Ինչպե՞ս բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան. 5 մարտավարություն
Ինչո՞ւ է մոտիվացիան կարևոր
Հայաստանյան աշխատաշուկայում բարձր մոտիվացվածությունը չի դիտարկվում խիստ անհրաժեշտություն: Որպես կանոն՝ մարդիկ աշխատանքը համարում են ապրուստ վաստակելու միջոց, ընտրում են այնպիսի հաստիքներ, որոնց բավարարում է իրենց գիտելիքն ու հմտությունները և անցնում աշխատանքի՝ առանց ինչ-որ ակնկալիքների, պարզապես հանձնարարություններ կատարելու և աշխատավարձ ստանալու համար: Հազվադեպ ընկերություններ են, որ կարևորում են աշխատակցի մոտիվացվածությունը:
Մոտիվացված աշխատակիցներն առավել արդյունավետ են, ավելի շատ ջանք են ներդնում աշխատանքի մեջ:
Մոտիվացիայի բացակայությունը վատ է անդրադառնում ընդհանուր թիմի վրա: Նա, ով հետաքրքրված չէ աշխատանքով, հաճախ արժեզրկում է մյուսների մոտիվացիան, ինչ-որ չափով ծաղրում, համարում, որ ավելի հասուն է, եթե չի ոգեշնչվում աշխատանքով: Վատ օրինակը վարակիչ է, և եթե ճիշտ պահին ցածր մոտիվացիա ունեցող աշխատակցի հետ չքննարկեք նրա վարքը, կարճ ժամանակ անց կարող եք նկատել, որ ունեք աշխատանքը չսիրող աշխատակիցների մեծ թիմ:
Մոտիվացված աշխատողները վայելում են ղեկավարության վստահությունը, չէ՞ որ նվիրված են աշխատանքին և կողմնորոշված են դեպի լավ արդյունք, ինչը թույլ է տալիս Ձեզ ազատվել անդադար վերահսկողության անհրաժեշտությունից:
Աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման 5 մարտավարություն
Անհնար է աշխատակիցներին մեկ ակնթարթում դարձնել մոտիվացված, ներգրավված ու աշխատանքով հետաքրքրված: Այդպիսի արդյունքի համար պետք է երկար ու նպատակաուղղված աշխատանք տանել:
Կարելի է փորձել ինչ-որ գործողություններ կատարել՝ ամբողջ թիմով գնալ քաղաքից դուրս, ուրբաթ երեկոյան կինո գնալ, բոնուսային համակարգ ներդնել, բայց արդյունք չստանալ, քանի որ չկա հստակ սահմանված մարտավարություն: Դուք պետք է վերհանեք խնդիրները, մշակեք ամեն խնդրի հետ աշխատանքի մարտավարությունը և հետամուտ լինեք կատարմանը: Այս հարցում Ձեզ մեծապես կարող են օգնել ՄՌ մասնագետները:
Աշխատակիցը չպետք է իրեն մանր մարդ զգա Ձեր մեծ բիզնեսի մեջ: Նա պետք է լինի կոլեկտիվի լիիրավ անդամ: Ստեղծեք այնպիսի միջավայր, որ աշխատակիցը չվախենա մասնակցել որոշումների ընդունմանը, բազմաթիվ հարցերի քննարկմանը:
Աշխատակիցներին մոտիվացնելու համար պետք է ցույց տալ, որ գնահատվում են ոչ միայն նրանց մասնագիտական որակները, այլ նաև կարծիքը, միտքը, առաջարկությունները, գաղափարը: Պարբերաբար ու անմիջական ժողովները կարող են լուծել այս հարցը:
Փորձեք Ձեր աշխատակիցների բառապաշար մտցնել թիմ, թիմային աշխատանք, միասնականություն, ընդհանուր նպատակ բառերը: Թող Ձեր աշխատակիցները չվախենան շփվել թե՛ Ձեր, թե՛ թիմի մյուս անդամների հետ: Հավասար եղեք բոլորի հետ, անգամ եթե կան նախընտրելի աշխատակիցներ, դա ոչ ոք չպետք է զգա: Չկա ավելի հիասթափեցնող զգացում, քան երբ ղեկավարը նախապատվությունը տալիս է մեկ աշխատողի, անընդհատ միայն նրան գովում ու նկատում:
Նպատակների մասին խոսելն աշխատակիցների հետ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը 12-15%-ով: Քննարկեք նաև ընթացքը, պարբերաբար անդրադարձեք արդյունքներին, թող թիմի անդամները զգան դինամիկան:
Ղեկավարները հաճախ մոռանում են շփման մասին և սահմանափակվում միայն գործնական առաջադրանքների քննարկմամբ: Շատ կարևոր է որ հենց Դուք զրուցեք աշխատակիցների հետ, հասկանաք՝ ինչն է նրանց մտահոգում, ինչն է ազդում նրանց արդյունավետության վրա: ՄՌ մասնագետն, ընդհանուր առմամբ, զբաղվում է նման հարցերով, բայց երբեք պետք չէ բացառել «փչացած հեռախոսի» էֆֆեկտը, միշտ էլ հնարավոր են թյուրըմբռնումներ, անձնական համակրանք և այլ հանգամանքներ: Մանավանդ, եթե նկատել եք, որ թիմում կան հավելյալ մոտիվացիայի կարիք ունեցող մարդիկ, պետք է անպայման զրուցեք նրանց հետ:
Փորձեք հասկանալ՝ արդյոք նրանք ներգավված են աշխատանքի մեջ: Ըստ պատասխանների՝ կհասկանաք, թե ինչ խնդիրներ կան, ինչպես է կարելի դրանք լուծել: Զրույցի ժամանակ պետք է խոսելու հնարավորություն տալ աշխատակիցներին, ուշադիր եղեք, որ չվերածեք փոքրիկ հանդիպումը Ձեր մենախոսության: Պարբերաբար հանդիպումները հնարավորություն են տալիս հասկանալ, թե երբ առաջացավ խնդիրը, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ գործել:
Զրույցներից բացի, պետք է նաև անանուն կարծիք հայտնելու հնարավորություն ստեղծեք: Ի դեպ, եթե զրույցների ընթացքում ոչ ոք չի դժգոհում, չունի մտահոգություններ, իսկ անանուն կարծիքները միայն բացասական են, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ եք անում, չեք ստեղծել վստահության մթնոլորտ:
Հավաքված կարծիքները պետք է մղեն Ձեզ քայլերի, փոփոխությունների, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Դուք չեք էլ կարդացել կարծիքները, այլ ֆորմալ ինչ-որ բան եք արել:
Աշխատակիցների բարձր մոտիվացիան մեծ հնարավորություններ է ստեղծում ղեկավարի համար: Դուք պետք է հիշեք, որ այն, ինչ կոչում եք մոտիվացիա, աշխատակիցներն անվանում են երջանկություն, քանի որ կարողանում են իրենց լիարժեք զգալ:
You may also like