Հիշեք, որ որպես սուտ տեղեկատվություն է ընկալվելու նաև ձեր կողմից սեփական հմտություններն ուռճացնելը, ձեզ այնպիսի պարտականություններ վերագրելը, որոնք իրականում չեք կատարել, ինչպես նաև աշխատանքի ժամկետների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվություն տալը։ 

 

Ձեր ռեզյումեն վերանայելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի արտահայտություններ եք օգտագործել. արդյո՞ք դրանք սխալ պատկերացումների տեղիք չեն տալիս։ Ընդգծեք ձեր ուժեղ կողմերը և հմտությունները, ինչը թույլ կտա առանց չափազանցնելու կամ ստելու գրավել հավաքագրողի ուշադրությունը։ Եթե դիմում եք այնպիսի աշխատանքի համար, որի պահանջներին ձեր հմտությունները մասնակի են համապատասխանում, կից գրեք նաև ուղեկցող նամակ, որում կմանրամասնեք, թե ինչու եք հետաքրքրված աշխատանքով և թե ինչու կազմակերպությունը պետք է դիտարկի ձեր թեկնածությունը, եթե անգամ թվում է, թե դուք չունեք նրանց ուզած փորձը։

 

Ի վերջո անկեղծ եղեք։ Ազնվորեն նշեք, թե ինչ հմտությունների չեք տիրապետում և, ամենակարևորը, ընդգծեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկում դրանք ձեռք բերելու ուղղությամբ։ 

 

Հավելենք նաև, որ Google-ի մասնագետները որպես ամենատարածված սխալներից մեկն առանձնացրել են նաև գաղտնիության պահպանումը։ Հայկական իրականության մեջ ընդունված է ռեզյումեում նշել այն կազմակերպությունները, որոնցում աշխատել եք, սակայն ամերիկյան աշխատաշուկայում ընդունված չէ ռեզյումեում հրապարակել այն ընկերությունների անունները, որոնցում աշխատել է թեկնածուն։ Փոխարենը նշվում են պաշտոնները, պարտականությունները, և ձեռքբերումները։ 

 

Այժմ, իմանալով ռեզյումեներում ամենատարածված սխալների և դրանցից խուսափելու ուղիների մասին, վերանայեք ձեր ռեզյումեն՝ բացառելով նմանատիպ սխալները։

 

You may like