Get our free app. It won't take up space on your device

Շինարարական ոլորտում մասնագիտական ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումները և անվտանգության ապահովման համակարգային լուծումները

Շինարարությունը համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից է, սակայն միաժամանակ դասվում է բարձր վտանգավորություն ունեցող արտադրական ոլորտների շարքին։ Աշխատանքների իրականացումը բարձրության վրա, ծանր բեռների տեղափոխումը, բազմատեսակ մեխանիզմների կիրառումը և աշխատանքային պայմանների հաճախակի փոփոխությունը ձևավորում են ռիսկային միջավայր, որտեղ յուրաքանչյուր կազմակերպչական կամ տեխնիկական սխալ կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։


Միջազգային փորձի և ոլորտային ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ շինարարական վթարների գերակշիռ մասը պայմանավորված է ոչ թե սարքավորումների խափանումներով, այլ աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի թերություններով և մարդկային գործոնով։


Շինհրապարակներում առաջացող հիմնական ռիսկերը

Շինարարական աշխատանքների ընթացքում առավել հաճախ հանդիպում են հետևյալ վտանգավոր իրավիճակները․

  • բեռների սխալ ստրոպավորում և տեղափոխում,
  • բարձրությունից ընկնելու դեպքեր,
  • բարձրացման մեխանիզմների ոչ ճիշտ շահագործում,
  • տեխնիկական սարքավորումների ոչ պատշաճ սպասարկում,
  • աշխատակիցների անբավարար մասնագիտական պատրաստվածություն,
  • աշխատանքի կազմակերպման թերություններ,
  • կարգապահական կանոնների խախտումներ,
  • անհատական պաշտպանության միջոցների չկիրառում,
  • աշխատանքի ընթացքի վերահսկողության բացակայություն։

Այս բոլոր գործոնները կարող են հանգեցնել արտադրական վթարների, աշխատողների վնասվածքների, աշխատանքի դադարեցման և զգալի նյութական կորուստների։

 

Ստրոպավորման աշխատանքների ռիսկայնությունը


Հատկապես վտանգավոր են բեռների բարձրացման և տեղափոխման աշխատանքները, որտեղ նույնիսկ մեկ սխալ գործողությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Վթարների զգալի մասը կապված է բեռների ոչ ճիշտ ամրացման, ծանրաբեռնվածության սխալ բաշխման կամ ոչ համապատասխան սարքավորումների կիրառման հետ։
Այս համատեքստում առաջնային նշանակություն ունի շինհրապարակներում որակավորված ստրոպավորողների պարտադիր ներգրավումը։ Ստրոպավորողը պատասխանատու է բեռի ճիշտ ամրացման, հավասարակշռության ապահովման և անվտանգ տեղափոխման համար։ Նրա մասնագիտական սխալը կարող է վտանգել միաժամանակ մի քանի աշխատակիցների անվտանգությունը։
Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ստրոպավորման աշխատանքներին ներգրավվեն միայն մասնագիտական պատրաստվածություն և գործնական փորձ ունեցող մասնագետներ, որոնք՝
տիրապետում են ստրոպավորման տեխնիկական կանոններին,
կարողանում են գնահատել բեռի քաշը և ծանրաբեռնվածության բաշխումը,
հասկանում են բարձրացման տեխնիկայի սահմանափակումները,
կարողանում են կանխատեսել և կանխել վտանգավոր իրավիճակները
։

 

Անվտանգության կառավարման համակարգային լուծումներ

Շինարարական ոլորտում ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է ներդնել համալիր կառավարման մոտեցում, որը ներառում է հետևյալ միջոցառումները․

  • Յուրաքանչյուր աշխատանքի նախնական ռիսկերի գնահատում։
  • Անվտանգության մշակույթի ձևավորում կազմակերպության բոլոր մակարդակներում։
  • Աշխատակիցների պարբերական վերապատրաստում և գիտելիքների թարմացում։
  • Բարձրացման մեխանիզմների և սարքավորումների տեխնիկական մշտական վերահսկողություն։
  • Պատասխանատվության հստակ բաշխում և կարգապահության վերահսկում։
  • Անվտանգության կանոնների խախտումների կանխարգելում և օպերատիվ արձագանք։
  • Ժամանակակից վերահսկողության և կառավարման մեթոդների ներդրում։

 

Եզրակացություն


Ժամանակակից շինարարությունը պահանջում է ոչ միայն տեխնիկական զարգացում, այլև անվտանգության կառավարման բարձր մակարդակ։ Փորձը ցույց է տալիս, որ այն կազմակերպությունները, որոնք առաջնահերթություն են տալիս աշխատողների անվտանգության ապահովմանը, ունեն ավելի բարձր արտադրողականություն, նվազ վթարայնություն և կայուն զարգացման հնարավորություն։
Անվտանգությունը շինարարության մեջ լրացուցիչ պահանջ չէ, այլ աշխատանքի որակի, արդյունավետության և մարդկային կյանքի պահպանման կարևորագույն պայման։

 

Հեղինակ՝
Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիայի տնօրեն,
աշխատանքի անվտանգության փորձագետ,
տեխնիկական գիտությունների թեկնածու,
ՀԱԱՀ-ի դոցենտ
Լիանա Խաչատրյան

You may also like