Get our free app. It won't take up space on your device
Ժամանց

Խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել սթրեսը

11/16/2020 | 2863 views

Մենք ապրում ենք մեր պետության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, երբ ամեն հաջորդ օրը կարող է բերել նոր վտանգներ, նոր հիասթափություններ։ Ցավոք, ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես մենք սպասում էինք։ Եվ սա խորապես մտահոգող ու ապամոտիվացնող իրողություն է։

Միևնույն ժամանակ՝ մենք մեծ պարտք ու պատասխանատվություն ունենք մեր վիրավոր պետության առաջ, և հենց մեզնից է կախված՝ որքան շուտ մենք կամրանանք, որքան ուժեղ կդառնանք ու ինչ ճանապարհով կգնա ամեն ինչ։

Այս դժվար ու բեկումնային պահին պետք է կարողանալ ուժ գտնել՝ պայքարելու, պաշտպանելու, շենացնելու համար։ Հիմա բոլորիս է դժվար, կարծես մի անվերջանալի թմբիր լինի, որն ընդհատվում է ռազմական ինքնաթիռների թռիչքների ձայներով, շտապօգնության շչակներով ու մարդկանց շշուկներով։

Հիմա, երբ պետք է նոր ուժերով ու նոր եռանդով կառուցել պետությունը, մենք պետք է կարողանանք անել առավելագույնը՝ միևնույն ժամանակ հիշելով չվնասելու, չվտանգելու կարևոր սկզբունքը։

Ի՞նչ է դա նշանակում․ մենք կարծում ենք, որ պետք է աշխատենք ու զարգացնենք այն ոլորտները, որոնցում մենք մասնագիտացած ենք, որոնց մենք տիրապետում ենք՝ զերծ մնալով ոչ պրոֆեսիոնալ ռազմաքաղաքական վերլուծություններից ու կոչերից, որոնք կարող են որոշակի վտանգներ պարունակել։ Մեր ողջ թիմը գիտակցում է «ամեն մեկն իր տեղում» լինելու կարևորությունն ու պահպանում է այդ մոտեցումը։

Աշխատանք էմոցիաների հետ

Սա առաջին, բայց ամենադժվար քայլն է, քանի որ լուրջ և խորը աշխատանք է պահանջում։ Մենք պետք է սովորենք վերլուծել մեր էմոցիաները, հասկանանք առաջացման պատճառներն ու դրանց հետ աշխատանքի մեխանիզմները։

Անգամ խաղաղ պայմաններում մենք ունենում էինք բազմապիսի բացասական էմոցիաներ, բայց կարողանում էինք շրջանցել դրանք զբոսանքով, սրճարաններում ուրախ ժամանցով ու կինոդիտումներով։ Հիմա այդ տարբերակներն առաջին հայացքից անընդունելի են, բայց դա սխալ ուղի է։ Մեզ անվերջ մեղադրելով ու պատժելով ոչ մի օգուտ չենք տալիս ո՛չ մեզ, ո՛չ պետությանը։

Լավագույն տարբերակը խարիսխ մտքեր ձևավորելն է։ Խարիսխ կարող ենք կոչել այն մտքերը կամ զբաղմունքները, որոնք օգնում են մեզ շեղվել բացասականից և թույլ չեն տալիս պրոստրացիայի մեջ հայտնվել: Սա աշխատատար է, բայց արդյունավետ։

Տեղեկատվության զտում

Հիմա տեղեկատվության ահռելի ծավալներ են շրջանառվում, որոնց մեծ մասը կամ ապատեղեկատվություն են պարունակում, կամ սիրողական վերլուծություններ են։ Պետք է միանշանակ զտել այն, ինչ մենք սպառում ենք տեղեկատվության տեսքով։ Այդ նպատակով առաջարկում ենք հետևել 1-2 լրատվականների, սոցցանցերից առժամանակ հեռացնել կամ դադարել հետևել այն օգտատերերին, ովքեր չափազանց մեծ քանակությամբ նյութեր են հրապարակում։ 

Եկեք արձանագրենք, որ ոչ բոլոր նորություններն ու տեսանյութերն են կարևոր անձամբ մեզ համար։ Առաջնային կարևորության նյութերը կհասնեն մեզ, իսկ այն, ինչ կարելի է բաց թողնել, պետք է բաց թողնել։ Սա կօգնի խնայել նյարդեր և ժամանակ։

Կենտրոնացվածություն աշխատանքի վրա

Շատ դեպքերում, երբ կյանքում մենք որոշ դժվարություններ ենք ունենում, աշխատանքը դառնում է այն կետը, որն օգնում է մեզ ազատվել բացասականից և շեղվել։ Հիմա, պայմանավորված պատերազմով, հետպատերազմական լարվածությամբ ու ներքաղաքական ճգնաժամով, աշխատանքն էլ որոշ առումներով կանգ է առել։

Եթե զգում եք, որ ձեր ներքին հանգստության և ներդաշնակության համար պետք է աշխատել, կարող եք ողջ ներուժն ուղղել մասնագիտական նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման վրա։ Խորացե՛ք մասնագիտության մեջ, կատարելագործվեք որպես մասնագետ։ Այսպես և՛ դուք կհաղթահարեք ձեր անձնական ճգնաժամը, և՛ կօգնեք պետությանը դուրս գալ ճգնաժամից, չէ՞ որ բարձրակարգ մասնագետների դերը շատ մեծ է այս գործում։

Նոր մասնագիտություն

Գիտենք՝ հիմա սա ամենավերջին բանն է, որ կարող է մարդկանց հետաքրքրել, բայց միակ ելքը նոր մասնագիտություններ ստանալն է, նոր ճյուղերով զարգանալը, ինչը կօգնի մեզ առաջ գնալ։ 

Նոր մասնագիտության վրա կենտրոնացումը կօգնի ձեզ կտրվել սթրեսից, նոր ուժեր ու նոր մոտիվացիա ստանալ, ինչը մեծագույն խթանն է առաջընթացի համար։

Մենք իսկապես հուսահատվելու ժամանակ չունենք, աշխարհը շատ արագ քայլերով է զարգանում, մենք պետք է կարողանանք հասնել և համընթաց շարժվել։ Ուժեղ է նա, ով հավատում է իր ուժերին ու անդադար աշխատում՝ դառնալով պետության ամուր հենարան ու սյուն։

You may like