Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Կարևորելով աշխատակիցներին․ ի՞նչ անել, որ թիմակիցները գնահատված զգան

4/26/2023 | 8204 views

Այն աշխատակիցներն, ովքեր իրենց գնահատված են զգում, որպես կանոն, ունենում են անհատական և թիմային աշխատանքի արդյունավետության բարձր ցուցանիշներ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է հասնել իր բիզնես նպատակներին: Իրենց գործատուից գոհ աշխատակիցները ստեղծում են առողջ աշխատանքային միջավայր, մոտիվացված են, և քիչ է հավանականությունը, որ փնտրեն այլ զբաղվածություն: 

Կան բազմաթիվ եղանակներ՝ աշխատակիցներին ցույց տալու համար, որ նկատում և գնահատում եք նրանց ջանքերը՝ սկսած ֆինանսական խրախուսանքներից մինչև որոշումների կայացման գործընթացում նրանց կարծիքը հաշվի առնելը։ 

 

Աշխատակիցների խրախուսման ծրագրեր ներդրեք

Աշխատակիցների խրախուսման ծրագրերը հիանալի միջոց են ողջ տարվա ընթացքում թիմերի և անհատների աշխատանքը գնահատելու համար: 

 

Դրանք կարող են տարբեր ձևաչափերով իրականացվել՝ պայմանավորված ընկերության մշակույթով, արժեքներով և նպատակներով։ Այդ ծրագրերը կարող են լինել ոչ պաշտոնական բնույթի, ինչպիսիք են բանավոր երախտագիտություն հայտնելը կամ գրավոր շնորհակալական խոսք ուղարկելը։ Ընկերությունները կարող են իրենց կողմից պաշտոնապես հաստատված այնպիսի ծրագրեր իրականացնել, ինչպիսիք են մրցանակաբաշխությունները, թիմի կողմից հատկացվող մրցանակը, ամսվա լավագույն աշխատակցի կոչման շնորհումը և այլն։

 

Նման ծրագրեր ներդնելիս կարևոր է ապահովել, որ դրանք լինեն արդար և թափանցիկ, ինչպես նաև իրականացվեն հետևողականորեն։ Կարևոր է նաև նման ծրագրերի արդյունավետության պարբերական չափումը և գնահատումը։ 

 

Վարձատրեք բարձր կատարողականի համար

Ժամանակի ընթացքում ձեր աշխատակիցները զարգանում են, ձեռք բերում նոր հմտություններ և դառնում ավելի փորձառու, հետևաբար նաև ավելի արժեքավոր մասնագետներ։ Կարևոր է գնահատել թիմակիցների առաջընթացը և «պարգևատրել» նրանց ջանքերը, օրինակ՝ բարձրացնելով աշխատավարձը կամ հատկացնելով բոնուսներ։

 

Գնահատեք աշխատակիցների արժանիքները և համապատասխան պարգևատրումներ հատկացրեք՝ հիմնվելով նրանց կատարողականի և արձանագրած արդյունքների վրա։ Այդպիսով դուք ցույց եք տալիս, որ աշխատավարձի բարձրացումները և խրախուսական պարգևավճարները կատարում եք աշխատակիցների աճին զուգընթաց։ Միաժամանակ ցանկալի չէ թեկուզ մոտիվացնելու նպատակով բոնուսներ հատկացնել այն աշխատակիցներին, ովքեր աչքի չեն ընկել արդյունավետությամբ։ Այդպիսով կնպաստեք ընկերության ներսում առողջ մթնոլորտի և վստահության ձևավորմանը, որտեղ բոլորը գիտեն, որ պարգևատրվելու են ըստ իրենց կատարած աշխատանքի։ 

 

 

Թիմբիլդինգ կազմակերպեք

Իրականացրեք միջոցառումներ՝ առանձին բաժինների աշխատակիցների կամ ամբողջ ընկերության շրջանակներում։ Հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեք աշխատավայրում կամ աշխատանքից դուրս։ Միասին ճաշելը կամ ընթրելը կարող է ոչ պաշտոնական միջավայրում շփվելու և աշխատակիցներին շնորհակալություն հայտնելու լավ տարբերակ լինել։ Գուցե նախընտրեք թիմով այցելել ցուցահանդես կամ գնալ զբոսանքի։ Այս հարցում ընտրությունը ձերն է, եղեք ստեղծարար և կազմակերպեք այնպիսի միջոցառում, որը կօգնի աշխատակիցներին միմյանց ավելի լավ ճանաչել ոչ ֆորմալ միջավայրում, կբարելավի միջանձնային հարաբերություններն աշխատակիցների և ղեկավար կազմի միջև։

 

Թիմային ոգու խթանումը և թիմի անդամների միջև դրական հարաբերությունների ձևավորումը նպաստում են այնպիսի աշխատանքային միջավայրի ստեղծմանը, որտեղ աշխատակիցներն իրենց հարմարավետ են զգում և ազատ կիսվում են իրենց գաղափարներով, խնդիրներին առաջարկում ստեղծարար լուծումներ և պատրաստակամ են հարկ եղած դեպքում աջակցել միմյանց։


Մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռեք

Թիմակիցների մասնագիտական աճի գործում ներդրում ունենալը ցույց է տալիս, որ դուք մտածում եք աշխատակիցների առաջընթացի մասին: Մտածեք ընկերության ներսում մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև առցանց դասընթացների և համաժողովների մասնակցության կամ ուսման վարձի փոխհատուցման համար վճար տրամադրելու մասին:

 

Տարբեր բաժինների մասնագետների կողմից գործընկերների համար պարբերաբար թրեյնինգներ անցկացնելն արդյունավետ և ոչ ծախսատար միջոց է, որը թույլ կտա աշխատակիցներին սովորել միմյանցից։ 


 

Հավաքագրումը սկսեք ընկերությունից

Թափուր հաստիքը զբաղեցնելու համար թեկնածու փնտրելիս սկսեք ձեր թիմակիցներից։ Առկա հաստիքի վերաբերյալ տեղեկատվությունը նախ տարածեք ընկերության ներսում։ Դա ցույց կտա, որ գնահատում եք ներկայիս թիմակիցներին, ցանկանում եք նրանց կարիերայի առաջընթացի և նոր բարձունքների հասնելու հնարավորություն տալ։ 

 

Հավաքագրումը կազմակերպության ներսում իրականացնելը շահավետ է նաև ընկերության համար, քանի որ այս դեպքում աշխատակիցներն ավելի հեշտությամբ են հարմարվում նոր պաշտոնին, և ընկերությունը լրացուցիչ ծախսեր չի կատարում՝ արտաքին հավաքագրման գործընթացի իրականացման համար:

 

Ժամանակ հատկացրեք թիմին

Որպես ղեկավար՝ ձեր առաջնահերթությունների մեջ ներառեք աշխատակիցների հետ պարբերական զրույցները ոչ լարված միջավայրում, օրինակ՝ մեկ բաժակ սուրճի շուրջ։ 

 

Աշխատակիցների կատարողականներին ծանոթանալիս ձեր անկեղծ կարծիքը հայտնեք արդյունքների վերաբերյալ, կիսվեք մտահոգություններով և առաջարկներով և անպայման ժամանակ թողեք՝ լսելու համար աշխատակցի կարծիքը։ Հետաքրքրվեք, թե նա ինչի կարիք ունի, արդյո՞ք կան աշխատանքին խոչընդոտող հանգամանքներ և ինչպես կարող եք աջակցել նրան՝ իր աշխատանքն ավելի լավ կատարելու հարցում։

 

Օրական նույնիսկ մի քանի րոպե թիմի կամ առանձին աշխատակիցների հետ զրուցելու արդյունքում կարող եք վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցել, ինչը կօգնի նրանց գնահատված զգալ թե՛ որպես անհատներ և թե՛ որպես աշխատակիցներ։

 

 

Կարևորեք աշխատակիցների կարծիքը

Բաց եղեք թիմակիցների կարծիքը լսելու համար։ Խրախուսեք նրանց, որ կիսվեն իրենց գաղափարներով և վստահ զգան տարբեր խնդիրներ բարձրաձայնելու և լուծումներ առաջարկելու հարցում։ 

 

Աշխատակիցների հետ հետադարձ կապի պահպանումը կարող եք իրականացնել տարբեր ձևաչափերով, օրինակ՝ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք տալ առանձին աշխատակիցների հետ անհատական հանդիպումների ընթացքում։ Եթե ցանկանում եք անկեղծ կարծիքներ ստանալ, ապա գուցե նպատակահարմար գտնեք պարբերաբար անանուն գրավոր հարցումներ անցկացնելը։ Եվս մեկ տարբերակ է թիմային հանդիպումների ժամանակ որոշակի հարցեր բարձրացնելը։


Աջակցեք աշխատանք - անձնական կյանք հավասարակշռության պահպանմանը

Աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը և աշխատողների կատարողականը սերտորեն կապված են միմյանց հետ։ Առողջ և հավասարակշռված աշխատանքային միջավայրի պահպանումը կարող է նվազեցնել աշխատանքային սթրեսը և կանխել մասնագիտական այրումը, ինչն էլ պայմանավորում է աշխատակիցների արդյունավետությունը և նվազեցնում մասնագետների կողմից այլ՝ պակաս լարված և հոգնեցուցիչ աշխատանքի որոնման հավանականությունը:

 

Որպես գործատու՝ աշխատակիցների աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության պահպանման նպատակով կարող եք սահմանել ճկուն աշխատանքային ժամեր, առաջարկել հեռավար աշխատանքի տարբերակ, հնարավորինս բացառել հաղորդակցությունը ոչ աշխատանքային ժամերին և այլն։

 

Այսպիսով, աշխատակիցներին ըստ արժանվույն գնահատելը կարևոր է կազմակերպության ներսում աշխատանքային դրական միջավայր ստեղծելու և  բիզնես նպատակների խթանման տեսանկյունից, քանզի գոհ աշխատակիցները միտված են գրանցելու հնարավոր լավագույն արդյունքները։ Աշխատակիցներին գնահատող կազմակերպության հեղինակություն ունենալն օգտակար կլինի նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավելու գործում։

 

You may like