Ամենապահանջված մասնագետները և միջին աշխատավարձը տարբեր հաստիքների համար․ Job.am-ն ամփոփել է 2025-ի հայաստանյան աշխատաշուկան
Անցած 2025 թվականի ընթացքում Job.am հարթակը շարունակել է տեղադրել հազարավոր հաստիքների հայտարարություններ՝ օգնելով մասնագետներ փնտրող կազմակերպություններին և աշխատանք փնտրող անհատներին գտնել միմյանց։ Ձեզ ենք ներկայացնում հարթակի անցած տարվա ցուցանիշները՝ ամենապահանջված մասնագիտություններից և ամենաշատ հաստիքներ առաջարկող գործատուներից մինչև աշխատանքի որոնման ամենաակտիվ շրջանը և ամենաշատ աշխատատեղերը՝ ըստ քաղաքների։
Ամենապահանջված ոլորտները
Անցած տարի հարթակում գործատուների կողմից ամենապահանջված հաստիքների շարքը, ինչպես 2024-ին, այնպես էլ 2025-ին գլխավորում է վաճառքի և առևտրի ոլորտը։ Պահանջված են եղել նաև մասնագետները հաճախորդների սպասարկման ոլորտում։ Ադմինիստրատիվ, գրասենյակային աշխատանքի և հաշվապահության ու աուդիտի, ինչպես մենեջմենթի պաշտոնները շարունակում են ամենաշատ մասնագետներ պահանջած ոլորտների ցանկը։ Քիչ չեն եղել նաև հաստիքները արտադրության, լոգիստիկայի, ինչպես նաև ռեստորանային և հանրային սննդի ոլորտներում։
Միջին աշխատավարձը՝ ըստ մասնագիտությունների
Ըստ հարթակի տվյալների՝ անցած տարում միջին աշխատավարձը վաճառքի մենեջերի հաստիքի համար կազմել է 399․692 դրամ, անշարժ գույքի գործակալի աշխատանքը ամսական միջինում գնահատվել է 312․875 դրամ, իսկ մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար առաջարկվել է 450․000 դրամ։ Ավագ, հաշվապահի, ինչպես նաև հաշվապահ-հաշվետարի պաշտոնի համար առաջարկվել է միջինում 352․500 դրամ աշխատավարձ, իսկ հաշվետարի միջին աշխատավարձը կազմել է 193․000 դրամ։ 150․000-180․000 դրամ աշխատավարձ նախատեսվել է գանձապահ-վաճառողի, խորհրդատու վաճառողի, խորհրդատու-գանձապահի աշխատանքների համար։ 200․000-250․000 դրամ և ավելի աշխատավարձ առաջարկվել է առաքիչի, վարորդ-առաքիչի, SMM մասնագետի, ակտիվ վաճառքի մասնագետի, շինանյութի վաճառքի մասնագետի, բուժքրոջ, գնումների մասնագետի հաստիքների համար։
Ինչպես է փոխվել մասնագետների պահանջարկը մեկ տարվա ընթացքում
2024 թվականի հետ համեմատության մեջ նկատվում է ամենապահանջված հաստիքների քանակի աճ։ Այսպիսով, առևտրի և վաճառքի ոլորտում 2024-ի համեմատ գրանցվել է հաստիքների թվի աճ՝ շուրջ 25%-ով։ 2024-ի համեմատ 2025-ին հաճախորդների սպասարկման ոլորտում առաջարկվող հաստիքների թիվն ավելացել է 37%-ով, ադմինիստրատիվ, գրասենյակային աշխատանքի հաստիքներինը՝ 7%-ով։
Ավելի քան 100%-ով աճել է գործադիր և մենեջմենթի ոլորտներում թափուր աշխատատեղերի հայտարարությունների քանակը։ Աճի միտումը շարունակվել է նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բանվորական և սանիտարական, բանկային և ֆինանսների, նախագծի կամ պրոդուկտի կառավարման ոլորտները։
Անդրադառնանք այն ոլորտներին, որոնցում թափուր աշխատատեղերի քանակը նվազել է։ Այսպիսով, մասնագետների պահանջարկը մեր հարթակում նվազել է գովազդի, մարքեթինգի և PR ոլորտներում (16%), հաշվապահության և աուդիտի ոլորտում (4%) ինչպես նաև ռեստորաններում և հանրային սննդի կետերում (2%)։
Ամենապահանջված հաստիքները
2025-ին ամենապահանջված հաստիքների ցանկը գլխավորում են հաշվապահները։ Ամենաշատ թափուր հաստիքներ հրապարակվել են նաև վարորդ-առաքիչների, վաճառքի մենեջերների և շուկայի զարգացման պատասխանատուների համար։
Ամենաակտիվ գործատուները
Հարթակում հրապարակած թափուր աշխատատեղերի քանակով անցած տարում առաջատարներն են եղել Հայաստանում խոշորագույն կառուցապատող Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը։ Ցանկը շարունակում են Evolution Studio AM, Աթենք ՍՊԸ, Homplex Hyper Mall, «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունները։
Հավաքագրման ամենաակտիվ ամիսները
Ամենից շատ հայտարարություններ տեղադրվել են հուլիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: 2024-ի համեմատությամբ՝ բոլոր ամիսներին նկատվել է հայտարարությունների քանակի աճ, ընդ որում ամենաբարձր աճը գրանցվել է հունվար, մայիս և հուլիս ամիսներին։ 2025-ի ամենաակտիվ ամիսներին ծանոթացեք ստորև։
Ամենաշատ թափուր հաստիքները՝ ըստ բնակավայրերի
Ըստ աշխատատեղերի քանակի, ինչպես նախորդ տարիներին, մայրաքաղաք Երևանը կրկին առաջատարի դիրքում է։ Երևանին հաջորդում է Աբովյանը, ինչը որոշակիորեն պայմանավորված է նաև մայրաքաղաքին մոտ գտնվելու հանգամանքով։ Ցանկը շարունակում են Գյումրին, Վանաձորը, Մասիսը, Աշտարակը և Արմավիրը։ Անցած տարում հարթակում տեղադրվել են նաև հարյուրից ավելի հեռավար աշխատանքի հայտարարություններ։
Ամենատարածված աշխատանքային գրաֆիկները 2025-ին
Հավելենք, որ Job.am-ն ուսումնասիրել է նաև հարթակում հրապարակված աշխատատեղերի առաջարկած աշխատանքային գրաֆիկները։ Այսպիսով, ամենապահանջվածը վեցօրյա (51%) և հնգօրյա (40%) աշխատանքային գրաֆիկներն են։ Աշխատատեղերի մոտ 95%-ը նախատեսել են լրիվ դրույքով զբաղվածություն։ 2-ական տոկոս են կազմել կես դրույքով և ճկուն գրաֆիկով հաստիքները։
Ամենապահանջված փորձառության մակարդակները
Ինչպես 2024-ին, այնպես էլ 2025-ին ամենապահանջվածը եղել են միջին մակարդակի մասնագետները՝ մոտ 40%, իսկ փորձառու և սկսնակ մասնագետների պահանջարկը եղել է 27% և 19% համապատասխանաբար։ Մոտ 13% աշխատատեղերի համար դիմորդներից փորձ չի պահանջվել։
You may also like