Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Աշխատանքային գործընթացների ավտոմատացում

3/15/2021 | 2879 views

18-19-րդ դարերում սկսված Արդյունաբերական հեղափոխությունը շարունակվում է առ այսօր։ Եթե հնում մարդիկ զարմանում, երբեմն նաև՝ վախենում էին աշխատանքի մեքենայացումից, ապա հիմա մենք հետաքրքրությամբ սպասում ենք հերթական նորարարությանը, որը թույլ կտա ազատել ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։

Ազատված ժամանակը մենք ծառայեցնում ենք ստեղծագործական աշխատանքին և գաղափարների գեներացմանը, որոնք և դառնում են առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը։ 

Սա չի նշանակում, որ պայմանական ռոբոտները կխլեն մեր աշխատանքը, այլ հենց հակառակը․ այդ ռոբոտները կօգնեն կատարել միապաղաղ և մեխանիկական աշխատանքը, իսկ մենք կկարողանանք ավելի մեծ օգտակարություն ունեցող աշխատանք կատարել։

🔹 Ինչո՞ւ ավտոմատացնել աշխատանքը

Բիզնեսը դիմում է ավտոմատացմանը մի քանի պատճառով, որոնցից առանձնացնենք երկու ամենակարևորը՝ աշխատանքի արդյունավետություն և կոորդինացում։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին արդեն նշել ենք․ միապաղաղ աշխատանքի ավտոմատացման շնորհիվ գործընթացներն ավելի արդյունավետ են դառնում։

Իսկ ինչ վերաբերում է կոորդինացմանը, ապա տարբեր բաժիններում ու թիմերում աշխատող մարդկանց արած գործը կազմակերպելու համար օգտագործվում են ժամանակակից գործիքներ, որոնք թույլ են տալիս առանց ավելորդ գործողությունների տեսնել՝ ով ինչպես է աշխատում, ինչ փուլում է գտնվում աշխատանքը։ Սա բարձրացնում է կարգապահությունը և գործընթացներն ավելի կազմակերպված դարձնում։

Ավտոմատացումը մրցունակությունը պահպանելու և զարգանալու ամենաճիշտ ճանապարհն է։ Բարձր մրցակցության պայմաններում կազմակերպչական անգամ ամենափոքր հարցը կարող է որոշիչ լինել հաջողության համար։

🔹 Ինչպիսի՞ն պետք է լինի ավտոմատացման համակարգը

Անկախ բիզնեսի տեսակից և ոլորտից՝ համակարգի համար կան մի քանի պարտադիր կետեր։

Վիզուալացում՝ համակարգը պետք է վիզուալ ցույց տա աշխատանքի ընթացքը։ Իսկ արդեն գունավոր ու ընկերական պատկերների միջոցով, թե խիստ գծագրերի՝ ընտրում եք միայն Դուք։ Մարդկանց մեծ մասի մոտ լավ են զարգացած վիզուալ հիշողությունն ու պատկերային ընկալումը, այդ իսկ պատճառով առաջադրանքների, կատարված աշխատանքի ընթացքի մասին տեղեկատվությունը լավագույն տպավորվում է վիզուալ արտահայտման շնորհիվ։

Պարզություն՝ համակարգը պետք է օգնի Ձեզ ավելի արդյունավետ դարձնել գործընթացները, ազատի խառնաշփոթից։ Միայն պարզության ու տրամաբանված մոտեցման շնորհիվ է հնարավոր ունենալ լավ արդյունք, այդ իսկ պատճառով ուշադիր եղեք, որ ընտրված համակարգը պարզ ու մատչելի լինի։

Ամպային համակարգ՝ սա թույլ է տալիս հասանելություն ունենալ տարբեր վայրերից և համակարգիչներից, ինչը նշանակում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում գրասենյակ շտապելու կարիք չկա։ Ամպային համակարգն, անշուշտ, ժամանակակից աշխարհի լավագույն ձեռքբերումներից է։

Հաշվետվողականություն՝ սա ավելի շատ պետք է ղեկավար կազմին։ Համակարգերի մեծ մասն ունի պարբերական հաշվետվություններ կազմելու ֆունկցիոնալ, որը կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ փուլում են աշխատանքները։ Հաճախ հաշվետվություններն ուղեկցվում են գրաֆիկներով, վիճակագրությամբ։ Ձեռքը զարկերակին պահելով՝ հնարավոր է լինում խուսափել ավելորդ բարդություններից և ճիշտ ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Զուգահեռ աշխատանք՝ համակարգ ընտրելիս ուշադրություն դարձրեք համատեղ աշխատանքի հնարավորությանը։ Շատ կարևոր է, որ կարելի լինի աշխատել միաժամանակ մի քանի հոգով, թարմացումները հասանելի լինեն իրական ժամանակում։

🔹 Ո՞ւմ կարող է օգտակար լինել աշխատանքի ավտոմատացումը։

Սա ամենակարևոր հարցն է․ միգուցե Ձեզ դուր է գալիս ավոտամատացված աշխատանքը, բայց Ձեր բիզնեսին այն համապատասխան չէ։ Ինքնանպատակ քայլեր չանելու համար եկեք պարզենք, թե որ բիզնեսներին է համապատասխանում ավտոմատացումը։

▪ Արդյունաբերական ձեռնարկություններ՝ այն ամենը, ինչ կապված է պատվերների, արտադրության, հումքի գնման, առաքման և հաշվետվությունների հետ, ենթակա է ավտոմատացման։

▪ Հանքարդյունաբերություն՝ այստեղ գործ ունենք արդյունաբերության մեջ ներգրավված ավտոմատացված համակարգերի հետ, որոնք կնվազեցնեն մարդու առողջության համար վտանգավոր ռիսկերը։ Այստեղ կարևոր է նաև վերահսկման համակարգը, մանավանդ՝ աղտոտվածության մակարդակը հստակ պատկերացնելու համար։

▪ IT ընկերություններ՝ այստեղ ցանկացած կազմակերպական գործընթաց պետք է ավտոմատացնել՝ բացառելու համար շփոթմունքներն ու վրիպակները։

▪ Ծառայություններ մատուցող ընկերություններ՝ հաճախորդների հետ աշխատանք և փաստաթղթաշրջանառություն ունեցող ընկերությունների համար ավտոմատացման համակարգերը պարզապես անհրաժեշտություն են։

▪ Բանկային համակարգ՝ այստեղ, կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են։ Ավտոմատացված համակարգերն ապահովում են բացարձակ ճշգրտություն, օբյեկտիվություն, հասանելիություն և անվտանգություն։

▪ Տվյալների հետ աշխատող ընկերություններ՝ մեծածավալ տվյալների հետ աշխատանքը պարզապես անհնար է կատարել «ձեռքով», անհրաժեշտ են մանրամասն մշակված ու ավտոմատացված համակարգեր։

Սա, իհարկե, ոլորտների և ուղղությունների ամբողջական ցանկը չէ, և կարող են լինել առանձին դեպքեր, երբ բիզնեսի այս կամ այն աշխատանքը կազմակերպելու համար պետք կգան ավտոմատացված համակարգեր։

🔹 Ի՞նչ առավելություններ ունի ավտոմատացման համակարգը

Եվ, ամենակարևորը, ի՞նչ առավելություններ ունեն ավտոմատացման համակարգերը, որոնց շնորհիվ անփոխարինելի են դառնում։

  • Տվյալների արագ մշակում
  • Ընթացիկ հարցերի արագ լուծում
  • Աշխատանքի որակի բարձրացում
  • Աշխատանքի կազմակերպչական հարցերի օպտիմալացում
  • «Ձեռքով» մեխանիկական աշխատանքի նվազեցում
  • Վրիպակների և սխալմունքների բացառում
  • Որոշումների կայացման ընթացքի արագացում

Մենք կարծում ենք, որ ավտոմատացման համակարգերը նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսների համար՝ թույլ տալով ունենալ առավել կազմակերպված և դրական միջավայր։ Իսկ աշխատակիցները, ստանալով միապաղաղ աշխատանքից ազատություն, հնարավորություն են ունենում ստեղծել ամենամեծ արժեք ունեցող պրոդուկտը՝ գաղափարը։

You may like