Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն աշխատաշուկայում համավարակի ավարտից հետո

3/30/2021 | 794 views

Այս ամենն իրողություն է, որին պետք է հարմարվել և հաշվի առնելով նոր պայմաններն՝ ադապտացվել և առաջ շարժվել։

✔ Նոր իրականությունը ազդել է բոլոր ոլորտների վրա, ձևափոխել է աշխատաշուկան, և այն այլևս առաջվանը չի լինի։ Այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ, բայց այսօր մենք որոշել են ձեզ ներկայացնել «Яндекс» ընկերության սերվիսների ռազմավարական մարքեթինգի տնօրեն Անդրեյ Սեբրանտի կարծիքը։

Հարցազրույցների ժամանակ նա բազմիցս անդրադարձել է մասնագիտությունների տրանսֆորմացիայի հարցին՝ նշելով, որ դա է աշխատաշուկայում կենսունակ և պահանջված լինելու միակ տարբերակը։ Պետք է մտածել ապագայի մասնագիտությունների մասին, առաջ նայել, ծանոթանալ առաջատար ընկերությունների փորձին և այդ տվյալների հիման վրա ընտրել մասնագիտությունը, հակառակ դեպքում մեծ է վտանգը ստանալ ժամանակավրեպ մասնագիտություն։

Սեբրանտը համադրում է երկու կարևոր գործոն՝ տեխնոլոգիական առաջընթացն ու համավարակի ազդեցությունը։ Աշխատանքում շատ բաներ ավտոմատացվել են, մի մասն էլ ավտոմատացման ակտիվ փուլում է, և եթե մենք մի պահ վախենում էինք ռոբոտներից, ապա հիմա, երբ զգացինք լուրջ ու ծանր հիվանդության վտանգը, փոխեցինք մեր վերաբերմունքը։ Փորձը ցույց է տալիս, որ պետք է ավտոմատացնել այն բոլոր գործընթացները, որոնք հնարավոր է։

Այսպիսի դինամիկ փոփոխություններին դիմակայելու և դրանցից չընկճվելու համար պետք է լինել ճկուն։ Սերբանտն ուրախ է, որ նոր սերունդը չի պատրաստվում ամբողջ կյանքը նվիրել մեկ մասնագիտության և ծերանալ նույն հաստիքում։ Նոր աշխարհի մարդիկ հաճույք են ստանում նորույթներից, նրանք ցանկանում են ապրել մի քանի մասնագիտական կյանք։ Երիտասարդ սերնդի ճկունությունը հենց առաջընթացի գլխավոր շարժիչն է։

Մոտ ապագայում մենք կտեսնենք, որ աշխատակիցները հեշտությամբ անցնում են ընկերությունից ընկերություն, մասնագիտանում նոր ուղղություններով և կատարելագործում գիտելիքներն ու հմտությունները։ Սա ամբողջությամբ փոխում է աշխատաշուկայի կանոնները, հետևաբար՝ փոխվելու են թեկնածուներին ներկայացվող պահանջները, թիմերի աշխատելաոճն ու ընկերությունների արժեհամակարգերը։

Ինչ վերաբերում է մասնագիտությունների վերացմանը, ապա այստեղ Սեբրանտն ունի հետաքրքիր կարծիք՝ վերանալու են ձանձրալի ու միապաղաղ աշխատանքները, իսկ մի մասը կրելու է լուրջ տրանսֆորմացիա։ Վերացման ամենամեծ վտանգն ունի, օրինակ, հաշվապահությունը, քանի որ հաշվապահի գործառույթների մեծ մասը կարելի է իրականացնել տեխնոլոգիաների միջոցով։

Օրինակ՝ SMM մասնագետը պետք է ձեռք բերի նոր մասնագիտացում, խորացնի գիտելիքներն, օրինակ, SMM անալիտիկայի մեջ։ Տարիներ առաջ պահանջարկ ունեցող ծրագրավորողը, ով կարողանում էր HTML կոդ գրելով ու մի քանի նկար ստանալով կայք ստեղծել, պետք է լիարժեք տիրապետի նոր լեզվի կամ գնա վեբ դիզայնի ուղղությամբ, քանի որ նրա գիտելիքները հնանում են, նվազում է նրա մրցունակությունը։ Առհասարակ, ծրագրավորման մեջ շատ բաներ կավտոմատացվեն։ Առկա շտեմարաններից գոյություն ունեցող կոդի շնորհիվ ծրագիր կկարողանա գրել նաև մեքենան, այստեղ մարդու դերը նվազում է, մարդիկ պետք են այնտեղ, որտեղ նոր բաներ են ստեղծվում, նոր գաղափարներ գեներացվում։ Մարդիկ պետք է սովորեն աշխատել խելացի ալգորիթմների հետ։

Սեբրանտի գնահատականով՝ անվտանգ գոտում են գիտությունն ու մենեջմենթը։ Եթե, իհարկե, մենեջերները պատրաստ կլինեն հարմարվել նոր իրականությանը և իրենց կյանք թողնել տեխնոլոգիաները։

Կան շփում պահանջող մասնագիտություններ․ բժիշկները, ուսուցիչները, վաճառքի մասնագետները պետք է կենդանի շփվեն իրենց լսարանի հետ։ Առնվազն, մենք բոլորս այդպես էինք կարծում մինչև Covid-19-ը։ Այժմ մենք տեսանք հեռավար իրականացվող դասեր, ինչը նշանակում է, որ մասնագիտական տրանսֆորմացիան ակտիվ փուլում է։ Քիչ-քիչ վերանում են մասնագիտական սահմանափակումներն ու արգելքները։ Նոր իրականությունը պահանջում է, որպեսզի բժիշկները կարողանան խորհրդատվություն իրականացնել հեռավար, ուսուցիչներն դասավանդեն տարբեր հարթակների միջոցով, նույնը նաև վաճառքի մասնագետների դեպքում։ Ստացվում է, որ համավարակը պարզապես բարձրացրել է այսպիսի մասնագիտությունների որակական չափանիշները։ Լավ ուսուցիչը պետք է կարողանա գրավել աշակերտների ուշադրությունն ու պահել այն, պետք է կարողանա բացատրել նյութը։ Այստեղ արդեն երկրորդական է՝ իրակա՞ն դասարան է, թե՞ Zoom: Ինչպես արդարացիորեն նկատում է Սեբրանտը, մարդիկ հաճախ դժգոհում են այն փաստից, որ ստիպված են սովորել նոր գործիքներ, ձեռք բերել նոր հմտություններ, այնինչ մրցունակ ու պահանջված լինելու և առաջ շարժվելու միակ  տարբերակը դա է։

Համավարակը նաև ցույց տվեց, որ հեռավար աշխատանքը ոչ միայն հնարավոր է, այլ նաև նախընտրելի ինչպես աշխատակիցների, այնպես էլ բազմաթիվ բիզնեսների համար։ Բարդ ֆինանսական իրավիճակը ստիպում է օպտիմիզացնել ամեն հնարավոր բան, իսկ հեռավար աշխատանքը հիանալի տարբերակ է խնայել գրասենյակների վարձակալության, աշխատավայրի սպասարկման վրա։

Սեբրանտն անդրադարձել է նաև Microsoft-ի և The Future Laboratory-ի կազմած ցուցակին, որով նրանց նշում էին ապագայի մասնագիտությունները։ Այս ցուցակում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր մասնագիտություններ, որոնք, ինչպես նշեց Սեբրանտը, մի քանի տարուց պահանջված կլինեն, այսպես որ պետք է նայել դրանց ուղղությամբ։

Ահա այսպիսի տեսք ունի ցանկը՝

◾ Վիրտուալ իրականության դիզայներ
◾ Ռոբոէթիկայի փաստաբան
◾ Մշակույթի digital մասնագետ
◾ Բիոհաքեր
◾ Թվային իրերի տվյալների վերլուծաբան
◾ Տիեզերական զբոսավար
◾ Անձնական տվյալների կուրատոր
◾ Շրջակա միջավայրի վերականգնման մասնագետ
◾ Սնուցման կայուն համակարգերի մասնագետ
◾ Մարդկային մարմնի դիզայներ


Ցուցակն, իհարկե, զարմանալի է, բայց եկեք չմոռանանք, որ ընդամենը տարիներ առաջ մարդկանց համար համացանցը հեռախոսի մեջ անհաս երազանք էր թվում։

Մենք կարծում ենք, որ այս գիտելիքները կօգնեն ձեզ ավելի լայն նայել աշխարհին և ապագային, ինչը կօգնի գտնել մասնագիտության լավագույն ուղին և բարձրացնել կյանքի մակարդակն այնպես, ինչպես դուք եք դա ցանկանում։

You may like