Get our free app. It won't take up space on your device
Ժամանց

Աշխատանքային շաբաթը` չո՞րս օր․ քիչ, բայց արդյունավետ աշխատելու հեռանկարները

6/14/2023 | 1850 views

 

Պատկերացրեք, որ ամեն շաբաթ ունեք լրացուցիչ ևս մեկ հանգստյան օր։ Սակայն սա միակ լավ լուրը չէ․ աշխատանքային օրերի քանակի կրճատման արդյունքում ձեր աշխատավարձը չի նվազում, չի տուժում նաև աշխատանքի արդյունավետությունը: Անհավատալի թվացող այս հեռանկարի հավանականության մասին են վկայում վերջերս Անգլիայում անցկացված հետազոտություններից մեկի արդյունքները, որոնց համաձայն հնարավոր է աշխատել ավելի քիչ ժամեր և պահպանել աշխատավարձի և արտադրողականության նույն մակարդակը։

 

Ժամանակակից աշխատավայրում շարունակաբար աճում է ավելի ճկուն աշխատանքային ժամերի պահանջարկը: Միևնույն ժամանակ, առկա իրականությունն այլ բան է ասում։ Դատեք ինքներդ՝ որքա՞ն հաճախ եք ստիպված եղել աշխատել նաև հանգստյան օրերին կամ շաբաթվա ավարտին մեկնել գործուղման։ Այս պարագայում նույնիսկ հնգօրյա աշխատանքային շաբաթը կարող է շատերին շքեղություն թվալ: 

 

Այժմ տարբեր երկրներում կազմակերպությունները և փորձագետներն ուսումնասիրում են քառօրյա աշխատանքային ժամանակացույցի ընդունման հնարավոր առավելություններն ու մարտահրավերները: 

 

Արդյո՞ք աշխատավայրում հերթական հեղափոխության շեմին ենք կանգնած, ի՞նչ հետևանքներ է ունեցել նման ձևաչափով աշխատանքը տարբեր կազմակերպություններում և որքանո՞վ է հավանական անցումը քառօրյա աշխատանքային շաբաթվան․ շարունակեք ընթերցել՝ հարցերի պատասխանները գտնելու համար։

 

Ինչո՞ւ և ինչպե՞ս քառօրյա աշխատանքային շաբաթվա հարցը արդիականություն ձեռք բերեց

Ինչո՞ւ աշխատել շաբաթական հինգ օր, եթե նույն արդյունքներին կարելի է հասնել ավելի քիչ օրերի ընթացքում։ Այս հարցը վերջին ժամանակներում հաճախ է հնչում տարբեր փորձագիտական քննարկումների ընթացքում, երբ որպես տեսակետի հիմնավորում բերվում են մի շարք հաջողված օրինակներ և ընդգծվում է միևնույն արդյունավետության մակարդակի պահպանման հնարավորությունը նաև շաբաթական չորս օր աշխատելու պարագայում։ 

 

Քառօրյա աշխատանքային շաբաթվա գաղափարը նոր չէ, սակայն դրա շուրջ քննարկումներն ավելի ակտիվացան համավարակից հետո, երբ վերագնահատվեցին աշխատանքային շուկայում տեղի ունեցող մի շարք գործընթացներ, որոնց թվում էին նաև հեռավար և հիբրիդային ձևաչափով աշխատանքի կիրառումը, որն այսօր ավելի ու ավելի է տարածվում և ընդունվում բազմաթիվ կազմակերպությունների կողմից։

 

Քառօրյա աշխատանքի մասին գրվում են գրքեր և կատարվում են տարբեր հետազոտություններ՝ աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից։ Քառօրյա աշխատանքային շաբաթվա մոդելը փորձարկած ընկերությունների թվում են հայտնի Atlassian, Buffer, Microsoft Japan, UpBuild և մի շարք այլ կազմակերպություններ։

 

Շաբաթական 40-ի փոխարեն 32 ժամ աշխատելու կողմնակիցները նշում են, որ դա կարող է հանգեցնել աշխատողների բարեկեցության բարելավմանը` միաժամանակ չթողնելով բացասական ազդեցություն կազմակերպությունների աշխատանքի վրա։ Նրանք համոզված են՝ դա կխթանի աշխատավայրի ճկունությանը, կբարձրացնի արտադրողականությունը, եկամտաբերությունը, որի արդյունքում հնարավոր կլինի աշխատել ավելի լավ, ավելի խելացի և, իհարկե, ավելի քիչ։

 

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինչ-որ պահի աշխատակիցների արդյունավետությունը նվազում է՝ աշխատանքի ժամերի քանակի ավելացմանը զուգահեռ: Տարբեր երկրներում գործող մի շարք ընկերություններ հաջողել են քառօրյա աշխատանքային օրերի կիրառմամբ, իսկ Ճապոնիայում կառավարությանն անգամ առաջարկել են ընդունել այն որպես ազգային քաղաքականություն:

 

 

Ի՞նչ է քառօրյա աշխատանքային շաբաթը

32-ժամյա աշխատանքային շաբաթ՝ առանց արդյունավետության, վարձատրության կամ բոնուսների նվազման․ սա է քառօրյա աշխատանքային շաբաթվա էությունը: Ենթադրվում է, որ մարդիկ կարող են աշխատել երկուշաբթիից հինգշաբթի, իսկ ուրբաթ օրը հատկացնել հանգստին: Հնարավոր են նաև այլ տարբերակներ, օրինակ, թույլ տալ  յուրաքանչյուր աշխատակցին ընտրել իր լրացուցիչ հանգստյան օրը կամ ընկերության բոլոր աշխատակիցների համար կոնկրետ օր սահմանել` որպես երրորդ հանգստյան օր։

 

Ցանկացած փոփոխություն ունի  և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Այս պարագայում, օրինակ, առանձին աշխատակիցների համար ճկուն աշխատաժամերը հարմար են, սակայն միևնույն ժամանակացույցով ամբողջ աշխատակազմի ներկայությունը մեծացնում է համատեղ աշխատանքի և փոխգործակցության հնարավորությունները։ Եթե ընկերությունն ընտրում է քառօրյա աշխատանքային ձևաչափը և երրորդ հանգստյան օրվա ընտրությունը թողնում է աշխատակիցներին, ապա դա թեև հարմար կլինի առանձին աշխատողների, սակայն ավելի դժվար՝ թիմերի համար:

 

Ավելի քիչ ժամանակում ավելի շատ աշխատանք կատարելու արդյունքում հանգստին շատ ժամանակ հատկացնելու գաղափարը նոր չէ։ Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում Ford Motor Co. ընկերությունն առաջատարը դարձավ գործող վեցօրյա աշխատանքային շաբաթը հնգօրյա դարձնելու գործում։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա մասին Հենրի Ֆորդը մտածում էր դեռևս 1916 թվականից։ 1926 թվականին որոշ գործարաններ փորձեցին աշխատել հնգօրյա ժամանակացույցով, ինչն էլ նույն տարում դարձավ ընկերության քաղաքականությունը։


Քառօրյա աշխատանքային շաբաթվա առավելությունները

Քառօրյա աշխատանքային շաբաթվա հիմնական նպատակն է բարելավել աշխատողների կյանքի որակը, նպաստել նրանց աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության պահպանմանը: Ավելի քիչ ժամ աշխատելով և երեք լիարժեք հանգստյան օր ունենալով՝ մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն անձնական առաջնահերթությունների համար։ Նրանք կարող են ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, ընկերներին, անձնական զարգացմանը, կրթությանը, հոբբիներին, ճամփորդությանը, կենցաղային հարցերի կարգավորմանը և իհարկե ամենակարևորը, իրենց առողջությանը։

 

Իրենց հերթին գործատուներն ակնկալում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա դրական արդյունքներից կարող են լինել ավելի արդյունավետ և որակյալ աշխատանքը, աշխատողների մասնագիտական այրումից խուսափելը, աշխատակիցներին ընկերությունում պահելու և նոր տաղանդների համար գրավիչ աշխատավայր դառնալու հնարավորությունները։

 

 

Քիչ ժամաքանակով աշխատելու մարտահրավերները

Գործնականում միշտ չէ, որ քառօրյա աշխատանքային ժամանակացույցի անցնելու արդյունքում ընկերությունները պահպանում են վարձատրության չափը։ ԱՄՆ-ում, որտեղ տարբեր կազմակերպություններ ակտիվորեն փորձարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվա ձևաչափը, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ օգտագործել են աշխատանքային օրերի քանակի կրճատումը ծախսերի խնայողության նպատակով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում լույս տեսնող հայտնի Los Angeles Times թերթին հաջողվել է քառօրյա աշխատանքի անցնելու շնորհիվ երեք ամսվա ընթացքում կրճատել աշխատավարձի ծախսերի 20%-ը:

 

Հարկ է նաև նկատել, որ կարճաժամկետ փորձարկումները, որոնք վկայում են քառօրյա աշխատանքային շաբաթվա հաջողության մասին, կարող են տարբերվել երկարաժամկետ արդյունքներից: Օրինակ, ամերիկյան Treehouse առցանց ծրագրավորման դպրոցը 2013 թվականին անցավ քառօրյա աշխատանքային շաբաթվա։ 2015 թվականին ընկերության տնօրենը հայտնեց նոր ձևաչափի հաջող կիրառման մասին՝ նշելով, որ այն բարելավել է աշխատանքի արդյունավետությունը և օգնել աշխատակիցներին պահպանել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը։ Սակայն 2016 թվականին ընկերությունում վերականգնվեց 40-ժամյա աշխատանքային շաբաթը։ Ընկերության ղեկավարները ստիպված եղան աշխատանքից հեռացնել մի քանի աշխատակիցների։ Ընկերության տնօրենն այս անգամ հայտնեց, որ 32-ժամյա աշխատանքային շաբաթվա արդյունքում աշխատակիցների մոտ նկատվել էր աշխատանքային էթիկայի անկում, որը վնասել էր բիզնեսին։

 

Քառօրյա աշխատանքային շաբաթվա կիրառումը հաջողությամբ ստացվել է Ֆիլադելֆիայում գործող Wildbit ծրագրային ապահովման փոքր ընկերության մոտ, որը 2017 թվականին փորձարկեց աշխատանքային այդ ձևաչափը և այն դարձրեց մշտական: Ընկերությունը կարևորում է արդյունքները, այլ ոչ թե ծավալը, գնահատում է կենտրոնացված աշխատանքը, այլ ոչ թե աշխատավայրում անցկացված ժամերի քանակը․ Wildbit-ի տնօրինության խոսքով՝ հենց սա է օգնել նրանց հաջողել։

 

Ոչ պակաս լուրջ մարտահրավեր են նաև մտածելակերպի և մշակութային խոչընդոտները։ Կարճ աշխատանքային շաբաթվա արդյունքում կարող են տարբեր հարցերի հետ կապված ուշացումներ լինել այն ընկերություններում, որոնք սովորաբար հինգ կամ ավելի օրեր են աշխատել: Այս ուշացումներն ընդունելու համար անհրաժեշտ է մտածելակերպի փոփոխություն և ընկերությունների կողմից պատրաստակամություն՝ ընդունելու համար, որ դա արվում է աշխատակիցների բարեկեցության ապահովման նպատակով։

 

Մի քանի խորհուրդ ընկերություններին, որոնք որոշել են աշխատել շաբաթական չորս օր

Կազմակերպությունում քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման փորձը հաջողությամբ իրականացնելու նպատակով կիրառեք հետևյալ մոտեցումները.

     ✓ ըստ առաջնահերթության դասակարգեք և վերագնահատեք առաջադրանքները,

     ✓ աշխատավայրում նվազագույնի հասցրեք ընդհատումները և շեղումները,

     ✓ կիրառեք ավտոմատացման համակարգեր,

     ✓ կրճատեք հանդիպումների քանակը և տևողությունը,

     ✓ ավելի քիչ ժամանակ ծախսեք էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների հավելվածների վրա,

     ✓ սահմանեք նպատակներ, որոնք հասանելի են ավելի կարճ աշխատանքային շաբաթվա ընթացքում,

     ✓ չափեք արդյունքները, ոչ թե հաշվեք ժամերը,

     ✓ պահպանեք աշխատողների վարձատրության չափը,

     ✓ պահանջեք կանոնավոր հետադարձ կապ աշխատակիցներից,

     ✓ սովորեք ձեր սեփական փորձից և սխալներից։

 

Ներկայումս քառօրյա աշխատանքային շաբաթվա անցում կատարելու փորձերը շարունակվում են։ Ինչպես տեսանք վերոնշյալ օրինակներում, որոշ կազմակերպություններ հաջողում են, իսկ որոշները՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով և տարաբնույթ այլ հանգամանքներով, չեն կարող կրճատել աշխատանքային օրերի քանակը։ Բացի այդ, քառօրյա աշխատանքային շաբաթվա պարագայում ընկերությունները ստիպված կլինեն արտաժամյա վճարել շաբաթական 32 ժամից ավելի աշխատած ժամաքանակի համար, ինչին քչերն են պատրաստ։

 

Չնայած առկա հաջող փորձին՝ քառօրյա աշխատանքային շաբաթվա ձևաչափը չի աշխատում բոլոր ոլորտների, ձեռնարկությունների կամ անհատների համար: Այժմ այս գաղափարի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սակայն հեռու է այն ժամանակը, երբ դա կհամարվի նոր կանոնակարգ։

 

 

You may like