1. Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր աշխատակիցը:
Յուրաքանչյուր հաստիք ունի իր պահանջները և որակավորումը: Շատ բաժիններ ունենք` ՄՌ, Մարքեթինգ, խորհրդատու վաճառող: Բայց որպես ընդհանուր հատկանիշներ, կարևորվում են պատասխանատվության մեծ զգացումը, ճշտապահությունը, նվիրվածությունը և սերը աշխատանքի հանդեպ: Ցանկացած բան, որի հիմքում սեր կա, ավելի հեշտ է ստացվում: Աշխատակցի նվիրվածությունը աշխատանքին բխում է և’ գործատուի և’ աշխատակցի շահերից:
2. Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը: Ունի՞ արդյոք աճելու միտում:
Քանի որ պատրաստվում ենք ցանցը ընդլայնել, բացելու ենք նոր խանութ – սրահներ, որոնց համար արդեն անհրաժեշտ կլինեն նոր աշխատակիցներ:
3. Ինչպիսի՞ միջոցառումներ եք կազմակերպում Ձեր աշխատակիցների համար:
Այո’, կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանը: Օրինակ` ամեն տարի ունենում ենք “Տարվա Լավագույն Աշխատակից”, որը ամբողջ տարվա ընթացքում կարգապահ ու պարտաճանաչ կերպով է հաճախել աշխատանքի` առանց ուշացումների ու բացակայությունների: Տարվա վերջում սերտիֆիկատներ և նվերներ ենք հանձնում բոլոր այն աշխատողներին, որոնք աշխատանքի ընթացում իրենց լավագույնս դրսևորել են: Նախորդ տարի ունեցանք “Տարվա լավագույն վաճառող”, որին շնորհվեց Տաթև-Ծաղկաձոր հանգստյան փաթեթ: Իսկ արդեն Ամանորին ընդառաջ ունենում ենք տոնական միջոցառումներ, օրինակ` Secret Santa, և կորպորատիվ հավաքույթներ: “Դրական” և “բացասական” արկղիկներ ունենք աշխատակիցների համար, և ամսվա վերջում մրցանակ է ստանում նաև “Ամսվա Դրական Աշխատակիցը”:
4. Աշխատակից ընդունելիս` կա՞ արդյոք ինչ-որ մեխանիզմ, որ վեջինս ավելի հեշտ ընտելանա աշխատանքային պրոցեսին:
Ոչ, առանձնահատուկ որևէ բան չկա, բայց կարծում եմ, որ ամենակարևորը թիմի գործոնն է: Թիմից է կախված աշխատակցի շուտ ներգրավումը:
5. Աշխատակազմի ղեկավարման Ձեր ռազմավարության մեջ կա՞ արդյոք ինչ-որ քայլ, որը առավել համախմբված է պահում թիմը:
Կարծում եմ, որ աշխատանքից դուրս թիմային հանդիպումները առանցքային դեր ունեն ոչ միայն աշխատակիցների, այլև բաժնի ղեկավարների համար: Սեփական փորձից ասեմ, որ այդ տեսակ հանդիպումները լավ են անդրադառնում նաև աշխատանքային պրոցեսի վրա:
6. Ինչպե՞ս է, ըստ Ձեզ, աշխատակազմը արձագանքում աշխատելու ոճի փոփոխություններին:
Ցանկացած միջավայրում նորույթներին ադապտացվելը դժվար է տրվում: Այս դեպքն էլ բացառություն չէ: Որոշումների մի մաս քննարկվում է աշխատակիցների հետ, եթե անմիջապես կապված է նրանց հետ: Եթե նրանք էլ գիտակցում են, որ փոփոխությունը կնպաստի ավելի լավ արդյունքին, ապա հարմարվելը միայն ժամանակի հարց է: Եթե պետք է հաստիքների փոփոխություն լինի, ապա համապատասխան աշխատակիցներին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցվում է այդ մասին:
7. Ինչու՞ աշխատել Ձեզ մետ:
Ինքնագովազդից հնարավորինս խուսափելով` ասեմ, որ Baldinini-ն շատ դրական ընկերություն է և իր աշխատակիցներին շատ բան է առաջարկում: Ամենակարևորն այն, է որ այստեղ աշխատելը հեռանկարային է: Երբ մենք ունենում ենք մենեջերի թափուր հաստիք, մենք ոչ թե դրսից ենք կադր բերում, այլ մեր աշխատակցին ենք ընտրում: Այսինքն կարիերա կառուցելու հնարավորություն ենք տալիս` խանութ-սրահից հասցնելով մինչև գրասենյակ: Այս ընկերությունում աշխատելու մյուս առավելությունների մասին կփաստեն մեր աշխատակիցները: