Get our free app. It won't take up space on your device

Ինչպես կազմել պորտֆոլիո՝ աշխատանքի դիմելիս

Պորտֆոլիոն ձեր լավագույն աշխատանքների և ցուցանիշների հավաքածուն է։ Այն նպատակ ունի ցույց տալ ձեր հմտությունները և ձեռքբերումները պոտենցիալ գործատուներին և կարևոր է հատկապես ստեղծագործական և տեխնոլոգիական ոլորտներում աշխատանքի դիմելիս, օրինակ, դիզայնի, տեքստեր գրելու, լուսանկարչության և ծրագրավորման ոլորտներում։ Անդրադառնանք պորտֆոլիո կազմելու քայլերին։

 

Հավաքեք նյութեր

Սկսեք հավաքելով ձեր աշխատանքի բոլոր այն օրինակները, որոնք արտացոլում են ձեր ունակություններն ու ձեռքբերումները: Սա կարող է ներառել նախկին աշխատանքների նմուշներ (հաշվետվություններ, նախագծեր և այլն), արդյունավետության չափումների արդյուքներ, ձեր հեղինակած նյութերի հղումներ, սքրինշոթներ։ Նյութերը հավաքելիս գերադասեք որակը քանակից. ընտրեք միայն ձեր լավագույն աշխատանքները։

 

 

Դասակարգեք նյութերը

Դասավորեք նյութերն այնպես, որ գործատուի համար հեշտ լինի դրանք դիտելը։ Եթե ձեր պորտֆոլիոն ներառում է տարբեր բնույթի աշխատանքներ, ապա կարող եք նաև բովանդակություն կազմել՝ թվարկելով դրանք։ Խմբավորեք նմանատիպ նյութերը և օգտագործեք հետևողական ձևաչափ՝ հստակությունը պահպանելու համար։ Աշխատանքային նմուշները ներկայացնելիս փորձեք յուրաքանչյուրը կարճ պարբերությամբ նկարագրել։

 

Համապատասխանեցրեք հաստիքին

Համապատասխանեցրեք ձեր պորտֆոլիոն այն աշխատանքին, որի համար դիմում եք։ Ուշադրություն դարձրեք արդյունքներին։ Օրինակ, եթե խոսքը թվային հարթակներում մարքեթինգային արշավների մասին է, ապա արդյունքները լավագույնս կխոսեն ձեր կատարած աշխատանքի մասին։ Դիմելով տարբեր հաստիքների՝ ժամանակի ընթացքում կստեղծեք ձեր պորտֆոլիոյի մի քանի տարբերակներ՝ տարբեր պաշտոնների դիմելու համար։ 

 

 

Մտածեք արտաքին տեսքի մասին

Պորտֆոլիոյի արտաքին գրավչությունը կարևոր է հատկապես ստեղծագործական ոլորտներում: Նախ և առաջ, օգտագործեք ընթեռնելի դիզայն և պահպանեք վիզուալ հիերարխիա տեքստերում (վերնագրեր, պարբերություններ, տարածություն)։ Օգտագործեք մեկ կամ երկու տառատեսակ, ներառեք հղումներ։ Կան բազմաթիվ առցանց անվճար գործիքներ, որոնք կարող են օգնել այս հարցում, օրինակ, Canva-ն։

You may also like